Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 16,2004 00:00

ԵԹԵՐՈՒՄ ՉԷ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» «Ազատություն» ռադիոկայանը երեկ տարածել է մամուլի հաղորդագրություն, ուր անդրադառնում է հոկտեմբերի 10-ին իր առաջին լրատվավերլուծական հեռուստածրագրի կտրուկ դադարեցմանը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ. «Թեեւ հեռուստակայանի ղեկավարությունը որեւէ մեկնաբանություն չի արել այս որոշման առնչությամբ, մեծ կասկածներ կան, որ «Կենտրոնի» վրա ճնշում է գործադրվել, որպեսզի դադարեցնի ծրագրի հեռարձակումը՝ պաշտոնական կամ տեղական մրցակից լրատվամիջոցների շահագրգռվածության հետեւանքով»: Ծրագրի առաջին թողարկումից երկու օր անց «Կենտրոնի» տնօրեն Պետրոս Ղազարյանը «Ազատության» հայկական խմբագրության ղեկավար Հրայր Թամրազյանին հաղորդել է, թե հեռարձակումն անորոշ ժամանակով դադարեցվում է՝ առանց բացատրելու շարժառիթները: Հրայր Թամրազյանը նշել է. «Ես շատ հիասթափված եմ, որ «Ազատության» եւ «Կենտրոնի» տեւական ջանքերից հետո, որի արդյունքը շատ հաջող հեռուստածրագիրն էր՝ այն դադարեցվեց առայժմ անհայտ պատճառներով: Ես դիմում եմ իշխանություններին խնդրանքով՝ հետազոտել այս հարցը, եւ հույս ունեմ, որ «Կենտրոնն» ու «Ազատությունը» կշարունակեն համատեղ ծրագիրը, որին անհամբեր սպասում էին Հայաստանի շատ հեռուստադիտողներ»: Վերջին պնդման ապացույցը ծրագրի հեռարձակումից հետո «Ազատության» հայկական խմբագրություն ունկնդիրների զանգերն են, որոնք այս ծրագիրը հայկական հեռուստատեսության համար «խոշոր նվաճում» էին համարում՝ ռադիոկայանի անաչառության շնորհիվ: Սակայն շատերը կանխատեսում էին, թե ծրագիրը երկար չի մնա եթերում. ինչպես ասել էր մի ուսուցիչ՝ «Իմ հարեւանները եւ ես շատ կցանկանայինք տեսնել «Ազատության» ծրագրերը հեռուստատեսությամբ: Բայց արդյոք իշխանությունը կհամաձայնի՞ դրան: Նրանք փակեցին «Ա1+»-ը: Արդյոք նրանք թույլ կտա՞ն ձեզ շարունակել հեռուստահեռարձակումը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել