Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 21,2004 00:00

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ Ինչու է մեր քաղաքական վերնախավը զարմացել Թերի Դեւիսի զեկույցից Այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը հետաքրքիր դրսեւորումներ է ունենում. չընկալելով եւ մեկուսանալով համաշխարհային գործընթացներից՝ մերոնք ինչ-որ սխեմաներ են հնարում եւ հավատում դրանց, մինչեւ «պալիտբյուրոն»՝ Եվրոպան եւ Պուտինը, հայտարարություն անեն մեր մասին: Եվ խախտվում է ներքաղաքական իդիլիան՝ իշխանությունով, ընդդիմությունով, չեզոքներով՝ գումարած պոլիտոլոգները: Հետո շատ արագ ամեն ինչ տեղն է ընկնում՝ նույն սխեմաները, նույն իդիլիան, հետո նորից հայտարարություն, խառնաշփոթ, արդարացումներ, եւ այսպես շարունակ: Թերի Դեւիսի զեկույցը Ղարաբաղի խնդրի շուրջ հերթական անգամ խախտեց հայրենի քաղաքական գործիչների հանգիստը: Բոլորն այնպես էին զարմացել եւ անակնկալի եկել, կարծես Դեւիսի հետ պայմանավորվածություն կար հակառակի մասին: Սակայն, եթե հայրենի քաղաքական գործիչների իրական զբաղմունքը լիներ քաղաքականությունը, եւ նրանց կից տասնյակ վերլուծական-քաղաքական կենտրոններն իրենց նեղություն տային օրը մեկ ժամ ինտերնետ նայել, նվազագույնը անակնկալի չէին գա: Իսկ եթե իրադարձությունների ընթացքին հետեւեին գոնե մեկ տարի, մեկ-մեկ էլ թերթ կարդային, կհասկանային նաեւ այդ զեկույցում նշված թեզերի էությունը: Մի կողմ թողնենք այն, թե զեկույցը ինչ նշանակություն կարող է ունենալ /ԵԽ-ում մեր պատվիրակները պնդում են, թե այն որեւէ իրավական ուժ չունի/: Զեկույցում շատ է խոսվում հատկապես մարդկային գործոնի մասին, որը հայրենի գործիչների համար չպետք է որ նորություն լիներ. Արեւմուտքի քաղաքակրթական արժեքային համակարգի հիմքում մարդն է: Եթե մենք հայտարարում ենք, թե ուզում ենք եվրաինտեգրվել, պիտի այսքանը իմանայինք: Եվրապատասխանատուները եւ մասնավորապես՝ Թերի Դեւիսը բազմիցս հայտարարել են, թե կոնֆլիկտների լուծման սկզբունքը մարդու իրավունքներն են: Դեւիսը հայրենի քաղաքական գործիչներին, թերեւս հաշվի առնելով նրանց ընկալունակության աստիճանը, բավական բաց տեքստով բազմիցս ասել է, որ իրեն տարածքները չեն հետաքրքրում, այլ՝ մարդիկ: Գանք մարդկային գործոնին եւ փորձենք դրան նայել Դեւիսի կամ որեւէ եվրապատասխանատուի աչքերով: Նախ, այսօր ԵԽ-ում Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերի գերակշիռ մասի գաղափարախոսությունը մերժում է մարդուն՝ որպես արժեքի: Դրա փոխարեն բավական վերացարկված հասկացություններ են՝ հայրենիք, հող, միասնություն, ցեղ եւ այլն /5-րդ դասարանի դասագրքում գրված է, թե ցեղատոհմային հարաբերությունները Հայկական լեռնաշխարհում վերացել են Ք.ա. 5-3 հազարամյակում/: ՀՀ պատվիրակությունը ԵԽ-ում իրենից ներկայացնում է ցեղասոցիալիստական գաղափարախոսություն կրողների տարօրինակ մի խառնուրդ, որը հաստատ չի ներկայացնում մարդուն: Ըստ այդմ, այդ պատվիրակության ներկայացրած փաստարկները անհասկանալի են մնում եվրոպացիներին, հաճախ՝ անընդունելի: Գանք Ղարաբաղին: Ենթադրվում էր, որ ռազմական հաղթանակներից հետո պետությունը եւ ողջ հայությունը պետք է լծվեին ազատագրված տարածքների եւ սահմանամերձ շրջանների վերաբնակեցման եւ վերաբնակների համար կեցության բնականոն պայմաններ ստեղծելու գործին: Տարրական ճշմարտություն է՝ հողը նրանն է, ով ապրում է նրա վրա: Միայն զենքով հայրենիք չես պահի, քանի որ չկա հայրենիք առանց ժողովրդի: Ինչո՞ւ այսօր Լաչինից չեն խոսում. որովհետեւ, լավ թե վատ, այնտեղ առկա է մարդկային գործոնը: Իսկ մնացած տարածքնե՞րը: Զինադադարից 10 տարի անց քանի՞ բնակավայր է ստեղծվել, որքա՞ն վերաբնակիչ կա: Ի՞նչ մարդկային գործոն ենք հակադրում այդ տարածքները վերադարձնելու պահանջներին: Իսկ իրականությունը հուշում է, որ մարդկայինից բացի, մնացած գործոնները՝ պատմական արդարությունից սկսած, վերջացրած հայրենասիրական պոռթկումներով, ժամանակակից աշխարհում արժեք չունեն: Հայրենասիրությունն ու ազգասիրությունը ամենահեշտ բանն են. մտահոգ տեսքով նստում ես բազմոցին, նայում Մասիսին, հայհոյում ու դատապարտում ամբողջ աշխարհն ու մարդկությանը, մանավանդ որ դա մեզանում խրախուսվում է: Դժվարը թեւքերը քշտած օրնիբուն աշխատելն է, ներկան եւ սերունդների ապագան կերտելը: Ի վերջո, ասված է՝ տրվածը չբազմապատկողից եղածն էլ վերցնելու են: ՄԵԼԻՔ ԵԳԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել