Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաստատենք

Հոկտեմբեր 26,2004 00:00

«Հաստատենք կոմիտասյան դիկտատուրա» Այսօր մեծ երգահանի ծննդյան 135-ամյակն է Այսօր՝ նրա ծննդյան օրը, միայն Երեւանի պետկոնսերվատորիայի եւ Երեւանի պետական կամերային նվագախմբի կամերային երգչախմբի ազդագրերն են, որ հրավիրում են կոմիտասյան երեկոների: Կամերային երգչախմբի ղեկավար ու գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը համակարծիք է մեզ հետ, որ աշխարհը քիչ է ճանաչում Կոմիտասին: Ըստ նրա, մենք մշակութային մեծ տերություն չենք ու չենք կարողանում հավուր պատշաճի ներկայացնել Կոմիտաս հանճարի մեծությունը. «Մարդիկ լսում են, հիանում կոմիտասյան մեղեդիներով ու դրանով ամեն ինչ սահմանափակվում է»: Ռ. Մլքեյանը հիշեցրեց, որ ֆրանսիացի նշանավոր երաժշտական քննադատ Լուի Լալուան խոսելով 1906թ. Փարիզում կայացած Կոմիտասի համերգների մասին, գրել է, որ ոչ ոք իրեն չի կարող մեղադրել չափազանցության մեջ, որ այդ համերգները հեղաշրջում էր, որն ըստ էության ոչ եվրոպական էր եւ ոչ էլ արեւելյան, բայց եզակի՝ իր տեսակի մեջ: Պրն Մլքեյանը շարունակեց խոսքը, նշելով, որ Կոմիտասի հանճարի մեծությունը միայն երաժշտարվեստով չի սպառվում: Նա տարիներ շարունակ զբաղված էր նաեւ ժողովրդական բանահյուսության եւ պոեզիայի հարցերով: «Այո, միանշանակ, մեզ մոտ էլ քիչ է պրոպագանդվում Կոմիտաս»,- նշեց դիրիժորը: Մեր դիտարկմանը, թե դեռ սեպտեմբերին սկսված կոմիտասյան խմբերգային երաժշտության յուրահատուկ «փառատոնը» ի՞նչ արձագանք ունեցավ ունկնդրի շրջանում, դիրիժորը հատկապես նշեց Աբովյան քաղաքում կայացած համերգը, շեշտելով, որ 2,5 ժամ հանդիսատեսը համակ ուշադրությամբ լսում էր Կոմիտասի ոչ միայն խմբերգային ստեղծագործությունները, նաեւ դաշնամուրային եւ վոկալ գործերը: Ասենք, որ երգչախումբը Գյումրիում, ապա Վանաձորում հանդես կգա նույն՝ կոմիտասյան ծրագրով: Ռ. Մլքեյանը գտնում է, որ մեր ազգի շահերից ելնելով պետք է հաստատվի կոմիտասյան «դիկտատուրա», որում մեծ դեր պետք է խաղան հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները. «Ի վերջո, քանի դեռ ամեն ինչ կորած չէ, եկեք սկսենք Կոմիտասից, հասնենք մեր մյուս անվանի կոմպոզիտորներին եւ ավանդույթ դարձնենք մեր կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդումը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Վերջերս, երբ քննարկվում էր 2005թ. բյուջեի՝ մշակույթին վերաբերող հատվածը, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հայտարարեց, որ 2005-ից սկսած, կգործեն պետական խմբեր, որոնք կստանան ֆինանսավորում եւ պետական կարգավիճակ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը այս առիթով նկատեց, որ լավ կլիներ ՀՊԿՆ կամերային նվագախմբին էլ չմոռանային: Նաեւ հիշեցրեց, որ ի տարբերություն մյուս խմբերի, կամերային նվագախմբին ոչ թե գումար, այլ ընդամենը պետական կարգավիճակ է անհրաժեշտ: Մանավանդ՝ վերջինս ստեղծվել է բարերար Վաչե Մանուկյանի նախաձեռնությամբ եւ կայուն ֆինանսավորում է ստանում «Վաչե եւ Թամար Մանուկյան» հիմնադրամից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել