Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակբաշխում ամայի դաշտո՞ւմ

Հոկտեմբեր 26,2004 00:00

Բնակբաշխում ամայի դաշտո՞ւմ Գյումրիի Շիրակացի 69 շենքի բնակիչներին բաժին են հասել կիսատ-պռատ «չոլի մեջտեղում» կառուցված բնակարաններ: Երկրաշարժից տուժածներին առաջարկում են բնակվել ամայի դաշտում, կիսակառույց մի շենքում, որտեղ ոչ դուռ կա, ոչ լուսամուտ, ոչ հատակ, ինչ8211որ մեկը հասցրել է արդեն կոյուղագծերն ու ջրագծերը թալանել: Փողոց ու «թաղամաս» գնացող տրանսպորտ էլ գործնականում չկա: Միակ տրանսպորտը Մարմարաշեն տանող ավտոբուսն է, որն էլ, բնակիչների ասելով, հայտնվում է տարին մեկ անգամ: Թիվ 69 շենքի բնակիչները պատմում են, որ իրենց ժամանակին ամեն ձեւով խաբել են՝ ոչ միայն վստահեցնելով, որ կիսակառույցն ավարտին կհասցնեն, այլեւ կարգին՝ «տեղը տեղին» թաղամաս կսարքեն: Սակայն մինչեւ օրս նրանք այստեղ ոտք չեն դրել: Ի դեպ, հիշյալ կառույցը միակը չէ. այստեղ կա նմանատիպ 5-6 շենք, որոնց շինարարությունը երկրաշարժից հետո նախաձեռնել են ռուսաստանցի շինարարները, սակայն անհայտ պատճառներով կիսատ թողել ու հեռացել են: Այդ օրվանից սկսած՝ բնակիչները բողոք-նամակները ձեռքներին ընկել են դռնեդուռ՝ է՛լ մարզպետարան ու քաղաքապետարան, է՛լ քաղաքաշինության նախարարություն ու նախագահի աշխատակազմ, անգամ դատ ու դատարան, սակայն այդ, պայմանականորեն ասած, «բնակարաններից» ազատվելու որեւէ հնարավորություն չկա: Հիմա նրանք ոչ բնակարանատեր են, ոչ էլ անօթեւան: Մինչդեռ եթե անօթեւան համարվեին, կարող էին հավակնել այլ, ավարտուն տեսք ունեցող բնակարանների: Իսկ այսօր այս մարդիկ անգամ չգիտեն, թե ում է պատկանում իրենց կառույցը. նրանց տվյալներով, սկզբում եղել է երկաթգծի հաշվեկշռում, այնուհետեւ՝ քաղաքապետարանի: Համենայնդեպս, «օգտակար խորհուրդներով» նրանց ամենից շատ «օգնում է» քաղաքապետարանը: Օրինակ, առաջարկում է վերանորոգումը կատարել սեփական միջոցներով: «Եթե 5-6 հազար դոլար ունենայինք, չոլերը հասնելու համար կռիվ չէինք տա, քաղաքի կենտրոնում տուն կգնեինք, էդ տունն էլ քաղաքապետարանին նվեր կտայինք»,- դժգոհեցին նրանցից շատերը: Իմիջիայլոց, չի բացառվում, որ որոշ ընտանիքներ, օրինակ՝ հաշմանդամ երեխա ունեցող Մկրտիչ Հովհաննիսյանինը, շուտով կհայտնվեն փողոցում, քանի որ քաղաքում ակտիվացել են «տնակներից ազատվելու» աշխատանքները, իսկ առաջարկվող «բնակարանում» ապրելն անհնար է: Կոնկրետ այս դեպքում Սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբեն Կարախանյանը տարածքն ազատելու վերջին նախազգուշացումն է տվել: Մինչդեռ բնակիչները դժգոհում են, որ անօթեւանների ցուցակներով «շատ լուրջ մտահոգված» քաղաքապետարանն իրենց «մատից փուշ չի հանում»: Ավելին, նրանց հասած ասեկոսեների համաձայն, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից նախարարության գրությանը պատասխանել են, որ հիշյալ շենքում ամեն ինչ հրաշալի է: Հարցը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանին: Վերջինս թեեւ սկզբում պատասխանեց, որ ներդրումներ կատարելը ոչ թե իր կառույցի, այլ քաղաքապետարանի պարտականությունն է, այնուհետեւ ճշտեց, որ շենքը իրականում գտնվում է «Մինէներգոյի» հաշվեկշռում, այն հատկացված է եղել էներգետիկներին: (Թեեւ բնակիչները սեփականատիրոջն այդպես էլ տեղը չբերեցին՝ չհիշելով նույնիսկ որեւէ էներգետիկ հարեւանի): Մարզպետարանի պաշտոնյայի պարզաբանմամբ, այս դարում ոչ մեկը ոչ մեկին հարկադրաբար բնակարաններ չի տրամադրում եւ որ մինչեւ 2000-ի նոյեմբերը գործել է կառավարության N 444 որոշումը՝ որը թույլ էր տալիս տվյալ ձեռնարկությանը իր աշխատակիցներին բնակարաններ հատկացնել կիսակառույց շենքերից՝ իհարկե հարդարման ծախսերը թողնելով նրանց վրա: Մյուս կողմից էլ քաղաքաշինության վարչության պետը բնակիչներին բացարձակապես չի մեղադրում. «Ով չլիներ, որ «Լինսիի» շենքերը տեսնելուց հետո իր բնակարանից չհիասթափվեր»: Արտաշես Սարգսյանը վստահեցրեց, որ եթե շենքը ունենա լիազոր ներկայացուցիչ՝ իրենք կկարողանան այն պետական ծրագիր մտցնել: Սակայն պաշտոնյայի խորհրդից բնակիչները ամենեւին էլ չեն ոգեւորվում՝ աչքի առաջ ունենալով պետական ծրագրով կիսատ-պռատ մնացած շենքերը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել