Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերկապարանոցը Դեւիսի զեկույցի որոշ մասերն են»

Սեպտեմբեր 25,2004 00:00

«Մերկապարանոցը Դեւիսի զեկույցի որոշ մասերն են» Գնահատում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ակտիվացումը Վահան Հովհաննիսյանը արտառոց չի համարում: Նրա մեկնաբանությունը եղանակային է. «Պարզապես ամառն անցավ: Նրանք, ովքեր տարբեր ատյաններում զբաղվում էին Ղարաբաղի հարցով, վերադարձան իրենց հանգստից եւ, բնական է, որ աշխուժացան եւ ակտիվացան»: Պրն Հովհաննիսյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: ԱԺ փոխնախագահը կրկնեց օրերս իր իսկ հայտարարությունն այն մասին, որ Թերի Դեւիսը բրիտանացի պատգամավոր լինելով՝ իր զեկույցը Ղարաբաղի մասին գրել է՝ առաջնորդվելով բրիտանական նավթային շահերով. «Նրա կազմած փաստաթուղթը ոչ մի առնչություն չունի եվրապառլամենտականների տեսակետի հետ: Եվ մենք իսկապես պետք է մտահոգ լինենք, որովհետեւ մյուս զեկուցողն էլ բրիտանացի է լինելու, եւ թույլ չտանք, որպեսզի ինչ-որ նավթային շահեր քաղաքական թելադրանք դառնան այս կամ այն փաստաթղթի ձեւով»: Իրավիճակը Վահան Հովհաննիսյանը տագնապալի չի համարում, այլ՝ մտահոգիչ: Վահան Հովհաննիսյանը եւս համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի՝ մամուլում օրերս հնչած հայտնի գնահատականներում ոչ մի նոր բան չկա. «Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, միշտ էլ վստահ ենք եղել, որ որեւէ միջնորդ մեր փոխարեն փաստաթուղթ չի ստորագրելու, ադրբեջանցիների փոխարեն չի ստորագրելու, մենք պիտի ստորագրենք եւ պատասխան տանք չստորագրելու համար կամ ստորագրելուց բխող բոլոր հետեւանքների համար»: Հակադարձելով Վիկտոր Դալլաքյանի գնահատականներին (հասցեատերը ԱԳ նախարար Օսկանյանն էր)՝ «դաշտային հրամանատար» եւ «տղայական», ԱԺ փոխնախագահը նկատեց. «Դաշտային հրամանատար» բառերը դարձնել հայհոյանք, կարծում եմ՝ մի քիչ վաղ է, այդ մարդիկ միգուցե դեռ պետք գան»: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի այն պնդմանը, ըստ որի՝ Թերի Դեւիսի զեկույցը իրավական հիմք չի կարող ունենալ, Վահան Հովհաննիսյանը ասաց. «Ունի, իրավական ուժ չի կարող չունենալ մի փաստաթուղթ, որի հեղինակը դարձել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար: Չի լինում այդպիսի բան, եւ դա պետք է հասկանալ: Եթե իրավական որեւէ նշանակություն չունենար, չէր էլ հնչի: Հնչել է, ուրեմն՝ նշանակություն ունի»: Վահան Հովհաննիսյանը չի համարում, որ մերկապարանոց մեղադրանքներ է հնչեցրել (ինչում իրեն մեղադրում է ԱԺ մյուս փոխնախագահը), «որովհետեւ մենք գիտենք, որ պարոն Դեւիսի զեկույցի առանձին դրվագներ իսկապես մերկապարանոց են: Եվ երբ տեսնում ես միանշանակ կողմնակալ դիրքորոշում մի կառույցի կողմից, որը չունի կոնֆլիկտի ուսումնասիրության այն փորձը, ինչ որ ունի ԵԱՀԿ-ն, սկսում ես քո հետեւություններն անել: ԵԽ-ն դա ընդունում է, թե ոչ՝ ինձ չի հետաքրքրում»: Իսկ արդյո՞ք բավարար է աշխատել հայաստանյան պատվիրակությունը ԵԽԽՎ-ում, որպեսզի այդ կառույցում հնչած որեւէ զեկույց շահեկան լինի Հայաստանի համար: «Առավոտի» այս հարցին պատասխանելով՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ իրենք արել են ինչ-որ իրենց ուժերի մեջ եղել է: Եթե այն, ինչ նրանք կարող էին անել, արեցին, եւ դա բավարար չէր, ուրեմն մենք պետք է մտածենք նրանց հնարավորությունները մեծացնելու մասին»: Թեպետ պարոն Հովհաննիսյանն ասաց նաեւ. «Մենք մտահոգություն ենք հայտնում, որ Աթկինսոնի (Ղարաբաղի հարցով հաջորդ զեկուցողի.- Մ. Ե.), զեկույցը կարող է չլինել այնքան հայանպաստ, ինչքան մենք կուզեինք, կամ՝ գոնե անաչառ: Եթե ժամանակին այդ նույն մտահոգությունը Թերի Դեւիսի սպասվելիք զեկույցի մասին հայտնած լինեին, միգուցե Դեւիսի զեկույցն էլ մի քիչ այլ կերպ ձեւակերպված լիներ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել