Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՎ ՔԾՆՈՒՄ Է, ԳՈՐԾ ՈՒՆԻ»

Հունիս 04,2004 00:00

«ՈՎ ՔԾՆՈՒՄ Է, ԳՈՐԾ ՈՒՆԻ» «Դատավորը», «երգիչը» եւ «լուսավորիչը» նաեւ դերասան է «Ես բաժնում նստած էի, դատավորը զանգում է, թե՝ Սաշիկի հարցերը լուծեցի, շուտ արեք Սերժիկի գործերն էլ բերեք, քանի մարդ չի եկել»,- մեզ հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, ՀԺԿ-ական Սերժիկ Մնացականյանը։ Բանն այն է, որ մայիսի 19-ին Սերժիկ Մնացականյանը եւ Չարենցավանի բնակիչ Սաշա Սահրադյանը Չարենցավանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանի թեթեւ ձեռքով տասնօրյա կալանքի են դատապարտվել։ Օրերս նրանք դուրս են եկել մեկուսարանից եւ մեզ հետ զրույցում կիսեցին իրենց տպավորությունները։ Ի դեպ, Սերժիկ Մնացականյանը ավելի շուտ նաեւ 1000 դրամով էր տուգանվել։ Նա մեզ պատմեց, որ Չարենցավանի միլիցիայի բաժնի պետը իրեն հրավիրել է եւ զրույցի ընթացքում հորդորել այնպես անել, «որ ձեր վերադասները չգան Չարենցավանում միտինգ անեն»։ Ս. Մնացականյանը մտնելով դրության մեջ, խոստացել է մի բան անել։ Սակայն հաջորդ առավոտյան նրանց տուն ներկայացած միլիցիայի աշխատակիցները տեղեկացրել են, որ իրավիճակը փոխվել է եւ Սերժիկը պետք է ներկայանա բաժին։ 9-9.30-ի սահմաններում սկսել են Սերժիկին եւ Սաշային դատել։ «Ո՞վ էր էդ ժամին դատավոր տեսել, բայց ամեն ինչ արդեն ծրագրավորված էր։ Որպես ակտիվիստների, մեզ տասն օրով պիտի կալանավորեին։ Փորձեցի ապացուցել, որ ոչ զազրախոսել եմ, ոչ չենթարկվելու փորձեր եմ արել։ Դատավորը ձեւ արեց, թե ասածներս լսում է ու հաշվի է առնում, բայց անամոթաբար, առանց խղճի խայթ զգալու 10 օր տվեց»,- պատմում է Ս. Մնացականյանը։ Վերջինս, ի դեպ, մասնագիտությամբ իրավաբան է եւ տարիներ շարունակ աշխատել է Չարենցավանի միլիցիայի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, ըստ էության համակարգի հիմնադիրներից մեկն է։ Զավեշտն այն է, որ դատարան ներկայացած ոստիկանության աշխատակիցները չեն Մնացականյանին բաժին բերել։ Սակայն նրանք եւս «անամոթաբար» պնդել են, որ առավոտյան եղել են Սերժիկենց տանը։ Միջնորդությունը՝ դատը հետաձգել եւ հրավիրել ընտանիքի անդամներին միլիցիայի աշխատակիցների հետ առերեսման, դատավորը մերժել է՝ առանց պատճառաբանության։ «Իսկ ժամանակավոր պահման մեկուսարանն ահավոր էր, ոչ մի տարրական պայման չկար։ Ո՞վ եղավ էդ դատավորը, որ պիտի նման որոշում կայացներ։ Արդարության համար պահանջում եմ, որ նա էլ տասն օր այդ պայմաններում նստի»,- ասում է Ս. Մնացականյանը։ Սաշա Սահրադյանը անձնակազմի վերաբերմունքից շատ գոհ է, անգամ՝ շնորհակալ, բացառությամբ միլիցիայի բաժնի պետի (Հայկ Մանուկյան) եւ նրա տեղակալների։ «Պայմանները շատ անմարդկային էին, շունը չէր դիմանա։ Մնացականյանի հետ կատակում էի՝ քո սարքածն է, դե վայելի»,- ասում է Ս. Սահրադյանը։ Իսկ դատավարությունը, ըստ նրա, «պլանավորված թատրոն» էր։ «Ցավալին այն է, որ դատավորը հետո ինձ մոտ մարդիկ է ուղարկել, թե Սաշիկին ասեք՝ թող չնեղանա, քանի որ ես նախագահի հրամանն եմ կատարել։ Եթե կալանք չտայի, հաջորդ օրն իմ անուն-ազգանունը նախագահի սեղանին էր լինելու։ Ես էլ ասեցի՝ իրեն փոխանցեք, համենայնդեպս, իմ ազատությունը քո աթոռից թանկ չի, այ սրիկա։ Գիտենք, որ նախագահը ապօրինի բռնապետ է, վաղն ավելի վատ հրաման կարող է տալ, դուք էլ պիտի կատարե՞ք։ Էս է մեր դատական համակարգը։ Սա 37 թիվն է, ուղղակի աքսորավայրեր չունենք՝ էսպես են վարվում։ Էս տեմպերով որ Ղարաբաղը տեղափոխվում է Հայաստան՝ վաղ թե ուշ Ղարաբաղը կդառնա աքսորավայր»։ Նման պահվածքով, սակայն, ըստ Ս. Սահրադյանի, իրենց չեն վախեցնի։ Ավելին, «ես արդեն ամեն ինչի պատրաստ եմ, մենք ենք առաջարկում՝ զենք տվեք գնանք- կռվենք։ Ի՞նչ է ուզում Քոչարյանը, մեր հող ու ջրի վրա նրան չի հաջողվելու մեզ ստրկացնել։ Այս տասը օրը ինձ համար ահավոր վիրավորանք էր։ Վաղ թե ուշ վրեժ եմ լուծելու։ Ո՞ր մի արածիս համար ես պիտի ամաչեմ փողոց դուրս գալ, երեխաներիս աչքերին նայել»։ Ի դեպ, Ս. Սահրադյանը տարիներ շարունակ արտասահմանյան երկրներում է բնակվել, հետո «հայրենիքիս կարոտը խեղդում էր, բոլորին զոռով հետ բերեցի, փորձեցի գործ դնել՝ չթողեցին աշխատեմ։ Աշխատելու մի ձեւ կա՝ քծնանք։ Շրջաններում խանություններ են, մարզպետն էլ խանն է։ Ով քծնում է՝ գործ ունի, ով ընդդիմանում է՝ էսպես են վարվում»։ «Ես գնում եմ հանուն իմ երեխաների, թոռների ու ազգի լավ ապագայի, շարունակելու եմ գնալ հանրահավաքներին»,- այսպես եզրափակեց Սերժիկ Մնացականյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930