Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱԺ-Ն ՑՐԵԼ

Մայիս 26,2004 00:00

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱԺ-Ն ՑՐԵԼ Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկայացնելու է երկրի փրկության իր ծրագիրը։ Հիմնական առաջարկությունները ներկայացվելու են տասը կետով, որոնցից մեկն էլ վերաբերելու է Ազգային ժողովը ցրելուն։ Երեկ Ա. Կարապետյանի հետ զրույցից հայտնի դարձավ, որ ըստ իրենց տեղեկությունների, իշխանություններն այնքան էլ հակված չեն ներկայացվող ծրագիրը քննարկել։ Սակայն՝ «Հարցն այն չէ, հակաքայլեր կձեռնարկվե՞ն, թե՞ ոչ։ Կան օրինաչափություններ, որոնք ի վերջո փլուզման են տանում նույնիսկ կայսրություններին, եւ մարդիկ արդեն պարզապես ստիպված են լինում այս կամ այն քայլն անել։ Այս իշխանությունները շատ ավելի վատթարագույն պայմաններում հրդեհը հանգցնելու փորձեր են անելու, բայց դրանք այլեւս ոչ մի էֆեկտ չեն ունենալու»,- ասում է Ա. Կարապետյանը։ Այդուհանդերձ, իշխանություններին երեք ամիս ժամանակ է տրվելու։ Այնուհետեւ գործողության մեջ կդրվի արդեն մշակված չորս սցենարներից մեկը՝ ըստ իրադարձությունների զարգացումների։ Պարոն Կարապետյանը վստահ է, որ առաջիկայում կոալիցիայի «ազգային ուժերը» (ՀՀԿ, ՀՅԴ) կկանգնեն իրենց կողքին։ Առաջարկներից մեկն էլ վերաբերում է նրան, որ Հայաստանը պետք է որդեգրի արդյունաբերական զարգացման ուղին։ «Իզուր չէ, որ ԽՍՀՄ գիտական կենտրոնները Հայաստանում հենց այդ ճյուղի զարգացումն էին վերցրել»,- ասում է Ա. Կարապետյանը։ Ի դեպ, այդ կետը եղել է նաեւ մեր զրուցակցի նախընտրական ծրագրում։ Մեր այդ դիտարկման կոնտեքստում նա նկատեց. «Այն ժամանակ իշխանական մամուլն ինձ պայծառատես անվանեց։ Հիմա նախագահ Քոչարյանը թեթեւ արդյունաբերական հիմնարկներ է սկսել այցելել։ Ո՞վ է պայծառատեսը»։ Իսկ բոլոր «բարի լուրերի» եւ «տնտեսական աճերի» պատասխանը Ա. Կարապետյանը՝ Մանուկ Գասպարյանի վերջերս արտահայտած հետեւյալ մտքում է տեսնում. «Նախագահը չգիտի՞, որ կառավարությունում 6-7 ղումարբազ կա»։ Անդրադառնալով Գեղամյանի դեմ նախաձեռնած դատական գործընթացին եւ դրա շուրջ բորբոքվող կրքերին, Արամ Կարապետյանը տարակուսանք հայտնեց. «Ես մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ Գեղամյանը չխոսեց, այլ իր ենթակաների ետեւում թաքնվեց։ Մարդը տարիքի հետ պետք է իմաստնացած լիներ ու հասկանար, որ պետք չէ կռվել երիտասարդ ուժի հետ, որը բավականաչափ լավ է պատրաստված եւ աղտոտված չէ։ Ես էլ շատ բաներ կարող եմ ասել, հատկապես դրսում իրենց պահվածքների մասին։ Բայց ես այդ մակարդակին չեմ իջնի։ Քաղաքակիրթ վեճ տանենք, ոչ թե կանացի բամբասանքով զբաղվենք»։ Իսկ Գեղամյանի՝ իրեն վարկաբեկելու քայլերը Ա. Կարապետյանը համարում է «քաղաքական դաշտի սեփականաշնորհման գործընթացներում եղած դիրքերը պահպանելու» փորձեր։ Արտաշես Մամիկոնիչի «ինքնասիրահարվածությունը», ըստ Ա. Կարապետյանի, հանգեցնում է «քաղաքական խանդի»։ Բայց՝ «ես հանգիստ եմ վերաբերվում նման բաներին։ Ես այս իշխանություններից երբեք պաշտոն չեմ մուրացել, չնայած տարբեր ճանապարհներով առաջարկներ եղել են, ի տարբերություն Գեղամյանի, որը քանիցս փորձել է իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնել՝ հանուն պաշտոնի։ Պայքարի ուղում կտեսնենք՝ Գեղամյանի ութ տարվա արա՞ծն է ինչ-որ բանի հասնում, թե՞ մեր շատ կարճ ժամանակում արածը»։ Ի դեպ, դատական գործընթացի ավարտից հետո Ա. Կարապետյանը պատրաստվում է Ա. Գեղամյանին չորս հարց ուղղել (որոնք առայժմ չի հրապարակում)։ Եթե պատասխանի՝ լավ, եթե ոչ՝ «Աղասի Արշակյանի եւ Գագիկ Թադեւոսյանի ասածները (վերջիններս Արամ Կարապետյանին առաջարկում էին «յան տալ» Հայաստանից- Ն. Գ.) պետք է իրականացվի՝ Հայաստանից պիտի «յան տա», բայց՝ Գեղամյանը»,- ասաց Ա. Կարապետյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31