Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԸ»

Հոկտեմբեր 08,2004 00:00

«ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԸ» ՉԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԵՆՑ ՏԵՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ Իսկ ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը ինչ-որ «ընկերուհի» է հորինել Երեկ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Նունե Պողոսյան) սկսվեց Գագիկ Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրօրի 164 (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու) եւ 258 հոդվածի առաջին մասով (խուլիգանություն, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ պարտականությունները կատարելիս բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդել անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Ի դեպ, տեղեկացնենք, որ այս դեպքում նախատեսվում է 1-2 տարի ազատազրկում: Նա օգոստոսի 24-ին, ժամը 13-ի սահմաններում, Ծաղկաձորում վիճաբանության մեջ է մտել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ մեր գործընկերոջ՝ «Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանի հետ: Սպառնացել է նրանց, երբ նրանք նկարահանումներ էին կատարում Ծաղկաձորում, տվել է խուլիգանական հայհոյանքներ, Մ. Խաչատրյանից վերցրել է ֆոտոխցիկի հիշողության չիպը եւ խանգարել նրանց գործունեությանը: Ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանից՝ հայտնելով դատարանում, որ ինքը կպաշտպանի իրեն: Իսկ մեղադրանքի կողմը ներկայացված էր այսպես. ՀՀ գլխավոր դատախազությունից Կորյուն Փիլոյանն էր, տուժող Աննա Իսրայելյանի ներկայացուցիչն էր «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանը: Տեղեկացնենք, որ դատարան չէր ներկայացել մյուս տուժողը՝ Մխիթար Խաչատրյանը: Ապացույցների հետազոտման կարգը սահմանվեց այսպես. լսել ամբաստանյալին, ապա՝ տուժողներին եւ վկաներին: Ամբաստանյալը նախ բորբոքվեց լրատվամիջոցների առկայությունից եւ պայման դրեց, որպեսզի նրանք չլուսանկարեն: «Առավոտի» ներկայացուցիչը հանդես եկավ առաջարկությամբ, այն է՝ չխոչընդոտել լրատվամիջոցների գործունեությանը դռնբաց նիստին եւ ամբաստանյալին հորդորեց նախապայմաններ չդնել ցուցմունք տալուց առաջ: Գ. Ստեփանյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքները եւ ասաց, որ օգոստոսի 24-ին ընկերուհու հետ գտնվել է Ծաղկաձորի մարզահամալիրի մոտակա կանաչապատ տարածքում, եւ երբ իրենք գրկախառնված են եղել, իր ընկերուհին ասել է, որ ինչ-որ մեկը իրենց նկարել է եւ մատնացույց արել հեռացող «Նիվա» ավտոմեքենան: «Առավոտի» այն հարցին, թե ո՞վ էր այդ ընկերուհին եւ արդյո՞ք հավատում է նրա՝ պահի տակ ասված խոսքին, նա պատասխանեց, որ չի կարող ասել: Մեր այն դիտարկմանը, թե երբեւիցե հայկական մամուլում տեսե՞լ է գրկախառնված մարդկանց լուսանկարներ, նա պատասխանեց բացասաբար: Նկատենք, որ այդ առասպելական «ընկերուհին» ընդհանրապես գործով վկա չի անցել: Այնուհետեւ գործողությունները տեղափոխվել էին Գրողների տան նախասրահ, որտեղ Գ. Ստեփանյանը խլել է Մխիթար Խաչատրյանի ֆոտոխցիկի չիպը: Տուժող Աննա Իսրայելյանի հարցին, թե՝ «դու անընդհատ հարցնում էիր՝ գիտե՞ք, թե ում տունն ես նկարում, դատարանում ուզում եմ հարցնել, ինձ համար մինչեւ այսօր պարզ չէ, որովհետեւ մենք շատ տներ ենք նկարել, ի վերջո, ո՞ւմ տունն էր», ամբաստանյալը պատասխանեց. «Ինչ իմաստ ունի ինչ-որ մեկի տան համար զայրանալ»: Իսկ մեղադրող Կորյուն Փիլոյանի հարցին, թե կայի՞ն արդյոք նախասրահում մարդիկ, հայհոյե՞լ է ինքը, հրաժարվեց՝ պատասխանելով, թե չի հայհոյել, «կային եւ տղամարդիկ, եւ կանայք, եւ ամեն ինչ»: «Առավոտի» ներկայացուցչի այն հարցին, թե արդյոք հարցրե՞լ է, թե ովքեր էին նկարողները կամ ինքը ներկայացե՞լ է, նա պատասխանեց բացասաբար: Երբ տուժող Աննա Իսրայելյանը ցուցմունք տվեց, շեշտեց այն, որ Գ. Ստեփանյանը հայտնվելով Գրողների տան նախասրահում՝ հայհոյում էր Մխիթարին, ասելով. «Քո ժուռնալիստ… », սեռական բնույթի հայհոյանքներ տվեց: Ամբաստանյալը ժխտում էր, թե հարվածել է Մխիթարին, իսկ Ա. Իսրայելյանը ցուցմունք տալով պնդեց՝ որ Գ. Ստեփանյանը լավատեղյակ էր իրենց՝ լրագրող լինելու մասին, ամեն կերպ խոչընդոտում էր իրենց գործունեությանը եւ ավելին, սպառնացել էր նաեւ իրեն՝ «գնա, վեր ընկի տեղդ» ասելով: Ա. Իսրայելյանը նշեց նաեւ, որ միջադեպից հետո Ծաղկաձորում տեղեկացել է, որ Գ. Ստեփանյանը նախկինում եղել է ներկայիս փոխոստիկանապետ Երիցյանի «ախրանայի» պետը: Երեկ ցուցմունք տվեց նաեւ Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը եւ «Առավոտի» վարորդ Գենադի Պողոսյանը: Մ. Մանուկյանը պնդեց, որ եղել է իր աշխատասենյակում՝ գրականագետ Ազատ Եղիազարյանի հետ, երբ «ներխուժեց մի անձնավորություն, որին չէինք ճանաչում, եւ շատ վրդովված էր: Նա գոռգոռում էր, թե ինչու են նկարահանել ինչ-որ տունը»: Նրանք փորձել են հանգստացնել Գ. Ստեփանյանին, սակայն վերջինս իմանալով, որ լրագրողները նախասրահում սուրճ են խմում, դուրս է եկել, քաշքշել Մխիթարին, պահանջել իրեն տալ ֆոտոժապավենը: Եվ որպեսզի չխանգարվի հանգստացողների անդորրը, Մ. Խաչատրյանի հետ հրավիրել է աշխատասենյակ, որտեղ Գ. Ստեփանյանը վերցրել է հիշողության չիպն ու հեռացել: Այստեղ տեղի տվեցին ամբաստանյալի նյարդերը եւ նա բացականչեց, թե ներկայացվում է «Վայնա ի միրը»: Գործով վկա Լյուդվիգ Հակոբյանն էլ հասցրեց ցուցմունք տալ: Նա այդ օրը փոխարինել է ամառանոցներից մեկում պահակ աշխատող հորը՝ Հենրիկ Հակոբյանին: Ինչպես տուժող Ա. Իսրայելյանը նկատեց, ցուցմունքը ակնհայտ սուտ էր, որովհետեւ այս վկան նշեց նախ, որ «ամբաստանյալը վաբշե չի հայհոյել»: Այնուհետեւ Լ. Հակոբյանը հրաժարվեց պատասխանել, թե հայրը հատկապես որ ամառանոցում է աշխատում իբրեւ պահակ ու իր գործողությունները պատճառաբանեց այսպես. «Ո՞վ ես դու, որ նկարում ես, սեփական տարածքի հետ ի՞նչ գործ ունես»: Սակայն թե ո՞վ էր ինքը, ի՞նչ գործ ուներ այդ սեփական տարածքում՝ չպատճառաբանեց: Դատաքննությունը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել