Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԿԱՍՈՂ ՕՂԱԿԸ

Սեպտեմբեր 08,2004 00:00

ՊԱԿԱՍՈՂ ՕՂԱԿԸ «Ո՜վ էր այդ մեղադրյալը, այդ ո՜ւր էր գնացել նա»,- եթե փոքր-ինչ վերափոխենք «Միմինո»-ի հերոսի հարցը՝ այսպես կարելի է բնութագրել օգոստոսի 24-ին Ծաղկաձորում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված գործի մեղադրական եզրակացությունից ստացած տպավորությունը: Քանզի այն չի պատասխանում մի էական հարցի՝ ինչո՞ւ էր մեղադրյալ Գագիկ Ստեփանյանը հարձակվել «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի վրա: Գուցե իրավական գնահատման առումով նրա արարքի որակմանը ոչինչ չի հավելում դրա դրդապատճառը: Բայց այնուամենայնիվ՝ մեղադրական եզրակացությունը կարծես հիշեցնում է մի շղթա, որի շատ կարեւոր օղակը պակասում է: Այն սկսվում է մի շարադրանքով, որից հետեւում է, թե նախաքննությամբ հիմնավորված է, որ որոշ առանձնատներ նկարահանելու ընթացքում Մխիթար Խաչատրյանին խոչընդոտել փորձած պահակը՝ Լյուդվիգ Հակոբյանը, եւ հետո լուսանկարչի նկատմամբ բռնություն գործադրած Գագիկ Ստեփանյանը գործել են առանձին-առանձին եւ Գրողների տուն միաժամանակ հասել են զուտ պատահաբար: Սակայն ինչո՞ւ էր այստեղ եկել Գագիկ Ստեփանյանը: Նախաքննական մարմինն անհիմն է գնահատել ու ձեռք բերված ապացույցներով հերքել նրա այն պատճառաբանությունը, թե լրագրողներն իրեն լուսանկարել էին գրկախառնված մի կնոջ հետ, ու ինքը ցանկացել էր ոչնչացնել միայն այդ կադրը: Գործում բազմաթիվ վկայություններ կան, որ հայհոյանքներ տալու եւ խփելու ընթացքում Գագիկ Ստեփանյանը շեշտում էր միայն ինչ-որ մեկի տունը նկարելը: Բայց թե հատկապես ում տունը՝ նա ո՛չ այն ժամանակ ասաց, ո՛չ էլ նախաքննության ընթացքում: Ու քրգործի մեջ թեեւ պահպանվել են ակնարկներ, որ Գագիկ Ստեփանյանի գործողությունների նպատակն ինչ-որ մեկի առանձնատան լուսանկարի հրապարակմանը խոչընդոտելն էր, սակայն այդքանով էլ սահմանափակված է՝ բացահայտված չէ կազմակերպիչը կամ բռնություններն ուղղորդողը: Նախաքննության մարմինը չի կարողացել կամ չի ցանկացել տալ պատվիրատուի անունը, դատարանն էլ, բնականաբար, չի դրսեւորի նման ձգտում, եւ մեղադրյալի աթոռին դարձյալ կհայտնվի միայն կատարողը: Ի դեպ, ամեն ինչ արվել է նրա վիճակը թեթեւացնելու համար՝ դրական բնութագիր բնակության վայրից, զղջման արձանագրված խոսքեր ու պատճառված նյութական վնասի փոխհատուցում, որ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը շուտով անպայման կգնահատի իբրեւ Գագիկ Ստեփանյանի մեղքը թեթեւացնող հանգամանք: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել