Լրահոս
Օրվա լրահոսը

Լքել

Հոկտեմբեր 15,2004 00:00

Լքել է հանուն նամուսի Մայրը հրաժարվում է 5 օրական «ինվալիդ» երեխայից՝ սկեսուրի պնդմամբ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ տարբեր արատներով ծնվող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է 0,1%-ով: Ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում ծնողները մեծ մասամբ հրաժարվում են նման երեխաներից, հատկապես մտավոր թերություն ունեցողներից: Փաստ է, որ երեխայից հրաժարվելու՝ ընտանիքի անդամների որոշմանը պետությունը միջամտելու իրավունք չունի: Հաճախ են դեպքերը, երբ մայրը ստիպված է մանուկին թողնում հիվանդանոցում, որովհետեւ այդպես են պահանջում ընտանիքի գլխավորները՝ սկեսուրը, ամուսինը եւ այլք: Նման մի դեպքի մասին տեղեկացա վերջերս: 2003թ. դեկտեմբերի 27-ին Սեւան քաղաքի ծննդատանը մի մանուկ ծնվեց: Անգելինա Հայրապետյանը Հովհաննես եւ Կարինե Հայրապետյանների առաջնեկն էր: Աղջնակը ծնվել էր արատով՝ պարանոցի ուռուցքով, որն անհրաժեշտ էր վիրահատել: Դեկտեմբերի 28-ին երեխան տեղափոխվել է Երեւանի թիվ 3 ծննդատուն՝ պետպատվերով վիրահատության: Աղջնակին վիրահատող նեյրովիրաբույժ Օգանեզովը ծնողներին հավաստիացրել է, որ վիրահատությունը հաջող ավարտ կունենա, բայց չգիտեր, թե մանկիկի առողջությունը երբ կվերականգնվի: Դրա դեմ ընդվզեց տան սկեսուրը: «Մենք էլ ինչքա՞ն սպասենք էս հիվանդանոցի գորշ պատերի ներսում: Տուն-տեղ թողել եկել ենք, պալատին օրական 3 հազար դրամ ենք տալիս, վերակենդանացման բաժնին՝ 7 հազար: Էդքանից հետո էլ երեխայի ոտքերը շատ թույլ են, հայացքն էլ՝ ցրված: Մենք ինչի՞ տեր ենք, որ էդքան փող ծախսենք, հետո ինվալիդ երեխա մեծացնենք: Չէ, թույլ չեմ տա, Հովիկս մեղք է»,- ամեն օր բողոքում էր տատիկը: Մի խոսքով, ընտանիքը որոշեց երեխայից հրաժարվել: «Ես ի՞նչ կարող էի անել,- հետագայում արդարանում էր մայրը,- հնարավոր է, որ հարցը դրվեր բաժանության կամ էլ ամբողջ կյանքում ինձ մեղադրեին՝ արատավոր երեխա ծննդաբերելու համար»: Հունվարի 2-ին, 5 օրական երեխային թողնելով վերակենդանացման բաժնում, մայրն ու տատիկը Սեւան վերադարձան՝ խոստանալով մեկ շաբաթ անց վերադառնալ ու հրաժարվելու դիմում գրել: Երեխայի ապաքինվելը, բնականաբար, ձգձգվում էր՝ մայրական կաթից զրկվելու պատճառով: Այդ ընթացքում երեխային խնամում եւ հետեւում էր Կարինե Ասմանգուլյանը՝ նրանց հեռավոր ազգականը: Վերակենդանացման բաժնից նեյրովիրաբուժական բաժանմունք տեղափոխված փոքրիկն արդեն սպառել էր դիմադրելու իր ողջ ուժերն ու դարձել շատ վտիտ: Ապաքինման դանդաղ ընթացքի հետ մեկտեղ, ձգձգվում էր ծնողների դիմումը, ինչի հետեւանքով բժիշկները երեխային մանկատուն չէին կարող հանձնել: Ծնողներին ուղղված բազմաթիվ նախազգուշացումներից հետո հիվանդանոցի տնօրինությունը որոշեց՝ կամ ծնողները հրաժարվելու դիմում պետք է ներկայացնեին, կամ էլ ոստիկանի ուղեկցությամբ երեխային պետք է տանեին տուն: Այդքանից հետո միայն դիմումը վերջապես տեղ հասավ ու երեխային տեղափոխեցին Նորքի մանկատուն: Խնամակալները հավաստիացնում են, որ լիարժեք սննդի ու խնամքի, ինչպես նաեւ մոր հետ շփվելու դեպքում աղջնակն էլ ավելի արագ կանցներ հետվիրահատական շրջանը: Այնուամենայնիվ, փոքրիկն այժմ առողջացել ու իրեն լավ է զգում՝ ի հեճուկս իրենից հրաժարվածների: ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՊԼՀ 5-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել