Տավուշի մարզի Բերդ քաղաքի հյուրանոցում այսօր 10 ընտանիք է ապրում: Հինգը փախստականներ են Ադրբեջանի տարբեր շրջաններից:
Բերդում խոսում են, թե հյուրանոցն արդեն սեփականատեր ունի, եւ այդ խոսակցությունները խուճապի են մատնել հյուրանոցի բնակիչներին: Տասը ընտանիքների ճակատագիրն անհայտ է:
Ալավերդյան Անիչկայի ամուսինը՝ Վարդգես Անտոնյանը, զոհվել է 1997թ.: Այդ ժամանակ նրանք Բերդում վարձով էին ապրում: Դեպքից հետո քաղաքապետարանը ընտանիքին ժամանակավոր կացարան հատկացրեց հյուրանոցի շենքում: Անիչկան հյուրանոցում ապրում է երեք անչափահաս երեխաների՝ 17 տարեկան Անահիտի, 15 տարեկան Արթուրի եւ 13 տարեկան Արտակի հետ: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում։
Քաղաքապետարանի հետ պայմանավորվածության համաձայն՝ նրանք զեղչով են վճարում հյուրանոցի վարձը՝ ամսական 1500 դրամ:
40-ամյա Սարգսյան Անդրանիկը 1993թ. մայիսից կնոջ՝ Զոյայի եւ երեք երեխաների հետ ապրում է հյուրանոցի նկուղում: Երկուսն էլ աշխատում են քաղաքի կոմունալ ծառայությունում: Մեծ որդին՝ Կարենը, 17 տարեկան է, Արմենը՝ 15, Արսենը՝ 12։ Կարենը մինչեւ 2-րդ դասարան հաճախել է դպրոց: Անդրանիկը 14 հազար դրամ աշխատավարձ է ստանում, Զոյան՝ 11 հազար: «Էլի երկու ամիս է փող չենք ստանում, ու՞մ դիմեմ, ասե՛ք»,- հարցնում է կինը:
Կարենը Բերդի ճաշարաններից մեկում օգնական է եւ դրա համար փող է ստանում, այնտեղ էլ ուտում է: Բերդի հյուրանոցը ներկայումս համայնքի տնօրինության տակ է: Համայնքի ավագանին կարող է որոշում կայացնել եւ հյուրանոցի 10 սենյակ հատկացնել այդ ընտանիքներին: Հետո գուցե հնարավոր լինի գտնել որեւէ բարերար կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է վերանորոգել այդ սենյակները: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը նշեց, որ քաղաքում բնակարանային սուր խնդիր ունեցող 25-30 ընտանիք կա: «Ընդամենը մի շենքի հարց պետք է լուծենք, որ այդ խնդիրը լուծվի: Ես տարբեր միջազգային կազմակերպությունների հետ բանակցել եմ, առայժմ որեւէ մեկը չի կարողանում օժանդակել, բայց շարունակում եմ այդ ուղղությամբ աշխատել: Հյուրանոցի շենքը դեռ չի սեփականաշնորհվել: Եթե սեփականաշնորհվի էլ, այդ ընտանիքների հարցը պետք է լուծենք: Ոչ մեկին դուրս չենք թողնի, դա միանշանակ է: Նույնիսկ մի տարբերակ էլ կա. սեփականաշնորհել առանց մի կորպուսի, որտեղ կապրեն այդ 5 փախստականների եւ մնացած 5 ընտանիքները»,- ասում է քաղաքապետ Ա. Շառյանը:
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.hetq.am
Հ. Գ. Որքա՞ն գումար է անհրաժեշտ Բերդի 30 ամենաաղքատ ընտանիքների
բնակարանային հարցը լուծելու համար: Մեկ տարի առաջ փախստականների նորվեգական
խորհուրդը Երեւանի Սիլիկյան թաղամասում փախստականների համար կառուցեց 46
փոքրիկ առանձնատներ: Յուրաքանչյուր առանձնատան համար միջինը ծախսվեց $6500:
Փաստորեն, $195 000 է անհրաժեշտ 30 տների կառուցման համար: Եթե միջազգային
կազմակերպությունները, որոնք Հայաստանում ահռելի քանակությամբ փողեր են ծախսում
զանազան, հաճախ անարդյունավետ ծրագրերի վրա, աշխատեն այս ուղղությամբ, ապա
հնարավոր է այդ հարցը արագ լուծել:


















































