Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ

Հոկտեմբեր 13,2004 00:00

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը տարածաշրջանում կտրուկ զարգացումներ է կանխատեսում: «Ես չեմ հավատում իրենց ասածին, քանի հրաժարական չեն տալիս»,- «Առավոտի»՝ ի՞նչն էր պատճառը, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին «ազգի դավաճան» հայտարարած մարդիկ, այդ թվում նաեւ դաշնակցական առաջին դեմքերը, ԵԽԽՎ նիստում կրկնեցին նրա տեսակետները՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասաց «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, ղարաբաղյան թեմայի շուրջ այս տարիների զարգացումները ապացուցեցին, որ պահանջատիրական քաղաքականությունը պարտված է, ուստի՝ «տրամաբանությունը հուշում է, որ այդ ուժը պետք է հրաժարական տա: Իշխող քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն ու ժողովրդից ներողություն խնդրեն, որ ԼՂՀ հարցը տարան հայդատական տիրույթ ու ապակողմնորոշեցին հայ հասարակությանը: Նաեւ ասեմ, որ ԼՂՀ հարցում միակ ճիշտ դիրքորոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր: Քանզի այսօր անձնական խնդիր չի լուծվում, այլ վտանգի տակ է դրված Ղարաբաղի գոյությունը»: Խոսելով ԵԽԽՎ նստաշրջանի վերջին զարգացումներից, պարոն Գրիգորյանը հարկ համարեց մեկ անգամ եւս շեշտել, որ «Հայաստանի պատգամավորական կորպուսի որակը շատ ցածր է եւ դրա պտուղներն այսօր տեսնում ենք. մեր դիրքերը միջազգային կառույցներում օրեցօր թուլանում են: Հայաստանի ԱԺ-ում, լավագույն դեպքում, կան քաղաքական ավանտյուրիստներ, իսկ դա ազդում է միջազգային հանրության հետ մեր աշխատանքի որակի վրա: Մեր պատվիրակության աշխատանքը ԵԽԽՎ-ում վերածվեց ադրբեջանական պատվիրակության հետ փողոցային «ռազբորկայի»: Այդ ամբիոնը կարելի էր օգտագործել լուրջ խնդիրներ առաջ քաշելու, այլ երկրների հետ համագործակցելու համար»: Ուստի, Ստ. Գրիգորյանը բնավ պատահական չի համարում, որ քննարկումների եւ քվեարկությունների ժամանակ մեր պատվիրակությունը մենակ է լինում, իսկ ադրբեջանցիներին սատարում են ոչ միայն եվրոպական երկրների պատգամավորները, այլ ե՛ւ ռուսները, ե՛ւ ուկրաինացիները: «Ուղղակի անորակ պատգամավորները չեն կարող որակով աշխատանք անել»,- եզրակացնում է մեր զրուցակիցը, մտավախություն արտահայտելով, որ «եթե ԵԽԽՎ-ում եւ ԵԱՀԿ-ում մեր որակին ծանոթ են, ապա ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում, որոնք սկսել են տարածաշրջանում ակտիվ աշխատել, այս պատգամավորները եւս կփչացնեն մեր դիրքերը»: Անդրադառնալով դիտարկման խմբի ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքին եւ մեկնաբանելով ձեւակերպումների հստակ, միաժամանակ ոչ կոշտ լինելը, մեր զրուցակիցն ասում է. «Դա կապված է տարածաշրջանի շուրջ եւ աշխարհում կատարված գլոբալ փոփոխությունների հետ: Վերջին կես տարում էականորեն բարձրացավ տարածաշրջանի դերը՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման ու Մեծ Մերձավոր Արեւելք ծրագրի հետ կապված: Տարածաշրջանը դարձել է այդ կազմակերպությունների ռազմավարական շահերի կենտրոն, ուստի բոլոր որոշումները բխում են հենց դրանից: Իսկ դա նշանակում է, որ մեզ հետ կաշխատեն եւ մեզ կստիպեն ստեղծել ժողովրդավարական համակարգեր, այլ ոչ թե դուրս կմղեն Եվրոպայից»: «Բռնի» ժողովրդավարություն պարտադրելը Ստեփան Գրիգորյանը այսպես է գնահատում. «Կասկած չունեմ, որ դրական արդյունքներ կտա, քանի որ եւ Հայաստանում, եւ Վրաստանում կան ուժեր, որոնք այդ գաղափարների կրողն են: Այսինքն, դա չի լինի արհեստական, քանզի հիմք կա: Նաեւ դա է պատճառներից մեկը, որ կոալիցիայի անդամները հերթով կրկնում են նախորդ իշխանությունների թեզերը: Իրենք հասկացան, որ միջազգային հանրությունը ցանկացած խոչընդոտ կվերացնի: Մի օրինակ բերեմ. Ասլան Աբաշիձեի տարեկան եկամուտը Հայաստանի բյուջեի տասնապատիկն է: Եթե այդ «հզորության» տեր մարդուն չեզոքացրին, քանի որ նա դեմ դուրս եկավ միջազգային հանրությանը, մնացածի մասին խոսելն ավելորդ է»: «Առավոտի»՝ «Այս զարգացումների վրա հնարավոր համարո՞ւմ եք ՀՀՇ-ի վերադարձը, որպես ժողովրդավարության գաղափարակրի» հարցին նա արձագանքեց. «Ցանկացած նորմալ երկրում, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել նորմալ ընտրություններ, ՀՀՇ-ն նվազագույնը ԱԺ-ում կունենար խմբակցություն: Բայց մեզ մոտ դա հնարավոր չեղավ: Հստակ կարող եմ ասել՝ մոտ ժամանակներս փոփոխություններ կլինեն եւ աջ ուղղվածությամբ ուժերի ու այդ սկզբունքները դավանող մարդկանց կշիռը եւ դերը կբարձրանան: Ցանկացած արհեստական խոչընդոտն այս պարագայում կհանգեցնի Ղարաբաղի կորստին»: ԵԽԽՎ 1405 բանաձեւը Ստ. Գրիգորյանը համարում է շատ լուրջ եւ փոխանցեց իր զարմանքը, որ գործող իշխանություններն այդքան հիացած են. «Գրեթե բոլոր նախորդ դիտողությունները կան, պարտավորությունները չեն հանվել: Ավելին, կա նոր տարր՝ Եվրոպայի խորհուրդն առաջարկում է փոփոխել ՀՌԱՀ կազմը: Այսինքն, կադրային հարցերում կարծիք են հայտնում: Ես չեմ գտնում, որ այդ փաստաթղթում մեղմացվել է Եվրոպայի դիրքորոշումը: Ուստի կոալիցիայի լավատեսությունն անհասկանալի է: Այն, որ վերջում նշված չէ, թե հակառակ դեպքում Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից կամ ընդհանրապես տեղից՝ ես արդեն նշեցի, որ գլոբալ փոփոխություններով է պայմանավորված»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել