Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ՏԱՐԱԾՔ՝ ՍՊԻՏԱԿ ԱՆԿՅՈՒՆՈՎ

Հուլիս 02,2004 00:00

ՍԵՎ ՏԱՐԱԾՔ՝ ՍՊԻՏԱԿ ԱՆԿՅՈՒՆՈՎ Հունիսին «Առավոտին» հասցեագրված սոցիալական բնույթի բողոքներից յուրաքանչյուրն արժանի էր առանձին անդրադարձի։ Թալինի «Դութաղ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսության տնօրեն Գեւորգ Գրիգորյանից «Թալին» հյուրանոցի տնօրեն Գագիկ Բարսեղյանը խաբեությամբ վերցրել է $1000, խոստանալով իր հյուրանոցի հետ միասին մասնավորեցնել հյուրանոցին կից եւ «Դութաղին» վարձակալության իրավունքով տրված 278 քմ մակերեսով օժանդակ կառույցը, դարձնելով այն «Դութաղի» սեփականությունը։ Ըստ նամակագրի, Գ. Բարսեղյանը հետագայում «հաջողացնում» է ոչ միայն 2 մլն դրամով մասնավորեցնել 58 մլն դրամ գնահատված հյուրանոցը, այլեւ դատարանի օգնությամբ յուրացնել «Դութաղի» վարձակալած օժանդակ կառույցը, ինչպես նաեւ վերջինիս միջոցներով կառուցված 270 քմ մակերեսով ինքնակամ կառույցը։ Թեպետ երկու շինությունն էլ հյուրանոցի հատակագծում չկային եւ հաշվված չէին հյուրանոցի արժեքի մեջ։ «Այսպիսով, իրավական պետության ներսում կատարվել է ինչպես սեփականաշնորհման, այնպես էլ՝ դատական թալան»,- եզրակացությամբ «Դութաղի» տնօրենը ակնկալում է դատախազության ու կառավարության համապատասխան վերաբերմունքը։ «Գիտե՞ք, որ գյուղնախարարը գարնանացանի եւ բերքահավաքի ժամանակ պետք է լինի դաշտում»,- գյուղնախարար Դ. Լոքյանին իր ծառայողական պարտականություններն է հիշեցնում լճաշենցի Աղվան Թադեւոսյանը, նշելով, որ զուր է պարոն Լոքյանը «ոգեւորված ճառում գյուղատնտեսության աննախադեպ աճի մասին, երբ Լճաշենում 1700 հա հողերից մշակվում է 340-ը», իսկ մկները սատկում են ոչ թե նախարարության ուղարկած թույնից, այլ սովից, որովհետեւ հողի մեջ ցորենի հատիկ չի գցվել։ Սովամահության են դատապարտվել ոչ միայն մկները, այլեւ Կապան քաղաքի 35 ընտանիք. նրանք մինչ օրս Կապանի գյուղմթերքի շուկայում սեփական վաճառակետեր ունեին, սակայն շուկայի տնօրինությունը «մեր երկկողմանի շինությունների կենտրոնում մի հսկա շինություն է կառուցում, որով մեկընդմիշտ կզրկվենք առեւտրի կետերն օգտագործելու հնարավորությունից»։ Մասիսի Դարբնիկ գյուղից Զիրավարդ Ղազարյանը խմբագրությունից է ուզում տեղեկանալ, թե ինչու են հանրակացարանում մի սենյակ զբաղեցնող միայնակ թոշակառուներ իրեն եւ իր ամուսնուն զրկել «Փարոսից» եւ հողակտոր ստանալու հնարավորությունից։ Տեղափոխվենք Երեւան։ Ավանի Բաբաջանյան փողոցի մի խումբ բնակիչներ 15 տարի առաջ աղբից ազատել են Ավանի արհեստական լճի հարակից տարածքն ու ծառապատել այն։ Սակայն վերջերս «հայտնվել են ինչ-որ մարդիկ ու զգուշացրել, թե մի քանի օրից գետնին են հավասարեցնելու մեր այգիները»։ Նամակից հետո նոր տվյալներ չենք ստացել «ջարդարարների» գործունեության մասին։ Հաջորդ կոլեկտիվ բողոքի հեղինակը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնող «Կարոտի կանչ» կազմակերպության անդամ կանայք են։ Նրանք դժգոհում են, որ էլեկտրաէներգիայի պարտքի մարման համար կառավարության տրամադրած դրամական փոխհատուցումներից իրենց բաժին չի հասել, իսկ «լույսի մարդը» սպասել չի ուզում։ «Ստացվում է, որ կառավարությունը կլորիկ գումարներ է տալիս բողոքավոր խավի ակտիվիստներին՝ նրանց բերանը փակելու համար, նրանք էլ, օգտվելով փող տվողների անհետեւողականությունից, այդ միջոցները ծախսում են սեփական հայեցողությամբ»,- եզրակացրել են նամակագիրները։ Մեր քաղաքացիները ոչ միայն բողոքում են ու դժգոհում, այլեւ փորձում են գործնական խորհուրդներ տալ իշխանավորներին՝ տարբեր խնդիրների լուծման համար։ Օրինակ՝ Երեւանի քաղաքապետին առաջարկել են դրսից ավտոբուսներ ներկրելու փոխարեն այդ գումարները ներդնել տեղական «Երազ» երթուղային տաքսիների նոր մոդելի արտադրության վրա. դրանք հարմար են, նաեւ աշխատատեղերի հարց կլուծվի։ Երեկ ստացանք հունիս ամսվա միակ լավատեսական նամակը. Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Ռուբեն Սինոյանի վերաբերմունքից խիստ շոյված են համայնքի վետերանները՝ թաղապետը սերտ համագործակցում է նրանց հետ, մասնակից դարձնում բազմաբնույթ ծրագրերին եւ նույնիսկ թույլ է տալիս զանգել իրեն՝ տուն։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել