Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինում «ծանոթ-մանոթ» ճարելու հնարավորություն

Մայիս 05,2004 00:00

Հարկայինում «ծանոթ-մանոթ» ճարելու հնարավորություն Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների երեկվա հանդիպումը Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ չկայացավ։ Պետը բավարարվել էր միայն համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի հետ հեռախոսազրույցով, ուսանողների հետ հանդիպման ժամանակ հարկային ծառայության գործառույթների, կառուցվածքի ստորաբաժանումների ու իրենց նվիրատվությունների մասին խոսեց միայն հարկային բարեփոխումների տեսուչ Արմեն Ալավերդյանը։ Եթե հանդիպման սկզբում համալսարանի ռեկտորը հավաստիացնում էր, որ հիմա ուսանողները «հարցախեղդ» են անելու հարկայինի աշխատակիցներին, ինչպես դա արել են ֆինանսների նախարարի հետ, ապա շուտով ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից։ Մինչ համալսարանի առաջին շրջանավարտ Արմեն Ալավերդյանը ներկայացնում էր հարկային ծառայության պատմությունը՝ ԽՍՀՄ-ից մինչ այսօր, համախառն ներքին եւ համախառն արտաքին արդյունքի ցուցանիշները ՀՀ-ում, ամեն ինչ շատ լավ էր ու կողմնակի աղմուկն էլ չէր ջղաձգում նրան։ Երբ ուսանողներից մեկը բարձրացրեց կաշառակերության ու հարկայինի աշխատակիցների՝ ստվերային հարկերին օժանդակելու հարցը, ավելին՝ չորս անգամ ստիպված եղավ ձեւակերպել այն՝ առավել մատչելի դարձնելու համար, Ալավերդյանի վրա սկսեց ազդել դահլիճում տիրող աղմուկն ու նա այլեւս չուզեց խոսել՝ քաղաքակիրթ ձեւով շրջանցելով հարցը։ Անգամ հյուրերին ավելի մոտ նստած դասախոսները «հիվանդ» որակեցին «հարցասեր» ուսանողին։ Բայց հետո բարեփոխումների տեսուչը, զգալով պատասխան տալու անհրաժեշտությունը, հավաստիացրեց, որ կաշառակերությանը նախեւառաջ նպաստում է ցածր աշխատավարձը, իսկ իրենք այդ առումով չեն բողոքում, քանի որ հարկային տեսուչի միջին աշխատավարձը 150-180 հազար դրամ է՝ չհաշված մինչեւ 3 մլն հասնող պարգեւատրումները։ Հարկային ծառայության աշխատակիցները «դատարկ ձեռքով հյուր չգնալու» հայի սովորույթի համաձայն՝ համալսարանի գրադարանին նվիրեցին «Հարկային ստուգումների ուղեցույցը», որը ՀՀ պատմության մեջ հարկային ստուգումներին նվիրված առաջին ձեռնարկն է եւ երկհատորյա «Հարկային տուրքեր եւ վճարումներ» կոչվող գիրքը՝ հարկային օրենսդրության մասին։ Արմեն Ալավերդյանն այս բարեգործական նախաձեռնությունների շարքը համալրելով, ասաց. «Մենք նաեւ մեզ վրա ենք վերցնում համալսարանի լավագույն 10 ուսանողների 2004-2005թթ. ուսումնական տարվա վարձը, ինչը մեծ օգնություն է դրա կարիքն ունեցողներին, որոնք հետո պիտի դառնան լավ մասնագետներ ու լավ հարկային տեսուչներ»։ Ըստ Ա. Ալավերդյանի՝ հանդիպման հիմնական նպատակը թերեւս սա էր, բայց ուրիշ ախորժակ ունեին բուհի դասախոսները, որոնցից մեկը նախքան հյուրերի գալը հայտարարել էր. «Երեխեք, էս հանդիպումը նրա համար ա, որ ծանոթ-մանոթ ճարեք, ընտեղ ընկնեք։ Էդ հնարավորությունը մենք տալիս ենք, ընենց որ աչքի ընկեք»։ (Ի դեպ, «Առավոտի» թղթակիցն այդ պահին ներկա էր- խմբ.)։ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել