Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչապատում՝ աղբի մեջ

Մայիս 18,2004 00:00

Կանաչապատում՝ աղբի մեջ Կովերը վերացել են միայն Գյումրիի կենտրոնից Մի քանի օր է՝ սկսվել են Գյումրիի կանաչապատման աշխատանքները: Չնայած քաղաքապետարանի պաշտոնյաների այն հավաստիացումներին, թե հիշյալ ծրագրի մեջ ընդգրկված են քաղաքի բոլոր թաղամասերը, փաստերը ճիշտ հակառակն են վկայում: Ծայրամասերում ապրող գյումրեցիների դժգոհությամբ՝ «էս քաղաքում ամեն պաշտոնյա իր փողոցի մասին է մտածում»: Շաբաթօրյակներից խոսելիս էլ գյումրեցիները հիշում են կոմունիստներին: Ի տարբերություն ՀՀ բարձրաստիճան պետական այրերի, ոչ Գյումրիի քաղաքապետը, ոչ էլ մարզպետը ցուցադրական շաբաթօրյակներ կազմակերպելու կարիք բացարձակապես չզգացին: Եթե քաղաքապետարանի պաշտոնյաներին հարցնես՝ ինչո՞ւ, նրանք միաբերան կմատնանշեն անբարենպաստ եղանակները: Չնայած համառորեն պնդում են, որ քաղաքի մաքրման ու կանաչապատման աշխատանքները կատարվում են յուրատեսակ ձեւով ու տեմպերով: Քաղաքապետի պատկերացմամբ, «եթե գյուղացի Մխոյի կովերը էս քաղաքի փողոցներով այլեւս չեն անցնում», ուրեմն մեծ գործ է կատարված: Հակառակ նրա կարծիքի նշենք, որ որոշ ծայրամասերում կովերին ավելացել են նաեւ ոչխարները: Այլ հարց է, որ քաղաքապետարանի պաշտոնյաները Գյումրի ասելով հասկանում են միայն կենտրոնական հատվածները: Քաղաքի մյուս մասերում ինչ ասես չկա. անգամ ջարդուխուրդ եղած մեքենաների հսկա հավաքածու: Նմանատիպ փողոցներից, բնականաբար, պատասխանատուները հեշտ են պրծնում. կանաչապատման մասին մտածելն իսկ ավելորդ է: Մինչդեռ բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում ոչ միայն չեն ընդունում, որ իրենք ուշադրություն են դարձնում միայն քաղաքի ցուցադրական հատվածներին, այլեւ միշտ արդարացումներ են գտնում: Բաժնի պետի տեղակալ Եղիշե Աբգարյանը իր հերթին դժգոհում է, որ գյումրեցիները մեկ գիշերվա մեջ հասցրել են 1000 վարդ «թռցնել»: Իսկ իրենք վարդի թփերի ու տարբեր տեսակի ծառերի համար արդեն 7 մլն դրամի ծախս են արել: Պաշտոնյայի խոսքերից կարելի է ենթադրել, որ Գյումրիում ցանկացած ծախս ջուրն է լցվում եւ ինչ-որ տեղ անիմաստ է նման քայլ ձեռնարկելը: «Այդ դեպքում ինչո՞ւ պահակներ վարձելու մասին չեք մտածում» մեր հարցին պաշտոնյան պատասխանեց՝ ու՞մ հաշվին: Վերջինս նաեւ թվարկեց կանաչապատված փողոցների մի հսկա ցանկ: Սակայն տվյալ պահին գյումրեցիներին հուզողը վարդ ունենալ կամ չունենալը չէ. այլ սեփական տարածքից այլեւս «անհանդուրժելի» դարձած աղբակույտերի հեռացումը: Քաղաքապետարանում նաեւ տեղեկացրին, որ աղբաթափման համար հայտարարված մրցույթը վաղուց անցկացվել է, հիշյալ պարտականությունը ստանձնած ՍՊՆ-երը ակտիվ գործի մեջ են: Նրանց ասելով, անգամ նախատեսված 4 շաբաթօրյակներից 3-ը կատարվել է: Մինչդեռ գյումրեցիներին այդպես էլ չի հաջողվում տեսնել այդ աշխատանքի փայլուն արդյունքները: Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել