Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղե՛ք անկաշկանդ»

Սեպտեմբեր 01,2004 00:00

«Եղե՛ք անկաշկանդ» Հայ կանանց խորհուրդ է տալիս Լիպեցկում կայացած վարսահարդարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Արթուր Մանուկյանը: Հայ վարսահարդարը մրցույթին մասնակից ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների մրցապայքարում արժանացել է առաջին մրցանակի՝ վարպետության եւ տեխնիկայի ցուցադրման համար։ Ա. Մանուկյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ նա ավարտել է եւ Երեւանի պետական համալսարանը, եւ կոնսերվատորիան։ Տասը տարի աշխատում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում, վերջին յոթ տարիներին՝ «Մագա» գեղեցկության սրահում։ «Առավոտի» դիտարկմանը՝ «Փաստորեն զուգահեռում եք երգչի ու վարսահարդարի աշխատանքը», Ա. Մանուկյանն ասաց. «Երգչախմբում հոգիս եմ բավարարում, գեղեցկության սրահում՝ կենցաղս։ Ու դրանք գումարվում են՝ դառնալով հայկական կենսակերպ»։ Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ աշխարհի մասշտաբով հայ վարսահարդարները լավագույնն են։ «Հայերս ձեռքի շնորհքով մարդիկ ենք, մենք մեկ մկրատով կարող ենք անել նրանց (նկատի ունի արտերկրի վարսահարդարներին) մի քանի պրոֆեսիոնալ գործիքների աշխատանքը»,- գտնում է Ա. Մանուկյանը, մանրամասնելով, որ աշխարհի զարգացած երկրների վարսահարդարները հենվում են տեխնիկայի վրա, իսկ իրենք՝ ֆանտազիայի ու ձեռքերի, այլապես Հայաստան ժամանած աստղերը չէին վստահի հայ վարսահարդարներին։ «Այդ դեպքում ինչո՞ւ են ժամանակակից սանրվածքի հայաստանյան շոուները զիջում արտերկրում անցկացվող նման միջոցառումներին» մեր հարցին վարսահարդարը պատասխանեց. «Ես նման կարծիքի չեմ։ Կրկնում եմ, այսօրվա շոուները մարդու երեւակայության ու մասնագիտական հնարքների ցուցադրություն են։ Պարզապես, նման միջոցառումները պետք է ճիշտ կազմակերպվեն ու մատուցվեն»։ Ըստ մեր զրուցակցի, կյանքը սրընթաց առաջ է գնում, հետեւաբար սանրվածքն էլ պետք է ենթարկվի այդ տեմպին։ Ինչ վերաբերում է մազերի գունային գամմային, այն անսահմանափակ է, անակնկալներով լի՝ ինչպես յուրաքանչյուր բացվող օր։ Վարսահարդարը անմիջապես կանխեց մեր այն նկատառումը, թե այսօր հայ կանայք հնարավորություն չունեն «սրընթաց» հետեւելու սանրվածքին։ «Սանրվածքն ու գունային գամման կախված են յուրաքանչյուր կնոջ հոգեվիճակից։ Մանրամասնեմ՝ եթե կինը սիրահարված է, բնականաբար, պետք է ունենա համապատասխան սանրվածք ու մազերի վառ գույն։ Հակառակը, եթե կինը հոգեպես տխուր է կամ, ավելի ճիշտ, նրա խառնվածքն է այդպիսին, բնականաբար, վառ գույնը նրա դեմքի հետ համահունչ չի լինի»։ Վարսահարդարը հայ կանանց խորհուրդ տվեց ազատ, անկաշկանդ լինել իրենց որոշումներում, ընդգծելով, որ «մենք վախկոտ ազգ ենք, միայն դրսում ենք մեզ ազատ դրսեւորում։ Ապրում ենք հասարակության մեջ ու կարծես հասարակության համար, որ հանկարծ հարեւանդ թարս չնայի»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել