Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՏԻՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

Մայիս 18,2004 00:00

«ԱՆՏԻՏԵԽՆՈԼՈԳԻԱ» Այսպես է գնահատում ընդդիմության քայլերը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանյան ընդդիմության դեռ 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արանքում նախաձեռնած բազմահազարանոց հանրահավաքները, որոնք տեղի էին ունենում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի կամ պաշտոնանկության պահանջներով նույնքան անարդյունավետ ստացվեցին, որքան՝ այսօր: Մայիսի 14-ին հրավիրված հերթական հանրահավաքի սակավությունը այս իմաստով որեւէ հեռանկար չի խոստանում, թեեւ Ռ.Քոչարյանն ակնհայտորեն իր իշխանությունը պահելու ոչ միայն արտաքին, այլեւ՝ ներքին որեւէ ռեսուրս չունի: Ուրեմն, ո՞րն է պատճառը, որ Վրաստանում հասարակության ընդվզումը հանգեցրեց այդ երկրում նախագահական արտահերթ ընտրությունների, իսկ Հայաստանում դա անել չի հաջողվում: Արդյո՞ք արտաքին ազդեցությունը: «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի» փոխտնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, Արեւմուտքը որպես այդպիսին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության վրա միայն մասամբ կարողացավ որեւէ ազդեցություն ունենալ: «Դրա մասին չի խոսվում, բայց Վրաստանի դեպքը ոչ թե Արեւմուտքի ազդեցության, այլ՝ միանգամայն հակառակի օրինակն է: ԱՄՆ կառավարությունը «խաղագումարը» դրել էր կոնկրետ սցենարի եւ կոնկրետ «խաղացողի» վրա. դա Բուրջանաձեն էր, իսկ սցենարն այն էր, որ նա պետք է իշխանության գար տարի եւ կես հետո՝ նախագահական ընտրությունների արդյունքում: ԱՄՆ կառավարությունը տանուլ տվեց իր «խաղագումարը», որովհետեւ ընթացքում նրանցից առաջ անցավ ընկեր Սորոսը՝ պարոն Սահակաշվիլու հետ միասին: Եվ դա գերհզոր տերության՝ ԱՄՆ-ի, քաղաքականության տապալման օրինակն էր փոքրիկ Վրաստանում: Դա՝ կամ Վրաստանի քաղաքական երկնակամարում երկու «արեւմուտքների» բախման արդյունք էր, կամ՝ այդ «արեւմուտքներն» օգտագործվեցին Վրաստանի ներքին ուժերի կողմից»,- պարզաբանեց Ալ.Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա Արեւմուտքի հնարավոր ազդեցությանը, ապա՝ քաղաքագետի դիտարկմամբ, նման ազդեցություն կա եւ չի կարող չլինել: Ըստ նրա, դա Ֆիզիկայի օրենք է՝ մեծ մարմինները ձգում են փոքրերին, իսկ եւ՝ Աեւմուտքը, եւ Ռուսաստանը մեծ են, թեեւ «ներսից Հայաստանը ավելի կարեւոր է թվում, քան՝ դրսից: «Եթե լավ մտածենք, Եվրոպան այնքան մեծ խնդիրներ ունի, որոնցից, գուցե, առաջին 50-ը սկզբունքորեն ավելի կարեւոր են, քան Հայաստանը: ՀՀ հարցը առաջնահերթություն չէ ԵԽ-ի համար, Արեւմուտքը կործանիչներ չի ուղարկի Հայաստան, դեսանտներ չի իջեցնի՝ ինչպես Քուվեյթում էր, կամ՝ Իրաքում, որտեղ նավթ կար, խաղաղարարներ չի ուղարկի Հայաստան: Դա ակնհայտ է, բայց օգտվել, ասենք՝ ԵԽ ԽՎ բանաձեւից՝ որոշակի լծակ է, որը գործում է: Մարդիկ, ովքեր դրանից չպետք է վախենան՝ վախենում են, ովքեր չպետք է դրանով ոգեւորվեն՝ ոգեւորվում են: Եվ սա ռեալ է գործում»,- նկատեց Ալ.Իսկանդարյանը: Քաղաքագետի գնահատմամբ, հայաստանյան ընդդիմությունն այսօր վատ է կազմակերպված: Մի կողմից՝ նա չի կարող վերադառնալ խորհրդարան, որովհետեւ անիմաստ է նստել խորհրդարանում կամ՝ գոռալ բարձրախոսի մեջ: Դա պարտություն է: Իշխանափոխության մեկ այլ ձեւ ընդդիմությունը համարում է բազմամարդ հանրահավաքները: Բայց դա էլ նրա մոտ չի ստացվում, որովհետեւ իշխանությունը սակավ բազմությունը տեսնելով, ըստ պարոն Իսկանդարյանի, «արհամարհում է նրա կարծիքը՝ ասելով, որ դուք ինձ պետք էլ չեք, դուք այնքան քիչ եք, որ առանց ձեզ էլ կաշխատենք»: Ի՞նչն է պատճառը, որ ոչ 2003-ին, ոչ այսօր ընդդիմությանը չի հաջողվում անգամ բազմահազարանոց հանրահավաքների, ակնհայտ դժգոհության պայմաններում հասնել իշխանափոխության: Արդյո՞ք նա այդքան թույլ է, թե՞ չունի խելոք առաջնորդներ: «Որովհետեւ մեր ընդդիմությունը մի քանի ընդդիմություն է: Դրանք տարբեր խմբեր են՝ միավորված տարբեր առաջնորդների, երբեմն՝ մի քանի առաջնորդների ներքո միանգամից: Այն ընդդիմությունը, որն, իբր, դեմիրճյանական է, իրական կենտրոնը իհարկե ոչ թե Դեմիրճյանն է, այլ՝ մի քանի մարդ: Նույնը Գեղամյանի պարագայում է: Բացի այդ, կան էլի մի քանի խմբեր, որոնք միավորվել են բացառապես նախագահ Ռ.Քոչարյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով: Դա նորմալ է, բայց այնպիսի կառույց, ինչպիսին այսօր ընդդիմադիրների շտաբն է, աշխատում են այն դեպքում, երբ կա տոտալ, զանգվածային աջակցություն: Եթե նման զանգվածային աջակցություն չկա, պետք է դա ստեղծել: Հեղափոխություն իրականացնելու համար պետք է հեղափոխական տեխնոլոգիաներ կիրառել, որոնք, ըստ քաղաքագետի, ներկայիս ընդդիմությունը չի տիրապետում ոչ թե տգիտության, այլ՝ այն պատճառով, որ ընդդիմադիր առաջնորդներից ամեն մեկն իր ամբիցիաներն ունի եւ արդյունքում նրանց գործողություններն ու քայլերն են անհամաձայնեցված»: Այն, ինչ արել է մինչ օրս ընդդիմությունը, քաղաքագետի բառերով ասած, «անտիտեխնոլոգիա» է եղել: Մինչդեռ, նրա դիտարկմամբ, ընդդիմությունն առաջին հերթին պետք է գտնի առաջնորդ. «Անպայման չէ, որ նա գա իշխանության: Առաջնորդը ի հայտ է գալիս հեղափոխության ընթացքում դրանք փոխվում են, իրար չեզոքացնում: Դա նորմալ է, բայց իշխանության հասնելու համար, մեր անձնավորված քաղաքական կուլտուրայի պայմաններում, պետք է առանջնորդ գտնել, նրանից այդպիսի իմիջ կերտել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել