Լրահոս
Օրվա լրահոսը

«2004-Ի ՎԵՐՋԸ ՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻ»

Հոկտեմբեր 02,2004 00:00

«2004-Ի ՎԵՐՋԸ ՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻ» Երկուշաբթի սկսվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Հոկտեմբերի 7-ին, Ստրասբուրգի ժամանակով՝ ժամը 15-ին, կքննարկվի Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին բանաձեւերի կատարումը: Այդ մասին Հայաստանի հարցով զեկուցող Յերժի Յասկերնիայի նախապատրաստած բանաձեւի նախագիծը ԵԽԽՎ Դիտարկման հանձնաժողովը միաձայն ընդունեց սեպտեմբերի 15-ին։ Դրանից հետո Հայաստանում բազմիցս անդրադարձ եղավ Յասկերնիայի նախապատրաստած փաստաթղթերին, սակայն այնուամենայնիվ՝ նրա զեկույցի որոշ հատվածներ մինչ այժմ էլ մնացել են չհրապարակված: Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակն արդեն իսկ տարածել է զեկույցի թարգմանությունը, որից այժմ կմեջբերենք զեկուցողների հուշագրի որոշ հատվածներ: Անդրադառնալով 2003-ի ընտրություններին՝ Յասկերնիան նշել է, թե ընտրակեղծիքների հայտնաբերման լուրջ հետաքննություն չի իրականացվել, ու նաեւ՝ «ԿԸՀ-ի ձեռնարկած միակ գործողությունն այն էր, որ ընտրական հանձնաժողովներին եւ ընտրատարածքների աշխատակազմերին տրամադրվել էին ընտրությունների պատշաճ կազմակերպմանը վերաբերող երկու տեղեկատվական թերթիկ»: Այս նախադասությունը զեկուցողն ավարտել է բազմակետով: Անդրադարձ կա ԱԺ մեծամասնության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը. «Հայաստանի հասարակության բեւեռացումը, թվում է, չի նվազում։ Այս անտագոնիզմը, որը որոշ մեկնաբաններ գնահատել են որպես «եղբայրասպան», իրականում կարող է երկու կողմն էլ թուլացնել»։ Յասկերնիան առաջարկում է ԱԺ մեծամասնությանը՝ շարունակել խթանել երկխոսությունը. «Իսկ ընդդիմությունը պետք է իր կողմից դադարեցնի անիրագործելի եւ ոչ արդյունավետ պահանջների առաջադրումը»։ Զեկույցի մի առանձին ենթաբաժին վերաբերում է իրականացված խոշտանգումներին: Համազեկուցողը մատնանշում է, որ Հայաստանը պարտավոր է վերջ դնել դրանց, մինչդեռ ոստիկանության կողմից կալանված անձինք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի: Յասկերնիան անդրադառնում է նաեւ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին ծեծի ենթարկելու դեպքին եւ նշում, թե գլխավոր դատախազությունը «չկարողանալով բացահայտել պատասխանատուների ինքնությունը՝ հետաքննությունը դադարեցրել է հավանաբար չափազանց շուտ»։ Անդրադառնալով «Ա1+»-ի խնդրին՝ զեկուցողը նկատառում է հայտնում, թե «Հեռուստաընկերության լրագրողներին եւ ծրագրերն այլ հեռուստաընկերություններում ընդգրկելը խոսքի ազատության խնդիրների լուծման ճանապարհ չէ»։ Սա թերեւս արձագանք է այն թյուրիմացության, որ իր զեկույցում մեջբերել է Յասկերնիան. նրան համոզել են, թե «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որը 2002-ին ստացել էր «Ա1+»-ի արտոնագիրը՝ «2004-ի մայիսից դադարեցրել է հեռարձակումը եւ փոխարինվել «Առավոտ» հեռուստաալիքով»: Զեկուցողին թերեւս միտումնավոր ապատեղեկացրել են՝ նաեւ նման պնդում մատուցելով, թե ապրիլի 5-ին տուժած լրագրողներից «ստացված վնասի համար փոխհատուցվել են Հանրային հեռուստատեսության, «Կենտրոն» հեռուստատեսության, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողները, իսկ «Առավոտը» ետ էր վերցրել իր բողոքը»։ Զեկույցի այս վերջին արձանագրումը բացարձակապե՛ս չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ, Հ1-ն էլ չի ստացել որեւէ փոխհատուցում: Հայաստանի իշխանության՝ Յասկերնիային մատուցած եւս մի տեղեկատվություն է մեջբերված զեկույցում. «Պաշտոնապես ընդունվել է, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանի բնակարանի խուզարկումը անհրաժեշտ չի եղել։ Այն կատարվել է, որովհետեւ ոստիկանությունը զենք գտնելու կասկած է ունեցել, քանի որ պարոն Գեղամյանը նման տպավորություն ստեղծող ակնարկներ էր արել»։ Թե ինչ ակնարկներ էր արել պրն Գեղամյանը՝ միայն Յասկերնիային եւ նրա հետ «գերազանց համագործակցած» (իր իսկ բնորոշումն է) իշխանությանն է հայտնի: Սակայն մեջբերենք զեկույցի եզրակացությունների բաժնից. «Հայաստանը մեկ անգամ եւս հայտնվել է Եվրոպայի շրջանակներում ժողովրդավարական ապագայի եւ ԱՊՀ-ին ու Ռուսաստանին միտված ներփակված վարչակարգի հեռանկարի խաչուղիներում»։ Եզրակացություններից մեկը վերաբերում է դարձյալ ընդդիմությանը, թե այն պիտի հասկանա, որ «իր դերը պետք է գլխավորապես կատարվի խորհրդարանում, եւ փողոցներում անցկացվող հանրահավաքները պատշաճ լուծում չեն»։ Այսուհանդերձ՝ Յերժի Յասկերնիան արձանագրում է, որ իրավիճակն անորոշ է մնում նրանց համար, ովքեր քննադատաբար են տրամադրված իշխանության նկատմամբ. «Մարդու իրավունքների խախտումները, մասնավորապես՝ մամուլի ազատության ոտնահարումները եւ խտրականության հաճախակի հանդիպող դեպքերը, շարունակվում են երկրում»: Ընդգծելով, թե Հայաստանում լարվածությունը դեռեւս բարձր է՝ հասարակության խորացող բեւեռացման պատճառով, Յերժի Յասկերնիան կանխատեսում է. «2004-ի վերջը որոշիչ կլինի մեծամասնության եւ ընդդիմության հաշտեցման գործում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031