Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ԵԹԵՐ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ «Ա1+»-Ը

Մայիս 04,2004 00:00

ՄԻՆՉԵՎ ԵԹԵՐ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ «Ա1+»-Ը Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ այս կարգախոսներով երեկ ընթացավ լրատվամիջոցների ներկայացուցիչների երթը եւ հանրահավաքը: Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կայացած հանրահավաքին լրագրողներից եւ իրավապաշտպաններից բացի՝ մասնակցում էին նաեւ «Արմատի» եւ ՀՀՇ-ի գործիչները, ու նաեւ Էջմիածնից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հանրահավաքը տեւեց բավական կարճ, եղավ ընդամենը 3-4 ելույթ: Խոսեցին Մամուլի ազգային ակումբի ներկայացուցիչները եւ մանրամասնեցին իրենց որոշումը՝ 2004-ի «Մամուլի թշնամի» տիտղոսակիրների մասին: Հետո ելույթի համար ձայնը տրվեց Աշոտ Բլեյանին, որն իբրեւ երազանք նշեց «Մամուլի բարեկամ» կոչմանն արժանանալը: Սակայն առավել հանգամանալից խոսեց «Ա1+»-ի մասին եւ այն գնահատեց իբրեւ երեւույթ հայ իրականության մեջ՝ որպես առաջին անկախ ու մասնավոր հեռուստաընկերություն: Առաջարկեց ծափահարել «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանին եւ հեռուստաընկերության աշխատակազմին՝ «հաստատակամության, հետեւողականության եւ անդավաճանության համար»: Նշեց, թե նրանք կարող էին ընդամենը «մի քիչ ազատ, մի քիչ անկախ լինել» եւ եթեր ունենալ, սակայն իրենց այդ հատկանիշներով ավելին են անում Հայաստանում ազատ խոսքի եւ մամուլի կայացման համար, «քան՝ եթե ընտրեին այդ ճանապարհը»: 2002-ի ապրիլի 2-ը, երբ «Ա1+»-ը իշխանության կամքով զրկվեց եթերից՝ Աշոտ Բլեյանը գնահատեց իբրեւ ճամփաբաժան. «Հայտնվեցինք միանգամից իմ ու ձեր իրավունքների ոտնահարման մի այլ շրջանում, որի մեջ երկարատեւ ապրում ենք հիմա: Դրանից հետո սկսվեցին մարդկանց իրավունքների, ազատությունների զանգվածային, համընդհանուր ոտնահարումներ»: Սակայն ըստ նրա՝ «Ա1+»-ի փակումով սկսվեց նաեւ մեր անհատական իրավունքների եւ ազատությունների համար պայքարի շրջանը: «Այբ-ֆե» շաբաթաթերթի խմբագիր Վարդան Վարդանյանը, որ վարում էր հանրահավաքը, հայտնեց, թե ավելի վճռական գործողություններ են լինելու՝ զանգվածային միջոցառումներ եւ այլն. «Դրանք շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ եթեր վերադառնա «Ա1+»-ը: Ընդ որում՝ եթերում լինելու է այն նույն «Ա1+»-ը, որ հեռուստադիտողը տեսել է: Այլ «Ա1+» կարող էր լինել եւ այսօր»: Փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ հետագա գործողությունների վերաբերյալ: Մանավանդ որ՝ նախորդ, ապրիլի 2-ի հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները հայտնել էին, թե ազատ հաճախությունների առկայության վերաբերյալ կապի եւ տրանսպորտի նախարարի պատասխանը ստանալուց հետո՝ դիմելու են այլ քայլերի: «Անդրանիկ Մանուկյանի պարզաբանումները չհամարեցինք պատասխան, եւ չանդրադարձանք դրան: Նախորդ հանրահավաքում մեր հնչած պահանջներն ուժի մեջ են,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:- Որեւէ փոփոխություն չի եղել մեր գործողությունների եւ ցանկությունների մեջ: Բողոքի գործողությունները շարունակական են լինելու՝ կլինեն ցույցեր, հնարավոր է կազմակերպվի նաեւ նստացույց»: Իսկ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասաց, թե հետագա քայլերը կորոշվեն «Խոսքի ազատության աջակցության» հիմնադրամի առաջիկայում կայանալիք նիստի ընթացքում: Մեր մյուս հարցին՝ մտահոգի՞չ չէ այս հանրահավաքների սակավաթիվությունը, ու նաեւ այն, որ ընդամենը մի քաղաքական ուժի ներկայացուցիչներ են իրենց պարտքը համարում խոսքի ազատությանն իրենց զորակցությունը հայտնելը՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Մայիսի 3-ը մամուլի ազատության օրն էր եւ բոլոր նրանք, ովքեր օգտվում են ազատ մամուլից՝ պիտի այստեղ լինեին առանց հրավերի եւ մասնակցեին մեր երթին: Նախորդ հանրահավաքին նրանց հրավիրել էինք, գուցե այժմ է՞լ էին սպասում: Բայց ինձ չի տխրեցնում այն փաստը, որ մենք քիչ ենք: Ընդհակառակն՝ ուրախ եմ, քանի որ այլապես չէինք կարողանա տեսնել ազատ խոսքի իսկակա՛ն ջատագովներին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, «Առավոտ TV» հեռուստաընկերության ստեղծման մասին լուրը իշխանամետ որոշ լրատվամիջոցների համար դարձել է մեկնաբանության առիթ, թե այսպիսով կատարվում է Եվրախորհրդի պահանջը՝ «Ա1+»-ի վերահեռարձակման վերաբերյալ: Այս առնչությամբ «Առավոտ TV»-ի գլխավոր տնօրեն Արամ Աբրահամյանն ասաց. «Ես դա անհեթեթ եմ համարում: Վստահ եմ, որ «Ա1+»-ի խնդիրը բացարձակապե՛ս պայմանավորված չէ նրանով, թե ով որտեղ է աշխատում: Ես կարող եմ դառնալ նախարար, «Ա1+»-ի մեկ այլ աշխատակից՝ «Հայլուրի» թղթակից եւ այլն, բայց դրանով չի փակվում «Ա1+»-ի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31