Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ջերմուկ ու մոլիբդեն, այլ արվեստ

Հոկտեմբեր 08,2004 00:00

Ոչ թե ջերմուկ ու մոլիբդեն, այլ արվեստ Այսպես էլ կարելի է ներկայանալ աշխարհին՝ համոզված է Տիկնիկային թատրոնի տնօրենը Այսօր «Հայ Ֆեստ» փառատոնի շրջանակներում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը Համազգային թատրոնի բեմում հանդես կգա «Աչքերի որս» ներկայացմամբ, որի հիմքում ընկած է Գեւորգ Կարապետյանի «Գլխատված դար» բանաստեղծությունների ժողովածուն: Բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Նարինե Գրիգորյանն է: Նույն ներկայացումը ամսի 10-ին թումանյանցիները կխաղան նաեւ սեփական հարկի տակ: Մինչ «Հայ Ֆեստը», թատրոնը հաջողությամբ մասնակցել է երկու միջազգային փառատոնի: Թեհրանում սեպտեմբերի 13-19-ը կայացել է ավանդական 10-րդ միջազգային տիկնիկային փառատոնը: Երկու տարին մեկ անցկացվող այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցել է 10 երկիր: Մեր տիկնիկայինը Թեհրանի փառատոնին ներկայացել է «Զվարճասեր մուկին» եւ «Փոքրիկ Իդայի ծաղիկները» բեմադրություններով: Մեր Տիկնիկայինը փոքրիկ պատառիկներ հնչեցրել է նաեւ պարսկերեն: «Արդյունքում՝ տիկնիկավար Նունե Վարդանյանին հրավիրում էին Իրան պարսկերեն ներկայացում խաղալու, երբ ասացինք, որ նա պարսկերեն չգիտի, շատ զարմացան, մտածել էին, թե հրաշալի տիրապետում է իրենց լեզվին»,- պատմեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Թեհրանի փառատոնից հետո Տիկնիկային թատրոնը, ավելի ստույգ՝ Ռ. Բաբայանը թատերական ինստիտուտի իր ուսանողների հետ մեկնել է Կահիրե, ուր սեպտեմբերի 21-30-ը անց է կացվել Էքսպերիմենտալ ներկայացումների 16-րդ միջազգային փառատոնը: Այս փառատոնին մասնակցում էր 50 երկիր՝ 90 ներկայացումով, որից միայն 25-ն է մրցութային եղել: Մեր թատրոնը հեղինակավոր ժյուրիի ու խստապահանջ հանդիսատեսի դատին է հանձնել «Աչքերի որսը», որը ոչ թե տիկնիկային, այլ էքսպերիմենտալ ներկայացում է: Նրա բնորոշմամբ, «Աչքերի որսը» Կահիրեում հրաշալի է ընդունվել, ներկայացումից հետո երկար ժամանակ ծափերը չեն դադարել: «Առայժմ պարզ չէ, որեւէ տեղ կգրավի՞ ներկայացումը, թե՞ ոչ: Հաղթանակ եմ համարում թեկուզ այն, որ «Աչքերի որսը» հատուկ ընտրվեց փառատոնի համար, ընդգրկվեց մրցութային ծրագրում: Մինչ այդ, բոլորը հարցնում էին՝ Արմենիան ի՞նչ երկիր է, ներկայացումից հետո ճանաչեցին, այն էլ ոչ մոլիբդենով կամ ջերմուկով, այլ արվեստով: Ամենակարեւորը հեղինակավոր թատրոնների ներկայացուցիչների գնահատականներն էին: Մեր երիտասարդները նաեւ հնարավորություն ունեցան այլ թատրոնների հետ շփվելու եւ ծանոթանալու հզոր մշակույթ ունեցող Եգիպտոսին»,- պատմեց պրն Բաբայանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել