Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 05,2004 00:00

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏՋԵՐՄՈՒԿՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին երեկ հարցրինք` ինչո՞ւ է Դաշնակցությունը «երկրապահական» պահվածք որդեգրել եւ շարունակ հայտարարություններ անում մի բանի մասին, որ մի օր կտրուկ հայտարարություն կանի: Խոսքը կոալիցիայից դուրս գալու մասին Դաշնակցության՝ արդեն ավանդական հայտարարությունների մասին է: Այդ մասին խոսվեց նաեւ ԳՄ ջերմուկյան ժողովում, եւ դարձյալ կտրուկ որոշումներ չեն կայացվել։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող այս քաղաքական ուժը դուրս չի գա վերջինիս «դաբրո»-ով կազմավորված քաղաքական միավորման կազմից։ Ուրեմն ինչո՞ւ է շարունակ այդ մասին սպառնալիքներ հնչեցնում։ ՀՅԴ հայաստանյան ԳՄ Գերագույն ժողովն էլ այս իմաստով բացառություն չէր: Վահան Հովհաննիսյանը մեր կարծիքը, հասկանալի պատճառներով, չէր կիսում: Նա մասնավորապես ասաց. «Չէի ասի, որ որոշումներ չեն կայացվել։ Որոշումներ կայացվել են մեր ընթացիկ կյանքի համար, եւ ոչ ոք չի կայացրել որոշում, որ կոալիցիայում Դաշնակցության մասնակցությունը ֆիքսված ժամկետի համար է։ Խոսվել է այն մասին, որ Հուշագրի մեջ դրված խնդիրների կատարման տեմպերը մեզ համար բավարար չեն: Այս հարցում մենք կարող ենք վիճել մեր այն գործընկերների հետ, որոնք ասում են, որ տեմպերն ավելի արագ հնարավոր չէր։ Մենք գտնում ենք, որ հնարավոր էր։ Այստեղ քաղաքական բանավեճի տեղ է բացվում։ Բայց ոչ ոք Դաշնակցության մեջ չի որոշել, որ նորընտիր ԳՄ-ն պարտավոր է մինչեւ իր ժամանակահատվածի ավարտը այս կամ այն բլոկի մաս կազմել։ Ժողովը շատ ավելի մեծ ճկունություն է տվել ԳՄ-ին՝ հնարավորություն տալով սեփական գնահատականի հիման վրա կայացնել որոշում։ Եվ եթե այս Գերագույն մարմինը տեսնի, որ մեր ջանքերը չեն բերում Հուշագրի կատարմանը, ապա կարող է անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշում կայացնել կամ Դաշնակցության անունից պայքարել հենց այդ նույն կետերի ավելի էֆեկտիվ կատարման համար»։ Հիշենք, որ երկու տարի առաջ հրավիրված Գերագույն ժողովը որոշեց նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել այսօր գործող նախագահի թեկնածությունը: Արդյոք վերջին ժողովում խոսվե՞լ է Դաշնակցության թեկնածուի կատարած աշխատանքի մասին, տրվե՞լ է գնահատական եւ արդյոք Դաշնակցությունը չի՞ փոշմանել, որ հենց այդ թեկնածուին է պաշտպանել։ Մեր այս հարցերին պատասխանելով՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Սովորաբար մեր աշխատանքը բաժանվում է հանձնախմբերի, եւ կազմակերպչական, քարոզչական ու այլ տիպի հարցեր քննարկվում են առանձին հանձնաժողովներում։ Կա նաեւ քաղաքական հանձնաժողով, որը քննարկում է ներքին ու արտաքին քաղաքական հարցեր։ Եվ այս հանձնաժողովի օրակարգային հարցերից մեկն էլ, իհարկե, եղել է նախագահի գործունեությունը, ոչ թե որպես անհատ։ Նա է պատասխանատու անվտանգության համար, եւ արտաքին հարաբերությունների ոլորտում նրա դերակատարությունը շատ կարեւոր է։ Ուստի բնական է, որ արտաքին եւ ներքին քաղաքական հարցերի քննարկման մեջ ձեր մատնանշած հարցը շոշափվել է։ Տարբեր գնահատականներ են հնչել, ընդհանուր առմամբ մի շարք խնդիրներում հնչել է լուրջ քննադատություն»։ Պրն Հովհաննիսյանը մեր խնդրանքին՝ կոնկրետացնել, թե որ հարցերում է հնչել քննադատությունը, կարելի է ասել՝ չկոնկրետացրեց եւ, ըստ էության, չպատասխանեց. «Իհարկե, նախագահը դեռ բավականին լուրջ անելիքներ ունի, հենց նախագահը՝ առաջին հերթին։ Տնտեսական մոնոպոլիաների վերացման խնդիրներում։ Այդ ուղղությամբ, պետք է խոստովանել, որոշակի աշխատանք արվել է, այսինքն՝ դաշտը մի քիչ բացվել է։ Բայց այն վիճակը չէ, որը մենք կարող ենք բնորոշել որպես ազատ շուկայական հարաբերություններ։ Եվ սա հիմնականում նախագահի անելիքն է, որովհետեւ կան հարցեր, որոնք միայն պարզ օրենքներով չեն կարգավորվում, այլ նաեւ՝ մարդկային հարաբերություններում։ Եվ նախագահի հեղինակությունը շատ դրական եւ լուրջ դերակատարում կարող է ունենալ այս հարցերի լուծման մեջ»։ Պարզվում է՝ Դաշնակցությունը Ռ. Քոչարյանի աշխատանքը բարձր է գնահատում արտաքին հարաբերությունների մեջ. «Հավասարակշռություն, բայց՝ վճռականություն. սա մենք գնահատում ենք։ Իհարկե, որոշ հարցերում մենք գուցե մի քիչ այլ ձեւակերպում կանեինք։ Այս հավասարակշիռ, բայց վճռական պահվածքն է արդարացնում մեր ընտրությունը, որ մենք ժամանակին հենց այդ թեկնածուին պաշտպանեցինք»։ Իսկ որպես նախագահի թերություն՝ նշվեց Սահմանադրության վրա աշխատանքի «ոչ պատշաճ տեմպը»։ Այս ակնարկից, ի դեպ, ակնհայտ է դառնում, թե ով է իրականում սահմանադրական նոր փոփոխությունների փաթեթի հեղինակը, եւ թե ինչու է «մեղքը» դրվում կոալիցիայի վրա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել