Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ «ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ»

Սեպտեմբեր 11,2004 00:00

ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ «ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ» «Ազգային միաբանություն» կուսակցության ակտիվի հետ երեկվա հանդիպմանը ակնկալվում էր, որ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կհրապարակի վաղօրոք հայտարարված սյուրպրիզի մասին։ Սակայն ո՛չ Գեղամյանին դիմավորող ու ճանապարհող ակտիվիստների ծափերն ու օվացիաներն էին նորություն, ո՛չ էլ «ԱՄ» նախագահի ելույթը։ Թերեւս միակ նորությունը կուսակցության տարբեր ստորաբաժանումների կողմից արված հայտարարություններն էին (թվով՝ 4 հատ), քանի որ սովորաբար նման հանդիպումները սահմանափակվում են պրն Գեղամյանի ճառով։ «Հավելյալ» հայտարարությունները հետեւյալն էին. 1. «ԱՄ» համամասնական ցուցակում ընդգրկված մարդիկ ոչ մի դեպքում չեն համաձայնի դառնալ պատգամավոր, եթե իշխանությունները որոշեն «ԱՄ» գործող պատգամավորներին զրկել մանդատներից եւ նորերին բերել խորհրդարան։ 2. «ԱՄ» խմբակցության հայտարարությունն այն մասին էր, որ «Արտաշես Գեղամյանին կամ յուրաքանչյուրիս մանդատից զրկելու դեպքում բոլորս կհրաժարվենք պատգամավորական մանդատներից»։ 3. Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ թեպետ ինքը այլեւս «ԱՄ» խմբակցության անդամ չէ, բայց խմբակցությանը մանդատից զրկելու դեպքում խնդրում է իրեն եւս զրկել։ 4. «ԱՄ» կուսակցության նախագահության հայտարարությունն առ այն, որ կուսակցությունը սեպտեմբերի 19-ին թիվ 44 ընտրատարածքում հանձնաժողովի անդամներ նշանակելու իր իրավունքից հրաժարվում է։ Բավականին յուրօրինակ էր կառուցված հայտարարությունն ընթերցող կուսակցականների խոսքը։ Բոլորը միաձայն պնդում էին, որ իշխանությունների բոլոր քայլերն ուղղված են ընդդեմ Արտաշես Գեղամյանի։ «Այս հանցավոր իշխանությունների հիմնական թիրախը եղել եւ մնում է Արտաշես Գեղամյանը»,- հայտարարեց կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը։ Կորյուն Առաքելյանն իր հերթին հավաստիացրեց. «Չարի վերջը գալու է, քիչ մնաց, մի փոքր էլ համբերեք, Արտաշես Գեղամյանի հետ «ԱՄ»-ն հաղթանակելու է»։ «ԱՄ» համամասնական ցուցակում ընդգրկված եւ պատգամավոր չդարձած նախկին կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը իր եւ ցուցակի բոլոր 77 «ԱՄ»-ականների անունից ասաց. «Մեր մեջ դավաճաններ չփնտրեք, մեր մեջ կաշառված մարդիկ չկան»։ Իր խոսքում Արտաշես Գեղամյանը ծավալուն վերլուծություն կատարեց՝ մանդատներից զրկելու թեմայից սկսած մինչեւ աշխարհաքաղաքական գնահատականներ։ Մանդատներից զրկելու մասին «ԱՄ» նախագահն ասաց, թե հարցի քննարկումը պարտադրված է իշխանությունների կողմից, որպեսզի ավելի լուրջ խնդիրների՝ արտագաղթի եւ երկրի դժվարին սոցիալ-տնտեսական վիճակի շուրջ քննարկում չլինի. «Որ քաղաքական գործիչը ամբիոն է բարձրանում, մանդատներից է խոսում, որովհետեւ մանդատներից զատ իրենք բացարձակ զրո են, մանդատ չունենան՝ գիշերը իրենց կանայք ծոցը չեն թողնի»։ Նախորդ իշխանությունների մասին Արտաշես Գեղամյանն ասաց, որ «նախկիններին» ինքը հասկանում է. իրենց ինտելեկտուալ մակարդակով «նախկինները» կարող են «Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին ու իրենց կլանին դասախոսություններ կարդալ»։ Բայց ժողովուրդը հիասթափված է, գուցե ժամանակը վերքերը սպիացնի, սփոփում է Ա. Գեղամյանը. «Եվ եթե դուք, հարգելի ՀՀՇ-ականներ, իրոք, հայրենասերներ եք, ապա չպետք է իշխանությունների հետ հավասար քարկոծեք ընդդիմությանը։ Եվ մի ասեք՝ ընդդիմությունը վերջնականապես տապալվեց, ընդդիմությունը իրեն սպառել է։ Ախր, որտեղի՞ց իմացաք՝ սպառե՞լ է, թե՞ չի սպառել»։ Մամուլին եւս բաժին հասավ։ Ըստ Արտաշես Գեղամյանի՝ բոլոր թերթերը քննադատում են ընդդիմությանը. «Հավասարաչափ ընդդիմությանը վարկաբեկելու գործընթաց էին իրականացնում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր լրատվամիջոցները։ Որ թերթը բացում ես, ասում են՝ խարիզմատիկ լիդեր չկա։ Ասում են՝ ընդդիմությունը վճռական չէ։ Ընդդիմությունն այն չէ, երբ ժողովրդին արյան բերանն են տանում։ Վճռականությունը ո՞րն է, անպայման մեկը պիտի մեռներ, ճոխ թաղում անեին, հետո դրա վրա սպեկուլյացիա անեի՞ն»։ Արտաշես Գեղամյանը, ի թիվս քաղաքական հարցերի, բավականին ծավալուն անդրադարձավ նաեւ Լեւոն Մարկոսին եւ վերջինիս 17 մլն դոլարին. «Պաշտպանության նախարարը հայտարարեց, թե Լեւոն Մարկոսը եւ Մարտին Հովհաննիսյանը իրենց ամբողջ կարիերան արել են շանտաժով եւ կոռուպցիայով։ Շանտաժով են արել՝ ձեռքը բռնեիր։ Եթե շանտաժ են արել, կնշանակի տեղ ունեին անելու։ Եվ հետո, ի՞նչ եք միամիտի տեղ դրել մի ամբողջ ազգի։ Մարտին Հովհաննիսյանին փախցրել են ՀՀ-ից նույն իշխանությունները։ Ասեղ չէր, որ անհայտ կորեր, երբ քրգործ էր հարուցված։ Հիմա մեղքը ուզում են բարդել Լեւոն Մարկոսի վրա։ Որովհետեւ տղամարդը համարձակություն ունի, որովհետեւ չի հանդուրժում, որ 17 միլիոն դոլար կողոպտել են»։ Իր ելույթի վերջում Արտաշես Գեղամյանը մի քանի դիմումներ հղեց մի քանի ուղղություններով։ Դիմելով բոլոր քաղաքական ուժերին՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Բոլորս պարտավոր ենք հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա, ապագայի՝ համախմբվել։ Գաղափարը մեկն է՝ ոչ թե Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հեռացնել, ո՛չ։ Երկիրը տեղափոխել բնականոն սահմանադրական զարգացման դաշտ»։ Մեկ դիմում էլ Ռոբերտ Քոչարյանին ուղղվեց. «Պրն Քոչարյան, դուք ծայրաստիճան խրվել եք»։ Պրն Գեղամյանը նախագահին առաջարկեց ցրել ԱԺ-ն եւ դառնալ նոր ընտրությունների երաշխավորը։ Դիմումներից մեկն էլ ուղղված էր ընդդիմադիր դաշտի գործընկերներին. «Դուք մեզնից լավն եք, մեզնից հեղինակավոր եք, դուք մեզնից խարիզմատիկ եք, ձեզ ավելի շատ մարդիկ են հետեւում։ Մենք ձեզ ծառա։ Միայն թե համախմբված հանդես եկեք եւ մի ասեք, թե գնացքից թռչելու ժամանակն է։ Գնացքից ով թռել է՝ վաղուց չոլերում կոտորվել է»։ Հայտնի դարձավ նաեւ, որ «ԱՄ»-ն շարունակելու է բոյկոտել ԱԺ աշխատանքները, այսինքն՝ չի մասնակցելու նիստերին, բայց օգտագործելու է հայտարարությունների ժամը, նաեւ՝ միջազգային ատյաններում աշխատելու հնարավորությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Վերջում լրագրողները հարցրին՝ իսկ ո՞րն էր սյուրպրիզը. «Ով աչք ունի՝ տեսավ, ով ականջ ունի՝ լսեց»,- եղավ աստվածաշնչյան պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել