Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՐԱՆՋԱՏՈ՛ՒՄ ԵՆՔ: ՏԱՐՈՍԸ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ»

Նոյեմբեր 09,2004 00:00

«ՏԱՐԱՆՋԱՏՈ՛ՒՄ ԵՆՔ: ՏԱՐՈՍԸ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ» Կեսկատակ ազդարարվեց «Նիգ-Ապարան» միության նոյեմբերի 6-ին կայացած 2-րդ համագումարում, որն առանձնահատուկ էր՝ հյուրերը մնացին մինչեւ վերջ: Իսկ համագումարի միայն 1000 պատվիրակ ունեցող այս 39 հազարանոց հայրենակցական-բարեգործական կազմակերպության հրավերը ընդունել էին շատերը՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից մինչեւ Երեւանի քաղաքապետ ու կառավարության անդամներ: Ու թեեւ այլ համագումարներում պատվավոր հյուրերը հեռանում են առաջին զեկուցումը լսելուց հետո՝ այս անգամ բոլորը մնացին մինչեւ համագումարի ավարտը: Քանի որ «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, խոսեց միայն վերջում: Թեեւ մինչ այդ էլ եղան հետաքրքրական ելույթներ: «Նիգ-Ապարանի» երկամյա գործունեության հաշվետվությունը ներկայացնող Տիգրան Պետրոսյանցն ընդգծեց, թե կազմակերպությունը կարեւոր դերակատարություն է ունեցել նախագահի եւ ԱԺ ընտրությունների ընթացքում հայրենակիցներին կողմնորոշելու գործընթացում: Առանձնահատուկ նշվեց նաեւ Աջափնյակի համայնքապետի ընտրությունը (ի դեպ, այդ ընտրություններում պարտված թեկնածուի հայրը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նույնպես ընդունել էր ապարանցիների հրավերը): Ըստ Տիգրան Պետրոսյանցի՝ այս ընտրությունները հաստատեցին, «որ հայրենակցականը գործուն, առավել նպատակամետ աշխատանքի դեպքում կարող է շատ կարեւոր դերակատարություն ունենալ ոչ միայն «Նիգ-Ապարանի» տարածաշրջանային խնդիրների լուծման, այլեւ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում»: Միջանկյալ նկատենք՝ բավական լուրջ հայտ էր, որը հակասեց Աղվան Հովսեփյանի ելույթի շեշտադրմանը. «Յուրաքանչյուր հայրենակցական կազմակերպություն դատապարտված է, եթե իր առջեւ քաղաքական խնդիր լուծելու նպատակ է դնում»: Նա խոստացավ. «Ես իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որ հայրենակցականը զերծ մնա ամեն տեսակի քաղաքականությունից եւ քաղաքական ազդեցություններից»: ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանն իր ելույթում «Նիգ-Ապարանի» գործունեության առնչությամբ հայտարարեց. «2 տարվա ընթացքում այս մանուկի կատարած գործերին նախանձում են եւ անզորությունից կնճռոտվում ոչ միայն դեռահասներն ու չափահասները, այլեւ՝ ծերերը»: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե հայրենակցական միությունները տարանջատում են ազգը, Լեւոն Խաչատրյանը մասնավորապես ասաց. «Մոտ օրերս Ապարանում ջրագիծ ենք բացելու: Մարդիկ 4-րդ հարկից 1-ին հարկ էին իջնում դույլերով եւ անմիջական շփվում՝ չէին տարանջատվում: Իսկ վաղվանից տարանջատվելու են՝ առիթը չի լինելու եւ շաբաթը մեկ են տեսնելու միմյանց: Տեսնո՞ւմ եք, ո՜նց ենք տարանջատում»: Ի դեպ, համագումարում հրապարակված հաշվետվության համաձայն՝ միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը միությանը 13 հազար դոլար է նվիրաբերել՝ բարեգործական նպատակներով: «Մեզ մի՛ նախանձեք, մենք հասարակական կազմակերպություն ենք՝ քաղաքական չենք: Մեզ նախանձողները բարի բանի չեն հասնի»,- ասաց Լեւոն Խաչատրյանը: Իրենց փակցված մեկ այլ պիտակի՝ «ապարանյան կլան» բնորոշման առնչությամբ էլ հիշեցրեց, թե միության անդամ են ոչ միայն այլ մարզերի շատ բնակիչներ, այլ անգամ Հայաստանի սահմաններից դուրս ապրողներ. «Տեսնո՞ւմ եք, ինչպիսի՜ կլան է «Ապարան» հայրենակցական միությունը, որի կազմում մոտ 40-50 տոկոսն են ապարանցիներ»: Աղասի Արշակյանը հայտնեց, որ Բելառուսում էլ է ձեւավորվել «Նիգ-Ապարանի» մասնաճյուղ: Թերեւս կարելի է արձանագրել, որ ստեղծվել է «Ռուսաստան-Բելառուս-Ապարան» միությունը: Ի դեպ, միության անդամ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները համագումարում չէին զատվում իշխանամետ ապարանցիների խոսքից: Ասենք, «Ազգային միաբանության» անդամ Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց. «Մի՛ վախեցեք, մենք իշխանության չենք ձգտում: Մենք աջակցելու եւ անելու ենք ամեն ինչ, որ մեր երկրում թեկուզ փոքր, բայց դրական ձեռքբերումներն ավելի ամրապնդվեն, իսկ քանդածները կարգի բերվեն»: «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում նույնպես անդրադարձավ միության գործունեության որոշ արձագանքներին. «Ժամանակն է, որ դադարեն ամեն մի գործընթացի մեջ ենթատեքստեր ու հետին մտքեր փնտրելը եւ դրանք սեփական նպատակահարմարությամբ մեկնաբանելը: Ժամանակն է, որ դադարեն պետության ներսում ընթացող գործընթացներԻՆ մասնակից կողմերից հաղթողների եւ պարտվողների բաժանել»: Ակնարկն ակնհայտորեն մասնավորապես 44 ընտրատարածքի առնչությամբ ծավալված բանավեճերի մասին էր: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են համադրվում քաղաքական գործունեությունից զերծ մնալու վերաբերյալ հավաստիացումներն այն իրողության հետ, որ «Նիգ-Ապարանը» ոչ միայն ընտրություններին է ակտիվորեն մասնակցում, այլեւ հայտարարություններով իր տեսակետներն է հայտնում, ասենք` ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթի եւ նման իրադարձությունների շուրջ: Աղվան Հովսեփյանն ի պատասխան` ասաց. «Չեմ գտնում, թե դա քաղաքական գործունեություն է, քանի որ «Նիգ-Ապարանի» կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ այն նպատակ ունի նաեւ տարածաշրջանի բնակչությունը կողմնորոշել հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության վերաբերյալ»: Նա կտրուկ բացառեց, որ միությունը երբեւէ կդառնա կուսակցություն: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել