Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԱՏԵՐԵՐԸ՝

Հոկտեմբեր 21,2004 00:00

ՓՈՂԱՏԵՐԵՐԸ՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, թե կոալիցիայի խորհրդի վերջին նիստի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդունվել է այն մոտեցումը, թե «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով որոշակի տեղաշարժ կարվի ԱԺ-ում համամասնական տեղերի ավելացման ուղղությամբ, սակայն չեն լինի կտրուկ փոփոխություններ: Նա բացառեց, թե Հայաստանը կանցնի 100 տոկոսով համամասնական ընտրությունների տարբերակին, ինչի կողմնակիցն է, մասնավորապես, ՀՅԴ-ն: Ըստ Տիգրան Թորոսյանի՝ նման կտրուկ անցումը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Ասվածի հիմնավորումը նաեւ այն էր, թե գրեթե բոլոր կուսակցություններում էլ քիչ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են լիարժեք քաղաքական գործունեության: Ի հակադրություն այն փաստարկների, թե նման ընտրությունները կնպաստեն կուսակցությունների կայացմանը՝ պրն Թորոսյանը պնդեց, թե հետեւանքները կլինեն ճիշտ հակառակը: ՀՀԿ փոխնախագահը նաեւ նշեց, որ ամբողջապես համամասնական ընտրությունների մասին իրավունք ունեն խոսել միայն այն ուժերը, որոնք կարողացել են իրենց ցուցակը զերծ պահել քաղաքական փորձառություն չունեցող փողատերերից: Հարցին, թե ՀՀԿ ցուցակում քանի՞ նման փողատեր կա՝ պատասխանեց, թե համամասնությունը նույնն է, ինչ այլ ցուցակներում: Մեր հարցին, թե ի՞նչն է իրենց ստիպել տվյալ փողատերերին ընդգրկել ՀՀԿ ցուցակում, արդյոք ո՞չ այն, որ ըստ որոշ լուրերի՝ նրանցից ոմանք 250 հազար դոլար են վճարել անցողիկ տեղերում հայտնվելու համար՝ պրն Թորոսյանն արձագանքեց պնդումները հիմնավորելու առաջարկով: Ինչը, բնականաբար, չենք կարող անել, քանի որ ո՛չ այդ գումար տվածը հրապարակավ կխոստովանի տվյալ փաստը, ո՛չ էլ վերցրածը: Մենք նաեւ ՀՀԿ ցուցակում հայտնված փողատերերի մի շարք անուններ նշեցինք՝ Տիգրան Արզաքանցյան, Մուրադ Գուլոյան, Աբրահամ Մանուկյան, որոնց պարագայում ակնհայտ է քաղաքական փորձառության բացակայությունը: Սակայն ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Համոզված եմ, որ ճիշտ չէ տվյալ դեպքում անձնավորելը: Հարցադրման այն կողմը, որ վերաբերում է երեւույթին՝ շա՛տ ավելի կարեւոր է, քան անձնավորումը: Եվ ճիշտ կլինի մի սեմինար կամ կոնֆերանս կազմակերպել, որին կմասնակցեն քաղաքական բոլոր ուժերը եւ կներկայացնեն իրենց տեսակետներն ու բացատրությունները»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել