Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրն ի՞նչ կապ ունի «Հայկաթ» ՍՊԸ-ի հետ

Հոկտեմբեր 21,2004 00:00

Մայրն ի՞նչ կապ ունի «Հայկաթ» ՍՊԸ-ի հետ Գործարարների վեճի պատճառով տնից դուրս են անում 74-ամյա կնոջը՝ իրեն պատկանող բնակարանից: Այս տարվա մայիսի 13-ին արդարադատության նախարարության ԴԱՀԿ Երեւանի ստորաբաժանման Աջափնյակ եւ Դավիթաշեն բաժանմունքի «հարկադիր կատարողները» արգելանք դրեցին 74-ամյա Հայկանուշ Խաչատրյանի բնակարանի (Լենինգրադյան 48 շենք) եւ կահույքի վրա: Այնինչ Հ. Խաչատրյանը պնդում է. «Իմ անձի հետ կապված ոչ մի դատական վճիռ կամ որոշում չկա»: Դատարանի որոշումն առնչվում է Հ. Խաչատրյանի որդուն՝ Գագիկ Խաչատրյանին: Վերջինս «Հայկաթ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկն է: Ժամանակի ընթացքում նա խնդիրներ ունեցավ մեկ այլ սեփականատիրոջ՝ Գագիկ Սարգսյանի հետ, որը եւ դիմեց դատարան: Ի վերջո, երրորդ դատական ատյանը որոշեց, որ Գ. Խաչատրյանը Գ. Սարգսյանին պարտք է $56,4 հազար: Բայց չգիտես ինչու դատարանը բռնագանձումը տարածեց Գագիկ Խաչատրյանի մոր՝ Հայկանուշ Խաչատրյանի բնակարանի եւ կահույքի վրա: «Բնակարանի նկատմամբ իմ սեփականության իրավունքները գրանցված են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, իսկ անշարժ գույքը հաստատված է Մաշտոցի շրջգործկոմի կողմից տրված սեփականաշնորհման որոշմամբ: Կահույքը ձեռք եմ բերել իմ բազմամյա, քրտնաջան աշխատանքի շնորհիվ արված խնայողությունների հաշվին, երբ դեռ որդիս ամուսնացած չէր եւ քայլեր էր անում աշխատելու»,- ասում է Հայկանուշ Խաչատրյանը: Օրեր առաջ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Սմբատյան) Գ. Սարգսյանի հայցի քննության հիման վրա վճռեց. «Հայկանուշ Խաչատրյանի բնակարանի 1/2 մասի վրա բռնագանձում տարածել, այն վաճառել»: Իրավական ո՞ր փաստաթղթից է երեւում Գագիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը այդ բնակարանի նկատմամբ՝ դատարանը չի պարզաբանում: Շահումյանի շրջսովետի գործադիր կոմիտեի հետ առկա է առուծախի պայմանագիր եւ որոշում: Անշարժ գույքի կադաստրում էլ բնակարանը Հայկանուշ Խաչատրյանի անվամբ է: Սակայն Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացված այս փաստաթղթերը հաշվի չեն առնվել: Հետաքրքիր է, որ հուլիսի 27-ին քրեական գործ են հարուցել Գագիկ Սարգսյանի նախկինում դատված որդու՝ Վահե Սարգսյանի նկատմամբ՝ «Հայկաթ» ՍՊԸ-ի տարածքից շարժական էլեկտրակայանի կողոպուտի կապակցությամբ: Դատավճռով Վ. Սարգսյանին դատապարտում են 350 հազար դրամ գումարի չափով տուգանքի եւ Վահեի հոր սեփականության վրա ոչ ոք արգելանք չի դնում: Այս դեպքում գործել է սեփականության անձեռնմխելիության իրավունքը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել