Լրահոս
Օրվա լրահոսը

Գնորդները խաբվել են

Հոկտեմբեր 06,2004 00:00

Գնորդները խաբվել են Գյումրիի Սավոյան 3-րդ հասցեի բնակիչներին սպառնում է փողոցներում մնալու վտանգը: Պարտքերի մեջ թաղված «Կոնվինվեստ» ֆիրմային պատկանող կառույցը բնակիչների ասելով այժմ «տեր ու տիրական» չունի: Այս տեղեկությունը նրանք իմացել են բոլորովին վերջերս, երբ տարբեր առիթներով փորձել են տեղեկանքներ վերցնել գրանցման վայրից: Սակայն պարզվել էր, որ ոչ միայն կնիքն է կնքողի հետ «անհետ կորել», որի պատճառով շատերը զրկվել են «Փարոսի» մեջ ընդգրկվելու, նպաստ ստանալու, անգամ գազահաշվիչներ տեղադրելու ու երեխաներին դպրոց տանելու հնարավորությունից, այլեւ շշուկներ էին հասել ֆիրմայի լուծարման մասին: Ի դեպ, երկհարկանի շենքը երկրաշարժի ժամանակ կառուցվել է «Սոչիստրոյի» կողմից, ուր ժամանակավոր բնակվել են ռուս շինարարները: Այնուհետեւ, տարբեր միջոցներով, հիմնականում՝ ներքին առք ու վաճառքով այստեղ են հայտնվել մոտ 10 անօթեւան ընտանիքներ: Բնակարանները գնելով նրանք պարզել են, որ կառույցը զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից, պատերը ձմեռվա կեսին բորբոսնում են, քայքայված ձյութապատ հարթ կտուրից անձրեւաջրեր են կաթում: Նույնիսկ այս վիճակում տները բնակիչներին չեն պատկանում: «Վերջին կոպեկս ծախսի, իբր թե չորս պատ գնեցի»,- դժգոհում էր նրանցից մեկը՝ սարսափելով այն մտքից, որ լուծարման հանձնաժողովը գուցե շենքը դնի աճուրդ-վաճառքի: Բնակիչներին ոչ պակաս զայրացնում է նաեւ քաղաքապետարանի «խորամանկ» քաղաքականությունը: Այստեղ ոչ միայն իրենց՝ անօթեւաններին հերթացուցակներում գրանցվելու շանս չեն տալիս, այլեւ չեն «բարեհաճում» նույնիսկ իրենց բողոք-դիմումը կարդալ: Դիմումի մեջ բնակիչները խնդրում են քաղաքապետարանին շենքը վերցնել իր հաշվեկշիռ: Ավելին, նրանց ասելով, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից շարունակ պատասխանում են, թե մեքենայի մեջ բենզին չկա, որ գան շենքն ուսումնասիրեն: Հարցը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանին: Վերջինս այս հարցում բացառեց քաղաքապետարանի միջամտությունը՝ ասելով, որ ուրիշի գույքին տեր կանգնելու իրավունք չունեն: Հանրակացարանի նոր տիրոջը բացահայտելու նպատակով «Առավոտը» դիմեց նաեւ տնտեսական դատարան: Այստեղ «Կոնվինվեստի» տվյալ գույքի մասին հստակ ոչինչ չպատասխանեցին: Սակայն մեր տեղեկությամբ, գույքը արգելանքի տակ է, եւ օտարելու պահը դեռ վրա չի հասել: Նաեւ, որ բնակիչներին ի վերջո այդտեղից հանելու են, քանի որ «Կոնվինվեստը», ճիշտ է, փաստացի լուծարված չէ, բայց «ամբողջ աշխարհին պարտք ունեցող» եւ տվյալ պահին չգործող ձեռնարկություն է: Իսկ բնակիչներին դեռ շարունակում է հուզել այն հարցը, թե ինչպես եղավ, որ ռուսների բոլոր հանրակացարանները անցան քաղաքապետարանին, իսկ իրենց «դժբախտ» կառույցը՝ «Կոնվինվեստին»: Այս հարցի շուրջ «Առավոտը» պատրաստ է տպագրել նաեւ «Կոնվինվեստի» տնօրենի պարզաբանումները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել