Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՀՐԱՆ՝ ԲԱՅՑ ՈՉ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Մայիս 05,2004 00:00

ՄԻՀՐԱՆ՝ ԲԱՅՑ ՈՉ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ հրավիրել էր լրատվամիջոցներին՝ տեղեկացնելու նոր նախաձեռնության մասին. մարտի 30-ի իր հրամանով դատախազությունում ստեղծվել է նոր բաժին՝ կոռուպցիայի դեմ պայքարի։ Գլխավոր դատախազը նշեց, որ բաժնի պետ է նշանակվել դատախազության համակարգում մեծ փորձ ունեցող Միհրան Մովսիսյանը։ Ա. Հովսեփյանը մի քանի անգամ համառորեն կրկնեց այդ անուն-ազգանունը, սակայն ընթացքում պարզվեց, որ խոսքը ոչ թե «Հոկտեմբերի 27»-ի գործով հայտնի կասկածյալի եղբայր Միհրան Մովսիսյանի մասին է, այլ իրավաբան Միհրան Մինասյանի։ Բաժինը, ըստ գլխավոր դատախազի, կունենա 4 աշխատակից՝ երկու ավագ եւ երկու դատախազներից բաղկացած։ Ա. Հովսեփյանը նշեց նաեւ, որ կոլեգիան իր հավանությունն է տվել նոր բաժնի ստեղծմանը։ Թե ինչու է ստեղծվել բաժին եւ ոչ վարչություն՝ հնարավոր հարցը կանխելով, Ա. Հովսեփյանը տեղեկացրեց, որ ըստ «Դատախազության մասին» գործող օրենքի, գլխավոր դատախազությունը կարող է ունենալ միայն 5 վարչություն, որոնք էլ, համաձայն Սահմանադրության, իրենց գործառույթներն են իրականացնում։ «Բացի վարչություններից, գլխավոր դատախազի իրավասության մեջ է մտնում իր հրամաններով ստեղծել բաժիններ, աշխատանքային խմբեր՝ ելնելով դրա անհրաժեշտությունից»,- շարունակեց նա։ Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներկա փուլում անհրաժեշտություն է ստեղծել նմանօրինակ բաժին։ Ըստ գլխավոր դատախազի, հակակոռուպցիոն պայքարը «դատախազության գործառույթների սինթեզի ավելի խորացված պայքարն է»։ Ա. Հովսեփյանը չթաքցրեց իր ակնկալիքը, որ այն անձինք, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ, «հատկապես կմասնագիտանան այդ բնագավառում, ինչը կնպաստի պայքարի արդյունավետությանը»։ Չնայած «պայմանավորվածություն» էր ձեռք բերվել, որ չշեղվենք ծրագրված քննարկումներից, սակայն անդրադառնալով հանրահավաքին մասնակցելու հետեւանքներին, գլխավոր դատախազը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ չկա վարչական կալանքի ենթարկված որեւէ մեկը՝ «միտինգներին, հանրահավաքներին, երթերին մասնակցելու համար» ձեւակերպմամբ։ «Ինչպես գիտեք, վարչական տույժի են ենթարկվում միայն դատարանի որոշմամբ։ Եվրախորհրդի պահանջն այն է, որ տույժեր, վարչական կալանք կիրառվեն դատարանների որոշումներով։ Չկա որեւէ մեկը, որ վարչական տույժի ենթարկված լինի այլ կերպ, քան դատարանի որոշմամբ։ Դա փաստ է»,- հավելեց նա։ Ինչ վերաբերում է անցած՝ նախագահական եւ ԱԺ ընտրությունների կապակցությամբ տեղի ունեցած օրինախախտումներին, գլխավոր դատախազն ասաց, որ եղել են քրեական գործեր համապատասխան որոշումներով, դատավճիռներով եւ կան պատասխանատվության ենթարկվածներ։ «Առավոտի» այն հարցին, թե ո՞ր ոլորտում են իշխում կոռուպցիոն հանցագործությունները, նորանշանակ պետը՝ Մ. Մինասյանը չմասնավորեցրեց եւ ասաց. «Այս պահին հակակոռուպցիոն գործառույթները պետք է ստվերային էկոնոմիկայի դեմ լինեն։ Կոռուպցիոն հանցագործությունները կապված են տնտեսական հանցագործությունների հետ։ Ավելին ասել չեմ կարող»։ Իսկ գլխավոր դատախազը «Առավոտի» այս նույն հարցին պատասխանեց, որ կոռուպցիոն դրսեւորումներ կան պետական համակարգում, նաեւ դատախազությունում եւ ինքը պայքարելու է այդ ուղղությամբ։ «Միամիտ չեմ, որ ժխտեմ մեր համակարգում այդպիսի դրսեւորումները»,- ասաց նա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել