Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐԸ՝ ՀՕԳՈՒՏ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

Հոկտեմբեր 05,2004 00:00

Նախագահի
վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը մեկնաբանում է այն փաստը, որ
իրենց նկարահանումներից հետո երթեւեկության կանոնների խախտման համար տույժերի
գումարը հասել է 250 հազար դրամի: Այն պարտադրում են մուծել ոստիկանական համակարգում
գրանցված «Վահան» հիմնադրամին: Երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված
տուգանքները չեն անցնում 10 հազար դրամից: Սակայն այս նկարահանումներից հետո ոստիկանները
շքեղ մեքենաների տերերին պարտադրում են մուծումներ կատարել «Վահան» բարեգործական
հիմնադրամի հաշվեհամարին: Եվ օրեր շարունակ տուգանային հրապարակում են պահում այն
մեքենաները, որոնց տերերը հրաժարվում են 250 հազար դրամ փոխանցել հիմնադրամին՝ սպառնալով,
թե կհրապարակեն նրանց անունները: Մեր հարցին ի պատասխան, թե իրենց գիտությա՞մբ
է արվում այս ամենը՝ Վահրամ Բարսեղյանը հարկ համարեց պարզաբանել. «Երթեւեկության
կանոնների մեր իրականացրած դիտարկման խնդիրն է ուսումնասիրել առկա վիճակը, քանի որ
բնակչությունը հարցեր է արծարծում, թե ինչ խախտումներ են թույլ տալիս թանկարժեք մեքենաները
կամ դրանց ուղեկցող անձինք: Իրոք՝ այս առումով կան մտահոգիչ եւ անընդունելի երեւույթներ:
Մեր գործառույթը սահմանափակվում է նրանով, որ ուղղակի արձանագրում ենք, թե այս կարգի
խախտումներ կան եւ ոստիկանության ուշադրությունը հրավիրում, որ խստացնեն ռեժիմը:
Իսկ պատիժների մասով՝ կա վարչական իրավախախտումների նորմատիվային բազա, որով պետք
է առաջնորդվեն նրանք: Ինչ վերաբերում է «Վահան» հիմնադրամին՝ այն վերահսկողական ծառայության
հետ ընդհանրապե՛ս կապ չունի՝ ոստիկանությանն աջակցող հիմնադրամ է»: Կարելի
է արձանագրել, որ վերահսկողական ծառայությունն իր այս ուսումնասիրությամբ ուղղակի
ավելացրե՞ց պետավտոտեսուչներին տրվելիք գումարների չափերը: Մեր այս դիտարկմանն ի
պատասխան՝ պրն Բարսեղյանն ասաց. «Ուղղակի ընդունելի չէր լինի, եթե անտարբեր լինեինք
երթեւեկության առումով քաղաքում տիրող իրավիճակին: Ուսումնասիրությունների ավարտից
հետո կլինի քննարկում: Մենք էլ ունենք որոշ մտահոգիչ փաստեր՝ ոչ այդ 250 հազար դրամների,
այլ ընդհանրապես՝ տվյալ գործընթացի առնչությամբ, թե ինչ պետք է արվեր»: Նշենք,
որ երկրի ղեկավարի պաշտոնական կայքի համաձայն՝ «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն
իրականացնում է գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական
ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
հանձնարարականների ու կառավարության որոշումների կատարման վերահսկումը»: Արդյոք նման
ուսումնասիրություններ ձեռնարկելը եւ պետավտոտեսուչների խնդիրներով զբաղվելը նախագահի
վերահսկողական ծառայության գործառույթների նշաձողի իջեցո՞ւմ չէ: «Դա մեր հիմնական
գործը չէ,- նկատեց Վահրամ Բարսեղյանը:- Վերահսկողական ծառայությունն ունի նաեւ նամակների
ու բողոքների բաժին, եւ երբ խմբավորում էինք ստացված նամակները, տեսանք, որ մեծ քանակի
բողոքներ կան, թե տարրական կանոնների իսկ չեն ենթարկվում որոշ մեքենաներ ու ստեղծում
են վտանգավոր իրավիճակներ մայրաքաղաքի կենտրոնական մասում: Եվ մենք ուղղակի պարտավոր
էինք ուսումնասիրել իրավիճակը եւ զեկուցել հանրապետության նախագահին: Բայց, այո՛,
դա մեր ծրագրի մեջ մտած խնդիր չէ: Մենք այսօր զբաղվում ենք կենսաթոշակային հիմնադրամի
բարեփոխումների ոլորտով, ուսումնասիրում հարկային ու մաքսային համակարգերը, դատական
ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եւ այլն: Ուղղակի երբ «պատուհան» ենք ունենում՝
զբաղվում ենք նաեւ այս հարցով»: Այսինքն՝ աշխատանքից հետո կամ ընդմիջումներին նախագահի
վերահսկողական ծառայության ղեկավարը միշտ իր հետ է վերցնում տեսախցի՞կը: Կեսկատակ
տրված հարցին Վահրամ Բարսեղյանը պատասխանեց լրջորեն. «Տեսախցիկով նկարահանելու նպատակը
միայն արձանագրելն է, որ իրոք կան նման խախտումներ՝ այդ դեպքում այլեւս չեն կարող
ժխտել: Գուցե թե սա իրոք «նշաձողի» իջեցում է, բայց այս ամենը զուտ օժանդակ դիտարկում
է, եւ ոչ հիմնական գործ»: Նա խոստացավ դիտարկումների ամփոփումից հետո հայտնել
լրացուցիչ մանրամասներ. «Անպայման անելու ենք մի քանի առաջարկներ: Օրինակ՝ կարծում
եմ, արժե Երեւանի կենտրոնական փողոցներում թեկուզ փորձնական ձեւով տեղադրել տեսախցիկներ:
Հաշվարկներ են արվում՝ տեսնենք, թե ֆինանսապես արդյոք արդյունավետ կլինի՞ դա: Հետո՝
շինարարական միջոցառումներ պիտի անցկացվեն Արշակունյաց պողոտայից փոքր օդանավակայան
հատվածում, որտեղ լինում են հիմնական վթարները, քանի որ այս հատվածում երթեւեկում
են բարձր արագությամբ: Անպայման պիտի նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում
խստացումներ լինեն որոշ դրույթների մասով: Եվ սա մեկանգամյա միջոցառում չի լինելու՝
մենք շարունակելու ենք ուսումնասիրությունները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031