Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆԱԿ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Սեպտեմբեր 25,2004 00:00

ԵՎ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆԱԿ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ Արդեն վատ «ավանդույթի» ուժով՝ «Արդարություն» դաշինքի գործիչներից եւ ոչ մեկը երեկ ներկա չէր դատական այն նիստին, ուր քննվում էր Գրիշա Վիրաբյանի բողոքը, որով նա պահանջում էր պատասխանատվության ենթարկել իրեն խոշտանգած ոստիկաններին: Իր ոտնահարված իրավունքներն արդեն 3-րդ ատյանում՝ Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերի պալատում ապարդյուն պաշտպանել փորձող Գրիշա Վիրաբյանի կողքին էր միայն ՀԺԿ անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, որն իր պայմանական պատիժն է կրում Գյումրիի միջադեպին մասնակցելու համար, ու նաեւ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանը: Դեռ հունիսի 6-ին էր Վիրաբյանի պաշտպանը դիմել դատախազություն՝ Գրիշա Վիրաբյանին ծեծի ենթարկած Արտաշատի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությամբ: Միջնորդությունը մերժվել էր՝ որակվելով անհիմն այն պատճառաբանությամբ, թե իբր Գրիշա Վիրաբյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննության ընթացքում քննվել են նաեւ ոստիկանների գործողությունները եւ չի հայտնաբերվել նրանց կողմից պաշտոնական լիազորությունների սահմանազանցման հանգամանք: Կարելի էր եզրակացնել, թե Գրիշա Վիրաբյանին խոշտանգելը՝ նրա կրծքավանդակը, կողերը եւ ամորձիները վնասելը ոստիկանների լիազորությունների շրջանակում է: Սակայն նախաքննության մարմինը գտել է, թե այդ խոշտանգումներն իրականացրածներից մեկը՝ Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանը, «գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում», ուստի եւ «չի իրականացվել քրեական հետապնդում»: Այդ որոշումը Վիրաբյանի պաշտպանը բողոքարկել էր Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որն առանց քննության էր թողել այն՝ հիմնավորելով, թե պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ քննիչի որոշումն ընթացակարգային է եւ ՔԴՕ-ի համաձայն՝ ենթակա չէ դատական բողոքարկման: Երեկ էլ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ հաստատեց այդ մոտեցումը: Սակայն դատավարության ընթացքում պալատի անդամներից մեկը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանը (հայտնի է «Վահան Հովհաննիսյան+30» գործով) մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Վիրաբյանն առաջարկում քրեական հետապնդում սկսել ոստիկանների դեմ, երբ հարուցված է եղել քրգործ. «Դուք, փաստորեն, դժգոհ եք նախաքննության ընթացքից եւ արդյունքներից»: Ակնարկը պարզ էր՝ վիճարկեք գործը կարճելու որոշումը, ինչն, ի դեպ, Գրիշա Վիրաբյանը դարձյալ արել է՝ բողոք հղելով դատախազություն: Մարդու իրավունքների պաշտպանի իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանը դատավարությունից հետո հաստատեց, թե առանձին քրգործ հարուցելու մասին միջնորդության մերժումը բողոքարկելն այն խնդիրը չէր, որ ի սկզբանե պետք էր վիճարկել. «Հարկ էր բողոքարկել տվյալ քրեական գործում ոստիկանության դեմ կատարված քննության վերաբերյալ որոշումը, որով հետապնդում չիրականացվեց ոստիկանների դեմ: Այսինքն՝ այն իբր իրականացվել էր ու դադարեցվել: Մենք գտնում ենք, որ տվյալ քրգործով ոստիկանության դեմ կատարվել է ոչ օբյեկտիվ քննություն, եւ փոխանակ Գրիշա Վիրաբյանին վերագրեին ինքնապաշտպանություն՝ այն վերագրվել է ոստիկաններին»: Գրիշա Վիրաբյանը հայտնեց, թե քրգործը կարճելու որոշման դեմ իր բողոքին դեռ պատասխան չի ստացել դատախազությունից: Հեշտ է կանխատեսելը, որ այն եւս բացասական կլինի: Սակայն նա եւս մեկ անգամ հայտարարեց. «Գնալու եմ մինչեւ վերջ՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ես հույս չունեմ, որ Հայաստանում կարող եմ հասնել արդարության»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Իսկ թե ինչպես է նախաքննության մարմինը «քննել» Գրիշա Վիրաբյանի նկատմամբ իրականացված խոշտանգումները՝ գործի նյութերի հիման վրա կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել