Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը հայերեն չգիտի՞

Նոյեմբեր 11,2004 00:00 Share

Համենայնդեպս,
դա է պնդում նրա մրցակիցը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ
դպրոցը փրկվել է օպտիմալացումից: Մանկավաժները երեք ամիս աշխատել են առանց աշխատավարձի
եւ 2003 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը փոխել է իր որոշումը` հրաժարվելով
թիվ 3 եւ թիվ 4 դպրոցների միաձուլումից: Հիմա էլ թիվ 3-ի գործադիր տնօրենի աթոռն
է դարձել կռվախնձոր եւ վեճերի առարկա: Վեճն էլ՝ քաղաքացիական գործի տեսքով, ՀՀ վերաքննիչ
դատարանում է: Դպրոցի բազմամյա տնօրեն, այժմ գործազուրկ Արամ Ծատուրյանը հայտարարում
է, որ դպրոցի ներկայիս գործադիր տնօրեն Սվետա Թազագուլովան պաշտոնը ստացել է սխալ
մրցույթով. «Մրցույթի մասնակիցներին ներկայացվող չափանիշներից մեկն էլ գրական հայերենին
տիրապետելն է, իսկ Թազագուլովան չի տիրապետում, հետեւաբար մրցույթին մասնակցելու
իրավունք չուներ»: Ըստ Ծատուրյանի, իր ասածի ճշմարտացիությունը ապացուցում է այն
փաստը, որ Թազագուլովայի ինքնակենսագրությունը եւ մրցույթին մասնակցելու դիմումը
գրված են ուրիշի ձեռքով: Ծատուրյանը պահանջել է, որ Թազագուլովան իր ներկայությամբ
նոր դիմում գրի: Պահանջը մերժվել է: Այս ամենը տեսնելով՝ Ծատուրյանը հրաժարվել է
մասնակցել տնօրենի պաշտոնի մրցույթին: Տնօրեն ընտրող հինգ հոգանոց խորհրդում
կա երկու մանկավարժ, մարզպետի երկու ներկայացուցիչ եւ մեկ ծնող: Թազագուլովան հաղթեց
3:1 «հաշվով». ծնողը չի մասնակցել ընտրությանը: Դպրոցի խորհրդի նախագահ, մարզպետարանի
կրթության վարչության աշխատակից Հովհաննես Թադեւոսյանը հավակնորդների հրաժարականների
իր բացատրությունն ունի. «Ամեն մեկը այս խորհրդի դեպքում ընտրվելու իր շանսերը գիտի»:
Երեքշաբթի ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Նոյեմ Հովսեփյան, Գոհար Մատինյան, Կարինե
Հակոբյան կազմով, համաձայն էր Ծատուրյանի այն պնդմանը, թե հայերեն չիմացողը իրավունք
չունի դպրոցի տնօրեն լինել: Սակայն կարծում էր, թե Ծատուրյանն էլ իրավունք չուներ
ստուգել Թազագուլովայի լեզվական ունակությունները: Սվետա Թազագուլովան դատարան չէր
ներկայացել: Իսկ Լոռու մարզի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը եւ դպրոցի
խորհրդի նախագահ Հովհաննես Թադեւոսյանը հայտարարեցին, որ Սվետա Թազագուլովան հայերեն
լավ է խոսում, թեեւ «ռուսական ինտոնացիայով. ո՞վ պիտի որոշի գրական հայերենի չափանիշները»:
Իսկ որ նման չափանիշներ չկան, հավաստում է նաեւ ՀՀ լեզվի պետական տեսչությունը: Ըստ
տեսչության, չափանիշների եւ մեխանիզմների բացակայության պատճառով չի իրականացվում
պաշտոնատար անձանց հայերենի իմացության ստուգում: Վերաքննիչ դատարանը ցանկացավ լսել
դպրոցի տնօրենին եւ նիստը հետաձգվեց: Արամ Ծատուրյանը վիճարկում է Սվետա Թազագուլովայի
մրցույթի պահին՝ վեց ամիս առաջ, 2004-ի ապրիլի 26-ի դրությամբ հայերենի իմացությունը:
Գուցե այս ընթացքում կատարելագործվե՞լ են Թազագուլովայի լեզվական հմտությունները:
Պարզ կլինի նոյեմբերի 16-ի դատական նիստում: Հայտնի է, որ տնօրենը ազգանունը հայկականացնելու
քայլեր է անում: Ի դեպ, Սվետա Թազագուլովան ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ
Յուրի Խաչատուրովի քույրն է: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել