Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՆԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մայիս 25,2004 00:00

Այսօր հանրակրթական դպրոցներում վերջին զանգի օրն է: Ու չնայած ուսումնական տարին ավարտվում է, այդուհանդերձ, ուզում ենք անդրադառնալ ֆիզիկական կուլտուրա առարկայի անմխիթար վիճակին, քանի որ խնդիրը նոր չէ եւ անտարբերությունը համատարած է:

Մենք պարբերաբար շրջայցեր ենք կատարում դպրոցներ ու, ցավոք, ամեն անգամ արձանագրում, որ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը տապալված է: Հանրահայտ է, որ գարնանն ու աշնանը, քանի դեռ եղանակները բարենպաստ են, դասերը պետք է անցկացվեն բացօթյա՝ դպրոցամերձ խաղահրապարակներում: Բայց դժվար թե որեւէ մեկը վերջին տարիներին նման բան տեսած լինի, բացառությամբ հատ ու կենտ դպրոցների: Որպես կանոն, խաղահրապարակ կոչվածները երկար ժամանակ խնամող ձեռք չեն տեսել. ցանկապատները քարուքանդ վիճակում են, նշագծումներ չկան, ցատկափոսերը փխրեցված չեն, եթե չասենք՝ ծածկված են մացառներով, բասկետբոլի կանգնակներն ու վահանակները կողոպտված եւ ավերված են: Իսկ շատ տեղերում խաղահրապարակները պարզապես լցված են մյուս առարկաների դասասենյակների վերանորոգումից գոյացած շինարարական աղբով: Այս պատկերը տեսանք օրերս՝ այցելելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող թիվ 131, 118, 1, 76 հանրակրթական դպրոցները եւ 172 դպրոց-վարժարանը: Սակայն վիճակը նույնն է գրեթե բոլոր կրթօջախներում: Այնպես որ, զարմանալի չէ, որ դպրոցների մեծ մասում ֆիզկուլտուրայի դասեր չեն անցկացվում՝ ուսուցիչները լավագույն դեպքում բավարարվում են տղաներին ֆուտբոլի գնդակ տալով, իսկ աղջիկները հենց այնպես 45 րոպե զբոսնում են:

Հայտնի է, որ կառավարությունը պատրաստվում է ֆիզիկական կուլտուրա առարկան նույնպես ընդգրկել ավարտական քննությունների խումբ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են կազմակերպվելու այդ քննությունները, որտե՞ղ, աշակերտներն ի՞նչ նորմեր են հանձնելու, եթե դասեր չեն եղել, ովքե՞ր են գնահատելու՝ այն տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչնե՞րը, ովքեր անտարբեր են եղել առարկայի նկատմամբ, այն տարիներ շարունակ համարել երկրորդական:

ԱՐԵՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Գալիք» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել