Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ

Մայիս 05,2004 00:00

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ Մինչդեռ ընդդիմությունը հստակ քայլեր էր ակնկալում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը դեռ մեկ-երկու շաբաթ առաջ էր գրավոր դիմել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իրավապահների կողմից կուսակցության գրասենյակ ներխուժելու, մարդկանց ծեծի ենթարկելու, անօրինական բերման ենթարկելու, գրասենյակը մի քանի օր շարունակ զավթելու, գույքը կոտրելու, առգրավելու փաստերի առիթով քրգործ հարուցելու համար: Ինչպես տեղեկացանք կուսակցությունից, այդ առնչությամբ միայն Ա.Բազեյանն արդեն 2 անգամ հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն ցուցմունք տալու: Ու թեեւ ՀՀ Գլխավոր դատախազությունում ձեւ են անում, թե քրգործ հարուցելու համար նյութեր են նախապատրաստում, այդուհանդերձ, կուսակցությունում որեւէ մեկը նույնիսկ քրգործ հարուցելու լուրջ ակնկալիք չունի: «Հավանաբար տեղյակ եք, որ ժամանակին հանրահավաքների եւ երթերի մասնակցելու համար ընդդիմադիր շատ ակտիվիստներ, ինչպես այս օրերին, ապօրինաբար ոստիկանական բաժիններ էին տարվել եւ դատական որոշումներով ենթարկվել վարչական կալանքի կամ տուգանքի: Այդ փաստերի առնչությամբ մենք նյութեր էինք նախապատրաստել եւ դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որտեղից մեզ ծանուցել էին, թե ուղարկած որոշ փաստաթղթեր մեր ծրարից անհետացել են: Այդ կապակցությամբ մենք ՀՀ գլխավոր դատախազություն էինք դիմել եւ արդյունքում օրերս ստացել ենք քրգործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այսինքն, փաստացի տեղի է ունեցել մեր դատական պաշտպանության իրավունքի ոստնահարում եւ այդ կապակցությամբ դատախազությունն առանց նյութեր հավաքելու, քրգործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել: Այսինքն, քրգործ հարուցել-չհարուցելու որոշում կայացնելու իմաստով ընտրողական մոտեցումն ակնհայտ է, առավել եւս, որ քաղաքական դաշտում նախադեպեր կան, երբ դատախազությունը ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ է իրականացնում առանց որեւէ քրեական նորմի իրական խախտման առկայության: Այսինքն, մենք մեծ ակնկալիքներ չունենք, թե մեր կուսակցության նկատմամբ ձեռնարկված ապօրինի գործողությունների առնչությամբ քրգործ կհարուցվի, առավել եւս՝ որեւէ մեկը պատասխանատվության կենթարկվի»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Իհարկե, կուսակցությունում որոշակի հույսեր ունեն, թե ԵԽ ԽՎ համապատասխան բանաձեւի հատկապես 9-րդ կետի կատարման արդյունքում ապօրինի հրաման տված մարդիկ, այնուամենայնիվ, եւ պատժվեն: «Գոնե մենք հետեւողական կլինենք այդ հարցում եւ ամեն ինչ կանենք, որ իշխանություններին մշտապես լարվածության մեջ պահենք՝ այդ պահանջները կատարելու եւ կոնկրետ հանցագործներին պատժելու համար»,- հայտարարեց պարոն Զեյնալյանը՝ նկատի ունենալով 2003-ի նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կատարողներին, որոնց անուններն, ի դեպ, կան նույնիսկ ՍԴ դատարանի որոշումներում, նաեւ այս անգամ խաղաղ ցուցարարների, լրագրողների նկատմամբ կիրառված բռնարարքների հեղինակներին, որոնք նույնպես հայտնի են: Ժամանակին հանրահավաքի եւ երթի մասնակցած որեւէ քաղաքացու նկատմամբ վարչական կալանքի կամ տուգանքի ենթարկելու վերաբերյալ դատարանների որոշումները մինչեւ Եվրոդատարանում բողոքարկելը, մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությունը, հետեւողականորեն բողոքարկում էր հայաստանյան դատական ավելի վերին ատյաններում: Վերջին հանրահավաքների առնչությամբ, սակայն, նման հետեւողականություն չի դրսեւորվում: Ա.Զեյնալյանը համամիտ էր այս հարցում, բայց վերապահումով. «Մենք բավարար չափով հավաքած նյութեր ունենք, բայց քանի որ Հայաստանում դատական պաշտպանության իրավունքից օգտվելն ապարդյուն եւ անարդյունավետ է, ուստի՝ օգտվելով նախադեպերից, մենք որոշել ենք ուղղակի անմիջապես դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին՝ շրջանցելով ՀՀ դատարանները»: Ինչպես հայտնի է, ՀՀ Գլխավոր դատախազությանը ժամանակին դիմել էր նաեւ ՀԺԿ-ն, այդ կուսակցության գրասենյակը իրավապահների կողմից ասպատակության ենթարկելու փաստի առնչությամբ: Այս հարցով զբաղվող Գարիկ Ղուկասյանն «Առավոտին» տեղեկացրեց, թե ՀՀ Գլխավոր դատախազությունից առայժմ որեւէ արձագանք չկա: Համենայն դեպս, ՀԺԿ-ում տեղյակ չէին, թե գործն ինչ ընթացքի մեջ է: Ուստի, երկուշաբթի ՀԺԿ-ն հարկ է համարել մեկ գրությամբ եւս կատարված ապօրինությունների վրա հրավիրել ՀՀ Գլխավոր դատախազության ուշադրությունը: Թե որքանով դա կհաջողվի ընդդիմադիրներին՝ տակավին պարզ չէ, թեեւ ենթադրելի է, առավել եւս, որ ի պատասխան մեր հարցադրման ՀՀ Գլխավոր դատախազության մամլո խոսնակ պարոն Ամբարյանը երեկ նախ ասաց, թե ինքն այդ դիմումների ընթացքի մասին որեւէ տեղեկություն չունի: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել