Օրինաչափ է, որ նման իշխանության պայմաններում այսօր կալանավորված են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հիմնական ղեկավարները: Բացի այն, որ դա օրվա իշխանությանը բնորոշում է որպես բռնատիրական և հակաժողովրդավարական, կալանքը վերածվել է հասարակությանը ահաբեկելու, ռեպրեսիվ տեռորի ենթարկելու, անհամաձայնության ցանկացած դրսևորում խեղդելու միջոց:
Ցանկացած նորմալ իրավաբան կբացատրի, որ կալանքը խափանման ծայրահեղ միջոց է, որը կիրառվում է, եթե կան հիմնավոր կասկածներ, որ մեղադրվող(ներ)ը կարող է խուսափել քննությունից, օրինակ՝ փախչել կամ խոչընդոտել քննության ընթացքին կամ ազդել այդ ընթացքի անաչառության վրա: Դա՝ իրավական տեսանկյունից:
Մինչդեռ Հայաստանում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, առավել ևս՝ վերջին 2-3 տարիներին կալանքը վերածվել է շատ կոնկրետ քաղաքական պատժիչ «գործիքի»: Բութ «գործիքի»: Կալանքը ժամանակակից Հայաստանում դադարել է իրավաքննչական կամ դատաիրավական երևույթ լինելուց, այն վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիքի:
Կալանքը Փաշինյանի իշխանության համար դարձել է ընդդիմադիր գործիչներին ոչ միայն հալածելու, հնարավորինս լռեցնելու, կաշկանդելու, այլև խոշտանգելու միջոց:
Կարդացեք նաև
Ինչի մասին է խոսքը, եթե իշխանությունը հրահանգում է անկողնային հիվանդին պատգարակով քարշ տալ դատարանի դահլիճ, իսկ կառավարության ղեկավարը դեմքի՝ «հոգիս փառավորվում է» արտահայտությամբ խրախուսում ու գովաբանում է դա:
Մարդը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, ընտրվում համայնքի ղեկավար, բայց քանի որ Փաշինյանի կողմնակիցը չէ, այլ ընդդիմադիր, մեղադրանքներ են հորինում, կալանավորում, մի քանի տարի պահում բանտում, իսկ հետո նա դատարանում ճանաչվում է անպարտ, այսինքն՝ արդարացվում է…
Բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրելու մարդու կյանքից խլված տարիների ու առողջության համար: Ինչպես, հնարավոր է, ոչ ոք պատասխանատվություն չի կրի Արսեն Գևորգյանի մահվան համար: Իսկ ո՞վ պատասխանատվություն կրեց Փաշինյանի նախընտրական պաստառը վնասելու (վարչական իրավախախտում, որ ընդամենը տուգանք է ենթադրում) համար ոստիկանություն տարված, այնտեղից՝ հոգեբուժարան տեղափոխված ու հետո իբրև թե ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանի մահվան համար…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում



















































