«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է իշխանության ապօրինի գործողություններին: «Հրապարակի» հետ զրույցում նա անդրադարձավ Փաշինյանի գրառումներին, զուգահեռներ տանելով դրանց եւ իրականության միջեւ. «Փաշինյանի գործողությունների տրամաբանությունն անմեկնաբանելի է, բայց երբ երկրի ղեկավարը մեյլ է գրում եւ պնդում, որ մարդիկ այդ մեյլին ինչ-որ խնդիրների մասին նամակներ ուղարկեն, դա նշանակում է, որ երկրում պետական ինստիտուտները չեն աշխատում, իսկ Փաշինյանը փաստում է, որ Հայաստանում չկա ապօրինի համակարգ: Եթե ապօրինություն է տեղի ունենում, դրա համար կան իրավապահներ, բայց այս մարդը կոչ է անում իր մեյլին ուղարկել այդ ամենը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմինների գործառույթը, խախտելով սահմանադրական կարգը, վերագրում է իրեն: Նա ամբողջ պետական համակարգն է այդ մակարդակին հասցրել: Երկիրը կառավարում են մեյլով, ֆեյսբուքյան չատերով, իրավապահներին աշխատանքից ազատում է Վոթսափի SMS-ի միջոցով: Սա այս մարդու վերաբերմունքն է պետական ինստիտուտների նկատմամբ, իսկ բովանդակային առումով այս ամենը նրա մասին է, որ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարի, որ ոչ մի խնդիր չկա, եթե խնդիր կար, ինչո՞ւ չեք դիմել…. հերթական քարոզչական տրյուկն է սա: Էժանագին շոու է սա, որը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Ընտրողների շրջանում էլ մեծ վարչական ռեսուրսներ են կիրառվում, ինչպես միշտ: Բնակիչների ճնշող մեծամասնությունը կամ իրենք են պետական կառույցներում աշխատում, կամ իրենց հարազատները, բարեկամները եւ մարդկանց այդ ձեւով ճնշում են: Արթիկում վերջերս համայնքապետն իբր բնակիչների հետ հանդիպում էր ունեցել, մենք տեղեկացանք, որ բացառապես դպրոցի ուսուցիչներ են համայնքի ղեկավարի հետ հանդիպել։ Ի՞նչ է սա նշանակում․ նշանակում է, որ վարչական ռեսուրսի տոտալ կիրառում է տեղի ունենում, մարդկանց ստիպողաբար հանդիպումների են տանում եւ հանրությանը ցույց տալիս, թե մարդիկ ինքնակամ եկել են իրենց հետ հանդիպման»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:



















































