Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է ՄՂՈՒՄ

Հունիս 12,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է ՄՂՈՒՄ Հարցազրույց ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ – Ակնհայտ է, որ հանրահավաքային ալիքը նվազել է։ Ոմանք սա բացատրում են ընդդիմության մեղքով։ Դուք համաձա՞յն եք այս պնդմանը։ – Կարծում եմ, ակնհայտ է հակառակը։ Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ապօրինություններին ու բռնություններին, այնուամենայնիվ, հանրահավաքային ալիքը չի նվազել։ Հետեւաբար չի կոտրվել ժողովրդի ոգին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա անշուշտ, ընդդիմությունը պետք է սթափ գնահատի թե անցած ուղին, թե ներկա իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան շտկումներ մտցնի իր գործողություններում։ Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ մենք ազնիվ ենք եղել եւ այժմ էլ ազնիվ ենք ժողովրդի նկատմամբ։ Ի տարբերություն ոմանց, ոչ թե դիտորդի կարգավիճակով «վերլուծություններ» ենք անում կամ իմիտացիոն գործունեությամբ ենք զբաղված, այլ իրական պայքար ենք մղում երկրում տիրող անօրինականությունների դեմ։ Ժողովրդավարության հաստատման գործընթացը դժվարին եւ հետեւողականություն պահանջող գործընթաց է եւ կարող է ունենալ տարբեր փուլեր եւ դրսեւորումներ։ Բայց միանշանակ այն անշրջելի է։ – Կոալիցիան շարունակ պնդում է, որ ընդդիմությունը չուզեց ընդունել երկխոսության առաջարկը, մինչդեռ բավականին լայն հնարավորություն էր տրված ընդդիմությանը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել առկա բոլոր հիմնախնդիրները՝ առանց «ճգնաժամ» բառի։ – Հարցը ճգնաժամ բառը օգտագործելու մեջ չէ։ Ի վերջո կարելի է տարբեր բառեր օգտագործել. դրանից իրականությունը չի փոխվում։ Մեր մոտեցումը հստակ է՝ երկխոսությունը հնարավոր է, եթե իշխանությունը գործում է օրենքի դաշտում։ Եվ սա նախապայման չէ։ – Դուք շարունակ հայտարարում եք, թե իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Սակայն իշխանությունները կարծես այնքան էլ պատրաստակամ չեն այս հարցում։ Այս իրավիճակում ի՞նչ հակաքայլեր ունի ընդդիմությունը, ինչպե՞ս եք պաշտպանում ձերբակալված մարդկանց։ – Այն, ինչ արվում է այս ուղղությամբ իշխանությունների կողմից՝ խիստ անբավարար է եւ ձեւական բնույթ է կրում։ Իսկ այն շահարկումները, թե իբր դաշինքը անտարբեր է ապօրինի ձերբակալված մարդկանց ճակատագրի նկատմամբ, անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Մենք առավելագույնս արել ենք, անում ենք եւ անելու ենք այդ մարդկանց շահերը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է հակաքայլերին, ապա կարծում եմ, դա ոչ միայն ընդդիմության, այլ ամբողջ հասարակության գործն է։ Որեւէ մեկը իրեն չի կարող պաշտպանված զգալ իր երկրում, քանի դեռ վերջ չի տրվել իշխանական ամենաթողությանը։ Հասարակության իրավունքները կարհամարհվեն այնքան, որքան դա թույլ կտա ինքը՝ հասարակությունը։ – Որքա՞ն եք մտադիր շարունակել հանրահավաքները։ Դրանցից բացի ի՞նչ ծրագրեր ունի ընդդիմությունը։ – Մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն հանրահավաքներով, իսկ հանրահավաքներ կլինեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ – Իշխանության որոշ ներկայացուցիչներ խոսում են նոր ընդդիմության անհրաժեշտության մասին, պնդելով, թե այսօրվա ընդդիմությունն իրեն սպառել է։ Դուք համաձա՞յն եք այս պնդմանը։ – Թե ով է սպառել իրեն՝ կորոշի ժողովուրդը։ Իհարկե, իշխանությունը շահագրգռված է ունենալ «կառուցողական», այսինքն՝ իրականում կառավարելի, դեկորատիվ ընդդիմություն, ինչը ցույց է տալիս, թե որքան է իրեն խանգարում գործող ընդդիմությունը։ Սակայն մարդիկ ի վիճակի են տարբերել իրականը շինծուից։ Արհեստական ճանապարհով հնարավոր չէ նոր ընդդիմություն ստեղծել։ Ի վերջո, իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց պրոբլեմը առաջին հերթին ժողովրդի հետ է։ – Օրերս ԱԺ-ում հրապարակվեց 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապօրինություններ եւ կեղծիքներ կատարած անձանց պատժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքը, որից պարզ է դառնում, որ որեւէ մեկը պատժի չի արժանացել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ձեր կողմից դատախազություն ներկայացված փաստերը համոզիչ չէին։ – Մեր կողմից դատախազություն ներկայացված փաստերը առավել քան համոզիչ եւ բազմաթիվ են։ Միայն ծրարների պատմությունը բավական էր ընտրությունն անվավեր ճանաչելու համար։ Եթե որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, ապա ուղղակի եւս մեկ անգամ հաստատվում է, որ իշխանություններն են ծրագրել եւ իրականացրել կեղծիքները։ Իսկ ձեր նշած տեղեկանքը ձեւական բնույթ էր կրում, որը պետք էր Եվրախորհրդի ԽՎ հունիսյան նիստից առաջ տպավորություն ստեղծել, որ իբր կատարվում են ԵԽ-ի պահանջները։ – Այսօր դաշինքում կա՞ն տարաձայնություններ։ – Կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց, ըստ էության, տարաձայնություններ չկան եւ միշտ էլ քննարկումների արդյունքում դաշինքի անդամ կուսակցությունները գալիս են ընդհանուր հայտարարի։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել