«Թուրան» գործակալության վերլուծական ծառայության խմբագիր Շահին Հաջիեւը նշել է, թե Փաշինյանն իր հայտարարություններում չի ներկայացրել քարտեզներ, հողատարածքերի չափսեր կամ փոխանակման սխեմաներ: «Հստակ չէ՝ արդյոք ենթադրվում է կապող տարածքների փոխանցո՞ւմ, տեղամասերի ուրվագծերի փոփոխությո՞ւն, թե՞ որեւէ այլ մեխանիզմ:
Երեւանի վերահսկողության ներքո, ընդգծել է վերլուծաբանը, ավելի շատ ադրբեջանական տարածք կա, քան Բաքվի վերահսկողության ներքո՝ հայկական: Նա նշել է Ղազախի շրջանի Յուխարի Ասկիպարա, Բարխուդարլի եւ Սոֆուլու գյուղերը, որոնք հայկական վերահսկողության ներքո են անցել 1990-ականների սկզբին, եւ Նախիջեւանի Սադարակի շրջանի «Քյարքի» գյուղը: Յուխարին, Ասկիպարան եւ Քյարքին առանձին անկլավներ են, մինչդեռ Բարխուդարլին եւ Սոֆուլուն կազմում են մեկ անկլավ:
Ըստ Հաջիեւի, փոխանակման գաղափարը ռացիոնալ է: «Երբ անկլավները մնում են, անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցության, սահմանային անցման ընթացակարգերի եւ վերադարձող բնակչության անվտանգության ապահովման հարցերը, հաշվի առնելով, որ նրանք շրջապատված կլինեն այն երկրի բնակիչներով, որի հետ իրենց պետությունը վերջերս հակամարտության մեջ է եղել»,- ասել է նա:
Իսկ Արծվաշենը Հայաստանինը պահելու Փաշինյանի առաջարկը վերլուծաբանին ոչ ռացիոնալ է թվում: «Այս գյուղը խորապես խրված է Ադրբեջանի տարածքի մեջ՝ Գետաբեկի շրջանում: Բացի այդ, այն բարձրլեռնային տարածք է՝ բարդ տեղանքով: Հայկական սահմանից մինչեւ գյուղի կենտրոն հեռավորությունը 7-8 կիլոմետր է. եթե ամենամոտ հայկական գյուղից ճանապարհ կառուցվի, էլի այդքան էլ կլինի»,- ասում է Հաջիեւը: Տարածքների փոխանակում, նրա կարծիքով, նպատակահարմար է անել առանց խորացնելու սահմանագծի ծուռումուռությունները, այլ դրանք ուղղելով:
Կարդացեք նաև
Մասնագետը Արծվաշենի օրինական փոխանցումը Ադրբեջանին համարում է լավագույն լուծումը. դա կպահպաներ Գետաբեկի շրջանի հեռավոր գյուղերի եւ շրջկենտրոնի միջեւ հաղորդակցությունը: Դրա դիմաց Հայաստանը կարող է ստանալ Ղազախի շրջանում գտնվող Յուխարի Ասկիպարա գյուղը: Այն Երեւանի համար հատկապես կարեւոր է, քանի որ մոտերքով է անցնում Վրաստան տանող գլխավոր ավտոմայրուղին: Հայաստանը կկարողանար իրեն պահել Քյարքի (հայկական անունը՝ Տիգրանաշեն) գյուղը, որով անցնում է Երեւանից Իրան տանող ճանապարհը:
Սոֆուլու եւ Բարխուդարլի գյուղերն էլ, Հաջիեւի կարծիքով, պետք է մնան Ադրբեջանին, իսկ Հայաստանը պետք է զիջի դրանք երկրի մնացած մասին կապող տարածքները:
Ադրբեջանի Եվրոինտեգրման ազգային կոմիտեի անդամ Թողրուլ Ջուվարլին կարծում է, որ հարցը կարելի է լուծել նաեւ առանց հանրաքվեի: Քանի որ խոսքը փոքր սահմանային տարածքների մասին է, սահմանագիծը կարող է որոշվել սահմանազատման եւ սահմանագծման միջոցով, ձեւակերպվել միջպետական համաձայնագրով եւ վավերացվել Ադրբեջանի խորհրդարանի կողմից:
Այն գյուղերի բնակիչները, որոնց տարածքները կանցնեն այլ պետության, կարող են փոխհատուցում ստանալ պետությունների կողմից, հավելել է Ջուվարլին:
Ադրբեջանցի վերլուծաբանը վկայակոչել է պետությունների միջեւ վեճերի կարգավորման հարցում տարածքային փոխանակումների նախադեպեր՝ Իսրայելի եւ Եգիպտոսի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ կնքված համաձայնագրերը:
Երկու փորձագետներն էլ հայտարարել են, թե տարածքային փոխանակումը չի ազդի ԹՐԻՓՓ նախագծի վրա. անկլավային գյուղերը գտնվում են սահմանի բոլորովին այլ հատվածներում:
Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում



















































