Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎՏԱՐԻՏԵՏԸ» ԵՍ ԵՄ

Մայիս 26,2004 00:00

«ԱՎՏԱՐԻՏԵՏԸ» ԵՍ ԵՄ Ասում է Սյունիքի մարզպետը Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թափուր էր մնացել ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանի տեղը։ Հունիսի 13-ին տեղի կունենան թիվ 52 ընտրատարածքի ընտրությունները։ Գորիսում գտնվելուս երեք օրերի ընթացքում չզգացվեց ընտրական մարաթոնի շունչը. միայն մի թեկնածուի գունավոր նախընտրական պաստառներն էին էր փակցված պատերին, չնայած իրենց թեկնածությունն էին առաջադրել Լեւոն Հակոբյանը, Արտաշ Հարությունյանը։ Երրորդ թեկնածուն Վահե Հակոբյանն է, որն ակնհայտորեն վայելում է վերնախավի աջակցությունն ու համակրանքը։ Քաղաքապետարանի շենքում է գտնվում նրա նախընտրական շտաբը։ Շտաբներից մեկի պատասխանատուն քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն է։ Սյունիքի 4-րդ մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը չի էլ թաքցնում, որ պաշտպանելու է նրան։ Իսկ «Ձեր համակրանքը կօգնի՞, թե՞ կխանգարի թեկնածուին» հարցիս էլ պատասխանում է հարցով. «Պրեզիդենտին խանգարե՞ց, թե՞…»։ Վ. Հակոբյանը Կոռնիձորում նշանակել էր իր հերթական հանդիպումը։ «Համարենք, որ թեկնածուի հետ չէ հանդիպումը, այլ պատգամավորի»,- դեռ չհնչած ծափահարում է ընտրազանգվածը, որի գերակշիռ մեծամասնությունը միջնակարգ դպրոցի շրջանավարտներն էին ու երեխաները։ Ի դեպ, մինչ հանդիպումը, վերջին զանգի կազմակերպման համար թեկնածուն 100 դոլար գումար էր տրամադրել դպրոցին։ «Ընտրակաշա՞ռք է, թե՞ ինչ» հարցիս ի պատասխան հնչեց կոռնիձորցիների փոքր-ինչ անհասկանալի երկխոսություն. «Պատգամավորի խնդիրը բաժանելով չէ», «Տեղ կա՝ բաժանելով է»։ Կոռնիձորի գյուղապետ Սեյրան Կարապետյանից տեղեկանում եմ, որ 1200 բնակչից 807-ն են ընտրող։ «Իսկ ո՞ւմ է ընտրելու»՝ «Առավոտի» հարցին էլ պատասխանում է. «Իմ կուսակցության թեկնածուին»։ 27-ամյա Վ. Հակոբյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է եւ իր բուկլետում զետեղելով իր եւ Անդրանիկ Մարգարյանի լուսանկար-«կոչը», այն ամփոփել է Գ. Նժդեհի՝ հաստատ իր ընտրության հետ կապ չունեցող «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել» խոսքով։ Թեկնածու Վ. Հակոբյանին եմ դիմում հետեւյալ հարցով. «Ձեզ չի՞ մտահոգում, որ ձեր քաղաքական իմիջին խփում է վերնախավային թեկնածու լինելու հանգամանքը»։ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, չգիտես ինչու, առարկում է մեզ, հիշեցնելով, որ ինքը պաշտպանել է գիտական թեզ «ՀՀ ներդրումային միջավայրը եւ ձեռնարկությունների ներդրումային վարքագիծը» թեմայով եւ որ ինքը դառնալու է ընդամենը «կապող օղակ ժողովրդի միջեւ»։ Իսկ ժողովուրդը հարցնում էր. «Մինչեւ ընտրությունը գյուղացոց համար ի՞նչ կանեք։ Սաղ գալիս-քինում են, ոչինչ չի փոխվում»։ Կամ. «Կոռնիձորի տեղը շատ պաշտոնյաներ չգիտեն։ Ով որեւէ աստիճանի հասել է նախարարներից, ինքնակենսագրություններում գրել են, թե կռվել են Կոռնիձորում»։ Մի ընտրող էլ ասաց. «Ես կուզեի մեր փողոցով միասին քինայինք։ Մի քիչ ավազապատեք, էլի»։ Կանայք դժգոհում էին ջրից։ Ջուր չկա։ Իսկ հարցը չի լուծվում, որովհետեւ «անտերական Հայաստանի վերջին ծայրն ենք»։ Մարզպետը համաձայն չէ, որ «անտերական ու վերջին են» իրենք։ «Երեւանում չգիտեմ ինչպես է, բայց այստեղ նորմալ է»,- ասում է նա։ «Քրեածին իրավիճակն ինչպիսին է»՝ մեր հաջորդ հարցին էլ պատասխանում է, որ օրվա ընթացքում իրավապահների ամփոփագրերը ստանում է եւ «մարզում չկա այնպիսի հեղինակություն, որ իր ազդեցությունն ունենա։ Եթե մարզպետից չազդվեցին, ուրեմն իզուր է աշխատում»։ «Առավոտի» այն հարցին էլ, թե «Սպառնալից նամակներ ստանո՞ւմ է», Սյունիքի մարզպետը ասում է, որ դիմումներ լինում են, սպառնալից՝ ոչ։ Ի դեպ, տեղեկանում եմ, որ մարզպետը հրաժարվել է իր տարածքային ներկայացուցիչներից։ «Ներկայացուցիչների ինստիտուտը մարզպետի խմբի դեմ էր»,- ասում է նա։ Մեր այն դիտարկմանը, թե իր նշանակումը համընկավ իր եղբորորդիների կողմից «Էլցանցեր» տեղական մասնաճյուղի վարորդին սպանելու հետ, նա պատասխանեց, որ դեպքից 20 օր հետո նշանակվել է, սակայն չի միջամտում նախաքննությանը եւ կողմ է, որ հանցագործության համար մեղավորները պատժվեն։ Չնայած կոնկրետ այս դեպքի հետ կապված ասում է, որ չի միջամտում, սակայն զրույցի ընթացքում հայտնում է. «Աղքատ որ լինում են, միջամտում եմ։ Եթե մի քանի անգամ դատվածին բռնում են՝ չեմ միջամտում»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Գորիս-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել