Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Խլացված հարցեր

Հոկտեմբեր 22,2026 18:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Հաշվի առնելով, որ «ժողովրդավարական» Հայաստանում, իշխանությանն ուղղված քաղաքացիական ու մասնագիտական քննադատությունը լռեցվում է կա՛մ բանտարկությամբ, կա՛մ տարատեսակ դատական տուգանքներով ու հերքման պահանջներով, որոշեցի սոցիալական ցանցերից իմ բացակայության պայմաններում շարադրել այն բոլոր հարցադրումները, որոնք պետք է հնչեցվեին այլ՝ «նախահեղափոխական», ու պակաս ավտորիտար կառավարման պայմաններում։

– Ինչո՞ւ են քանդում Փոստի շենքը, երբ դեռ պարզ չէ, թե ի՞նչ է լինելու Կոնդում։

– Եվ իսկապես, ի՞նչ է լինելու Կոնդում ու Կոնդի հետ։

– Ո՞վ է որոշել կեսից ավելի հանրային սեփականություն ու գույք հանդիսացող Փոստի շենքի տեղում կառուցվող Համաշխարհային առևտրի կենտրոն-Երևանի ճարտարապետին ու դրա ճարտարապետությունը:

– Ինչո՞ւ չի հայտարարվել պրոֆեսիոնալ միջազգային ճարտարապետական մրցույթ՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Ճարտարապետների միջազգային միության կանոնակարգերի՝ ինչպես տեղի է ունենում ժողովրդավարական երկրներում նման խոշոր հանրային նախագծերի դեպքում։

– Ո՞ւմ մտքով է անցել, որ քաղաքի ակտիվ քաղաքային կյանք ստացած Սարյան փողոցն ու զբոսաշրջային-մշակութային մեծ ներուժ ունեցող Կոնդը պետք է ընդհատվեն գիշերային ժամերին ամայացող մի հսկա բիզնես կենտրոնի շենքով, որը փոխում է ողջ քաղաքային ինքնաբուխ ու ժողովրդավարական տրամաբանությունն ու մասշտաբը՝ նեոլիբերալիստական գիգանտոնմանիկ «անորեքսիկի մարմին» հիշեցնող մի երկնաքերով։

– Ո՞վ ասաց, որ Երևանին առհասարակ անհրաժեշտ են այս բազմաթիվ երկնաքերեր, բոլորն էլ անհասկանալի ճարտարապետությամբ ու ճարտարապետներով՝ էլ չասած սեյսմիկ մեծ ռիսկերով։

– Ինչպե՞ս են պատկերացնում մի քանի օր առաջ COP17-ի «տնային աշխատանք» հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ ստացած Հրազդանի կիրճի հարևանությամբ կառուցել վեց երկնաքեր՝ չորսն Օրբելի եղբայրների փողոցում և երկուսը Հրազդանի կիրճ տանող թունելների գլխին։ Չէ՞ որ երկնաքերերն ունեն մեծ նշանային նշանակություն և դրանց եզակիությունն է երկնաքերին երկնաքեր դարձնում՝ մի կողմ թողնելով մնացած վտանգները։

– Ի՞նչ միջոցներով են ապահովվելու մոտ հինգ հազար բնակիչ ենթադրող նոր բնակելի թաղամասի ինտեգրումը քաղաքի հետ Օրբելի եղբայրների, առանց այն էլ օրվա մեծ մասը խցանված նեղ, փողոցի միջոցով։

– Ո՞վ է թույլ տվել քանդել զինվորական նախկին հոսպիտալի շենքի տարածքում գտնվող կամարակապ 1950-ականների գեղեցիկ շինությունն ու վնասել շրջակա բոլոր շինություններին պայթեցումների միջոցով։

– Ինչպե՞ս է պատահում, որ ասում են՝ պահպանում ենք զինվորական նախկին հոսպիտալի շենքը, երբ միայն ճակատն է մնացել ու վրան էլ նոր հարկեր են ավելացվում, ու դա համարվում է պահպանությո՞ւն։

– Ո՞վ ասաց, որ հնարավոր է վերոնշված տարածքում ու Հանրապետության հրապարակում գտնվող նախկին արտաքին գործերի նախարարության շենքերում փոփոխություններն անել առանց հանրային ու մասնագիտական լայն քննարկումների, ու դրանցում միայն ապավինել տարբեր գրպանային խորհուրդներում ծվարած ու բերված նախագծերին միշտ «միաձայն» կողմ քվեարկող պալատական ճարտարապետների «օբյեկտիվ» կարծիքին։

– Ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվում Երևանում ակտիվ նախագծմամբ զբաղվող, իմա՝ Երևանն ու Հայաստանի այլ քաղաքները «փչացնող», ճարտարապետներին, տալիս լիազորություն որոշելու մեր քաղաքի ճարտարապետությունը՝ որն էլ ավելի է մեծացնում իրենց համար նոր նախագծային պատվերների շրջանակը։ Կասե՞ր արդյոք «դասականը». կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում…

– Այդ ինչպե՞ս պարզվեց, որ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը կարելի է քանդել, քանի որ խանգարում է օդանավակայանի ընդարձակմանն ու սեյսմիկ առումով խոցելի է, և չի կարելի է քանդել օրինակ՝ Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հարավային պատի սեյսմիկ առումով խոցելի լինելու անվան տակ։

– Ո՞վ կպատկերացներ Ծածկած շուկայի, Աֆրիկյանների տան, Սառցակոմբինատի շենքի ավերման համար պատասխանատու, նախկին ՀՀԿ-ական, բայց ժամանակին «թռած», մշակույթի փոխնախարարը դատափետվելու փոխարեն՝ կհանդիսանա արտաքին գործերի նախարարության շենքի տեղական ճարտարապետը, որպես «հուշարձանների վերականգնման փորձառու» մասնագետ։

– Ինչպե՞ս կարող է օրինական երկրում կառավարության որոշմամբ սահմանվել, որ նախագծման թույլտվությունը, այդ նույն ԱՊԶ-ն, անվճար տրվող փաստաթուղթ է (596-Ն, կետ 36), իսկ Երևանի ավագանին դրա տրամադրման համար աստղաբաշխական տեղական տուրքեր սահմանի։

– Պատկերացնո՞ւմ եք արդյոք Երևանի բնակիչների բազա չունեցող քաղաքը, որը «պարտավորված» քառակուսի մետրով աղբահանության գումար է հավաքում, որոշելու է, որ ավտոմեքենան է երևանցու ու որը «գեղացու» (հայրիկի ականջը կանչի)։

 

– –

 

Եվ այսպես կարելի է հարցերով բարձրացնել այս խնդիրները, հույս չունենալով, որ «խաղաղության խաչմերուկում» դեպի Եվրոպա ձգտող ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ռուսական գումարների լվացքատան վերածված Հայաստանում՝ տնտեսական ակտիվությունն ապահովող շինարարական մեքենան մի պահ անգամ կանգ կառնի, հասկանալու համար, որ այս երկիրն ու քաղաքը նախևառաջ ապրելու համար են, թող իր սրտով լինի՝ հարատև ու իրական ապրելու համար…

 

 

Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքային պլանավորող

Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել