Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՒՄԱՐԸ

Նոյեմբեր 09,2004 00:00

«ԳՈՒՄԱՐԸ ԴՐԵԼ ԵՄ ՍԵՂԱՆԻՆ» Նախկին ոստիկանը կաշառք է տվել, բայց չգիտի՝ ում Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր՝ Էռնա Հայրյանի նախագահությամբ, սկսվեց Դիլիջանի դատավոր Համլետ Մաթեւոսյանի եւ զինվորական դատախազության Գուգարքի կայազորի դատախազի օգնական Գագիկ Չախմախչյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են պատիժը չկիրառելու պայմանով 800 դոլար կաշառք վերցնելու մեջ: Չնայած նախկին դատավոր Համլետ Մաթեւոսյանը, երբ դատավորը հարցրեց, թե իրեն մեղավոր ճանաչում է, պատասխանեց, որ մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի հետո: Ի դեպ, տեղեկացնենք, որ Համլետ Մաթեւոսյանը նախկինում «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմեն Զաքարյանի փաստաբանն էր: «Դրո» գործով մեկ այլ փաստաբան՝ Ռուբեն Սահակյանը, երեկ սկսված գործով իրականացնում էր Համլետ Մաթեւոսյանի պաշտպանությունը: Նախկին դատավորն ուներ նաեւ երկրորդ պաշտպանը՝ Ռաֆիկ Սաֆարյանը, իսկ Գառնիկ Չախմախչյանի պաշտպանն էր Հովհաննես Գալյանը: Եթե մեղադրանքն ապացուցվի, Համլետ Մաթեւոսյանին սպասում էր 7 տարի ազատազրկում, դատախազի օգնականին՝ 4 տարի: Երեկ դատարանը երկու ընդմիջումներով հասցրեց լսել երկու վկաներից մեկին՝ Համլետ Ղարախանյանին: Այս վկան հայտնեց, որ ինքը մեղադրվում էր զենք-զինամթերքի հափշտակության համար եւ իր նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նա, որպեսզի «լավ պրծնի», դիմել էր Հ. Մաթեւոսյանին, եւ դատավորն էլ, ըստ վկայի, սկզբում կոնկրետ թիվ չէր ասել, ապա ուզել էր 800 դոլար գումար, որը Հ. Ղարախանյանն այն պահին չուներ: Եթե գումար չտար, ապա իրեն սպասվում էր 2 տարի ազատազրկում: Պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի այն հարցին էլ, թե դատավորի մոտ գնալու պատճառը որն էր, վկան ասաց, որ գնացել է նախ «տեղեկանալու», ապա խնդրելու, որ դատավորն օգնի իրեն: Հ. Մաթեւոսյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Կոչ եմ անում սովորացրած բաները մի ասա: Ինչ կա՝ էն ասա: Ավել բան չեմ ուզում»: Այս վկան, որ նախկինում եղել է պատմաբան, իրավաբան եւ աշխատել է Նոյեմբերյանի ոստիկանության պահակային բաժնում, զենք-զինամթերքի գողությունը պատճառաբանեց այսպես. «Չգիտեի ինձ հետ ինչ կատարվեց: Ոչ ոք 100 տոկոսով չի կարող ասել, թե մարդը հանցագործություն կարո՞ղ է կատարել, թե՞ ոչ»: Սակայն ողջ դատաքննության ընթացքում նա հակասական ցուցմունքներ էր տալիս, մեկ ասելով, որ իրենից 700 դոլար պահանջել է Չախմախչյանը, մեկ ասելով՝ դատավորը: Ուշագրավ է, որ նա ի վերջո գումարը «գտնում» է ազգային անվտանգությունում: Պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայությունում զենք-զինամթերք գողացած նախկին ոստիկանն ուներ մի հեռավոր բարեկամ՝ Աշոտ Փիրումյանը: Մինչ ազգային անվտանգության հետ գործ բռնելը նա դիմել է լրագրող Ոսկան Սարգսյանին, որպեսզի դատավորի տրամադրությունները ճշտի: Ըստ վկայի, Ոսկանն էլ հասկացնում է, որ կաշառք պետք է տա: Չնայած նախաքննության մարմնին Ոսկանը հայտնել էր, որ իր եղբոր ընկերոջ՝ Համլետ Ղարախանյանի հետ որեւէ խոսակցություն չի եղել: Վկան գումարի մասին հայտնում է ԱԱ աշխատակից Փիրումյանին, որն էլ տանում է իր պետի՝ Վրեժ Սարդարյանի աշխատասենյակ: «Պետը հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ասացի՝ գողություն եմ արել, դատավորը գումար է պահանջում»,- շարունակեց վկան: Սակայն բանավոր հայտարարությունից մի քանի օր հետո միայն նա հրավիրվում է հայտարարություն տալու: «Զանգեց Փիրումյանը, ասաց՝ արի ԱԱ բաժին: Գնացի, ձեւն ասացին ինչպես պիտի գրվի»,- ցուցմունք տվեց վկան: Նա հայտնեց նաեւ, որ հայտարարություն տալու պահին սենյակում եղել են երեքով: Ղարախանյանը նկարագրեց, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 10.30-ին՝ նիստից մի քանի ժամ առաջ 100 դոլար է տվել դատավորին եւ հայտնել, թե գնում է 700-ը բերելու: Այնուհետեւ ԱԱ-ում մշակված 700 դոլարն է բերում: Այս ամենը լսելիս չդիմացավ ամբաստանյալ Համլետ Մաթեւոսյանը, որը տեղից ռեպլիկ նետեց. «Արա, էս հեքիաթ ա, ո՞նց ես տվել գումարն ինձ, երբ մեր մեջ այդպիսի խոսակցություն չի եղել»: Հետաքրքիր է, որ երբ մեղադրողը հրապարակեց այս վկայի բացատրությունը, այնտեղ նա ասել էր. «Անձամբ գումարը վերցրեց դատախազը, դրեց գրպանը»: Բացատրության մեջ մեկ այլ տեղ էլ գրել էր. «Հ. Մաթեւոսյանը 100 դոլարը «քցեց» դատախազից»: Երբ այս վկայից ուզեցին իմանալ, թե, ի վերջո, ո՞րն է ճիշտը՝ դատախազի օգնակա՞նն է վերցրել գումարը, թե՞ դատավորը, նա ասաց. «Գումարը դրել եմ սեղանին: Թելադրել են, ասել են՝ ոնց գրեմ»: Դատակոչված մեկ այլ վկա՝ Արմեն Սիմոնյանը, չհասցրեց ցուցմունք տալ: Ավելին, հայտնեց, որ գումար չունի ետ գնալու համար: Խոսքը 2000 դրամի մասին էր: Նա հարցրեց դատավորին՝ որտե՞ղ մնամ: Այստեղ էլ զարմանալու հերթը դատավոր Էռնա Հայրյանինն էր՝ «Դուք պատրաստվում եք գալ մեր տո՞ւն»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀ. Գ. Իհարկե, վերջին խոսքը դատարանինն է, բայց թե որքանով է ճիշտ հանցագործի միջոցով հանցագործություն բացահայտելը, թող գնահատեն մասնագետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել