Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԻ ԱՅՍՕՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ՉԽՈՍԵՆՔ»

Հունիս 23,2004 00:00

«ԱՐԻ ԱՅՍՕՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ՉԽՈՍԵՆՔ» Բնականաբար կյանքում սիրո տարբեր հոգեվիճակներ ապրած երգչուհի Էռնա Յուզբաշյանը «Առավոտին» խնդրեց. «Արի այսօր անձնականի մասին չխոսենք»։ Միայն հայտնեց, որ 1994թ. գնացել էր Ամերիկա՝ սիրո ետեւից։ Հանդիպել էր սիրուն ու շուտ կորցրել։ Հասկանալով, որ դա այն սերը չէր, համակերպվել ու ապրում է արդեն տասը տարի։ Երգչուհին հայրենիք է ժամանել աղջկա՝ 7-ամյա Ալեքսանդրայի հետ։ «Աղջիկս պետք է հայ մեծանա։ Շատ շուտ սիրեց Երեւանը։ Ի դեպ, շատ մարդկանց գիտեմ Ամերիկայում, որ պատրաստ են հենց այսօր էլ վերադառնալ հայրենիք։ Միայն ֆինանսն է խանգարում»,- տեղեկացրեց երգչուհին։ Ըստ նրա, երբեք չի սիրել բարձի տակ փող հավաքել, «ինչքան գալիս է՝ այնքան էլ ծախսում եմ։ Իսկ ապրելու համար բավարարում է»։ Թեպետ կուզենար Ամերիկայում դառնալ միլիոնատեր, որպեսզի գար ու վերանորոգեր իր տունը՝ Երգի պետական թատրոնը. «Այնտեղի միլիոնը այստեղի հետ չես համեմատի։ Վատ չէր լինի։ Տա Աստված»։ Չի զղջում անցած-գնացած եւ ոչ մի բանի համար. «Միայն չհասցրի վայելել այն թատրոնի բեմը, որի մասին երազում էինք ես ու Արթուրը (նկատի ունի Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին)»։ Արդեն երրորդ տարին է, ինչ երգչուհին աշխատում է իր CD-ի վրա, բայց ֆինանսի պատճառով ձգձգվում է թողարկումը։ «Խոստումներ, իհարկե, լինում են՝ CD-ն հովանավորելու առիթով, բայց մնում են միայն խոսքերի մակարդակով։ Չեմ կարող ընկնել Գլենդելով մեկ ու փող խնդրել։ Ինչեւէ, ինքս կֆինանսավորեմ»,- ասաց Է. Յուզբաշյանը։ Մեր դիտարկմանը՝ «Չի բացառվում, որ հովանավորներ գտնվեն եւ այստեղ՝ հայրենիքում», երգչուհին պատասխանեց. «Ես միայն երջանիկ կլինեմ։ Կարծում եմ, դա ամոթ կլինի Ամերիկայի հայ համայնքի համար»։ Հետաքրքրվեցինք ժամանակին երգչուհու հետ բուռն ստեղծագործական համագործակցություն ծավալած կոմպոզիտորներ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի այսօրվա կապերով։ «Օրբելյանի հետ այսօր Ամերիկայում բարեկամական փոխհարաբերություններ են, ավելի ջերմ։ Բնական է, հայրենիքից հեռու մեկս մյուսին կարծես լրացնում ենք։ Կան նոր երգեր, որոնք տեղ կգտնեն CD-ում, իսկ Ամիրխանյանից ու Սաթյանից լուր չունեմ։ Հասկանում եմ, այստեղ փոխվել են ժամանակները, հնարավոր է՝ զբաղված են»,- ասաց երգչուհին։ Կռահելով մեր հաջորդ հարցը, Է. Յուզբաշյանը տեղեկացրեց, որ Ամերիկայում մի տեսակ նվազել է հետաքրքրությունը հայ երգարվեստի հանդեպ. «Ժամանակի իմաստով այնքան հաճախ են գալիս հայ երգիչները, որ կարծես կարոտի լիմիտն էլ է սպառվում։ Խորհուրդ կտամ իմպրեսարիոներին ու մենեջերներին, ովքեր հայ երգարվեստ են ներկայացնում արտերկրում, մասնավորապես Ամերիկայում, մտածեն, գցեն ու բռնեն, թե ո՞ւմ եւ ի՞նչ են ներկայացնում»։ «Ինչը» ներկայացնելու առիթով (նկատի ունի բարձրակարգ երգարվեստը) Է. Յուզբաշյանը հիշեց իր մասնակցությամբ 1982 թ. Մոսկվայում անցկացված միջազգային մրցույթը, որտեղ հրաժարվել էր կատարել կոմպոզիտոր, մրցույթի ժյուրիի նախագահ Ալեքսանդրա Պախմուտովայի երգը. «Այդ երգը, պարզապես, իմը չէր։ Հենց սա էր պատճառը, որ ինձ շնորհվեց ոչ թե առաջին, այլ երկրորդ մրցանակ։ Ասել կուզեմ, որ կատարողը, հատկապես երգի ընտրության հարցում, պետք է բծախնդիր լինի»։ Իսկ այն, որ այսօր Հայաստանում բոլորը երգում են, Է. Յուզբաշյանը դրանում առանձնապես վատ բան չի տեսնում. «Միայն ավելի շատ պրոֆեսիոնալներ թող երեւան TV-ներով»։ Մեր՝ «Բնական է, ամեն ապրանք իր գնորդն ունի» դիտարկման առնչությամբ երգչուհին ասաց. «Անկեղծ ասած, թե Ամերիկայի հայկական եւ թե Հայաստանի TV-ները արդեն աղտոտված են (նկատի ունի երգարվեստը)։ Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, չեմ կարծում, որ շատ բարդ է։ Միայն պետք է պրոֆեսիոնալը զատել ինքնագործից։ Իսկ ինքնագործ արվեստը ես չեմ նսեմացնում, ընդհակառակը՝ ողջունում եմ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Հունիսի 23-ին Երգի պետական թատրոնը անակնկալ է պատրաստել՝ համերգ-հանդիպում Էռնա Յուզբաշյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել