Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆ

Հոկտեմբեր 12,2004 00:00

ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐԸ ՄՏԱՎ ՖԻԼԱ-Ի ՄՐՑԱՑԱՆԿ «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում անցկացվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության ու Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի մրցանակների 9-րդ խաղարկությունը, որից վերջին երեքը միջազգային կարգավիճակ ունի: Որպես կանոն, այդ մրցումներին մասնակցում են ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկներ, իսկ որպես հյուր ներկա են լինում ինչպես անցյալի, այնպես էլ գործող լեգենդար ըմբիշներ: Բացառություն չէր նաեւ այս մեկը: Երեւան էին ժամանել ԽՍՀՄ եւ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Յուրի Շահմուրադովը, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ադլան Վարաեւը, օլիմպիական չեմպիոն, ՌԴ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Մնացական Իսկանդարյանը, Աթենքի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Արա Աբրահամյանը՝ Շվեդիայից, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եւ մրցանակակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը եւ ուրիշներ: Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունն այնքան մեծ հեղինակություն է վայելում, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, այն ընդգրկել է 2005թ. իր միջոցառումների տարեկան ցանկի մեջ: Իսկ դա նշանակում է, որ այսուհետեւ մրցաշարը նաեւ պետական լուրջ աջակցություն կստանա: Երկու օր տեւած համառ պայքարի արդյունքում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի 97 ըմբիշներ, ըստ քաշային կարգերի հաղթող դարձան. 55կգ՝ Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը, 60կգ՝ վանաձորցի Արման Ղումաշյանը, որի մրցակիցը եզրափակիչում դեռ մեկուկես րոպե չանցած՝ ոտքի լուրջ վնասվածք ստացավ ու չկարողացավ գոտեմարտը շարունակել, 66կգ՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Իրբեկ Ֆարնիեւը, որը միավորների պատկառելի առավելությամբ պարտության մատնեց Սիդնեյի օլիմպիական խաղերում հինգերորդ տեղ գրաված Արշակ Հայրապետյանին, 74կգ՝ Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Կոկաեւը, 84կգ՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիր Վադիմ Լալիեւը, 96կգ՝ Թեյմուրազ Տիգիեւը, 120կգ՝ Ալեքսեյ Խարտյակովը, բոլորն էլ՝ Ռուսաստան: Բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին մրցաշարի կազմակերպիչներն ու հովանավորները գավաթներից բացի, հանձնեցին հուշանվերներ եւ դրամական խոշոր պարգեւներ: Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունը բացառիկ նշանակություն ունի հատկապես հայաստանցի ըմբիշների՝ մարզաձեւը մեզ մոտ զարգացնելու համար: Միշտ էլ ասվել է ու դա, իրոք, այդպես է, որ ինչքան էլ աշխատես՝ ակնկալվող արդյունք չի լինի, եթե մարզիկը մրցաշարերի չի մասնակցում: Իսկ ցանկացած մրցման մեկնելը շատ թանկ հաճույք է ու միշտ չէ, որ հնարավոր է ապահովել: Այնպես որ, անվանի մարզիկը իր մրցնակների խաղարկությունը Հայաստանում կազմակերպելով՝ դրսի մարզիկներին է բերում ու մեր ըմբիշների համար անհրաժեշտ մրցափորձի կուտակման պայմաններ ստեղծում: Մրցաշարի ավարտին տեղի ունեցավ նաեւ մի հուզիչ իրադարձություն. մեծ սպորտին հրաժեշտ տվեց աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը: Նրան մարզչական աշխատանքի ճանապարհեցին պատշաճ հանդիսությամբ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել