Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ

Հոկտեմբեր 06,2004 00:00

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵԼԻ ՉԷ Այդ պատճառով էլ հնդիկները մսի փոխարեն հայերին պոչ ու գոմաղբ են ուղարկել 2003-ի հոկտեմբերին «Փիրուզ-Սթար» հայկական ընկերությունը ինտերնետով գտել է մսի արտադրությամբ զբաղվող հնդկական «Էս Էս Թրեյդինգ» ընկերության տվյալներն ու որոշել համագործակցել: «Մեզ ոգեւորեց նրանց ապրանքի ցածր գինը, ժամանակն էլ քիչ էր՝ միս էր պետք, չմտածեցինք, որ կարող է խաբեն»,- «Առավոտին» պատմեց «Փիրուզ-Սթարի» տնօրեն Մերուժան Իսոյանը: Այդպես, չմտածելով ու վստահելով, ընկերությունը երկու անգամ շոշափելի գումար է փոխանցել հնդիկների հաշվեհամարին: Փոխարենը այս տարվա հունվարին Հնդկաստանից ստացել են ապրանքը, որի մեջ 8 տոննան եղել է ցածրորակ մսամթերք՝ խառնված գոմեշի կաշվի, ականջների, պոչի եւ նույնիսկ գոմաղբի հետ: Իսկ երկրորդ պատվերն ընդհանրապես տեղ չի հասել: Ընդհանուր հաշվով ընկերությունը կրել է 24700 եվրոյի վնաս: 8 տոննա թափոնը որպես նվեր հրաժարվել է ընդունել նույնիսկ Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը: «Մթերքն» առայսօր մաքսատան սառնարաններում է մնացել, համապատասխան օրավճարն էլ մուծվում է: Ընկերության բողոքներին ի պատասխան, «էս Էս Թրեյդինգի» միջազգային առեւտրի գծով տնօրեն Շաքիլ Սայիդ Ահմադը նախ վստահեցրել է, թե ամեն ինչ կկարգավորի, իսկ երկրորդ պատվերի գումարը ստանալուց հետո սկսել է ձգձգել ու ապրիլից մինչ օրս ապրանքը տեղ չի հասել: Փոխադարձ նամակագրությունն այս ընթացքում վերաճել է շուրջ 70 էջանոց փաթեթի: Էլեկտրոնային ճանապարհով համաձայնեցված ու ստորագրված պայմանագիրն էլ իրավաբանական ուժ չունի՝ այդ մասին օրինագիծը Ազգային ժողովը դեռ չի ընդունել: Առեւտրային համագործակցության մասին տեղյակ չեն եղել Հայաստանի առեւտրի պալատը, արտաքին գործերի նախարարությունը, մեր երկրում Հնդկաստանի դեսպանատունը: Ընկերությունը չի դիմել նաեւ խորհրդատվական եւ բիզնես աջակցության կենտրոնների օգնությանը: Ըստ էության, նման պահանջ գործարարների առջեւ չի դրվում, սակայն այդկերպ կարելի էր անծանոթ ընկերության մասին տեղեկություն ունենալ, իսկ հիշյալ կազմակերպություններից՝ երաշխիք (թեկուզ բանավոր)՝ գործարքի բարեհաջող ավարտի համար: Ուստի բնական է, որ նրանց ուղղված ուշացած բողոք-նամակներն առայսօր ուշադրության չեն արժանացել: Միայն պարզվել է, որ «Էս Էս Թրեյդինգը» Հնդկաստանի առեւտրի պալատում գրանցված չէ եւ մինչ այդ «քցել» է այլ ընկերությունների նույնպես: «Խաբվելու մասին չեմ էլ մտածել, որովհետեւ նույն ինտերնետով ծանոթացել ու մի քանի տարի է համագործակցում ենք չինական մի ընկերության հետ եւ՝ ոչ մի խնդիր»,- ռիսկը պատճառաբանեց Մ. Իսոյանը: Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցմանը, ապա «Փիրուզ-Սթարը» հույս ունի այն ստանալ Միջազգային միջնորդ դատարանի օգնությամբ, ինչի մասին նշված է էլեկտրոնային պայմանագրում: Հնդկաստանի դեսպանատնից որոշումը ոգեւորել են՝ «մեր երկիրը շատ ազատ ու ազնիվ երկիր է»: Տեղեկացրել են նաեւ, որ «Էս էս Թրեյդինգի» գործունեությունը այժմ դադարեցված է: Բայց հարց է՝ ընկերությունն ունի՞ փոխհատուցման համար համարժեք միջոցներ: Նման դեպքերի համար պետական որեւէ օղակ պատասխանատվություն չի կրում: Ռիսկն իր հետեւանքներով մնում է ինտերնետային տեղեկատվությանը վստահողի վրա: Ինչպես ճշտեցինք առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում, մեր գործարարների մեջ միայն ինտերնետին վստահողներ, թեպետ շատ քիչ, բայց դեռ պատահում են: Ինտերնետային «զոհեր»՝ նույնպես: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031