«ՄԵԶ ԿՐԱԿԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԻ» «Հայրենիք» ժողովրդական ճակատը նույնպես ուզում է սկսել ազգային հեղափոխությունը Նախորդ օրն ուշ երեկոյան կայացած նիստում «Հայրենիք» ժողովրդական ճակատը եկել է եզրակացության՝ «Համբերության բաժակն արդեն լցվել է»: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ճակատի քաղխորհրդի անդամ Գառնիկ Մարգարյանը ներկայացրեց մանրամասները. «Մեղավոր ենք մենք, որ թույլ տվեցինք էսպիսի սրիկաները գան իշխանության: Կամ լուռ անտարբերության մատնեցինք նրանց գալը, կամ շատերը նպաստեցին՝ մտածելով սեփական պատառի մասին: Բայց երկրից ոչինչ չի մնում, եւ ազգի գոյատեւումն էլ հարցականի տակ է»: Ուստի ճակատը որոշել է, որ ձգձգումներն այլեւս անթույլատրելի են. «Ճակատի քաղկոմները պիտի սկսեն աշխատել՝ առաջնորդեն գյուղի, շրջանի, մարզի եւ քաղաքի ժողովրդին: Ոչ թե բերեն 2000-անոց միտինգների, այլ ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ռեժիմին հեռացնի եւ պատասխանատվության ենթարկի: Ես ամպագոռգոռ թվեր չեմ ասի, մեր եղածը մեկ-երկու հազար է, բայց դա պոտենցիալ է: Եկել է պահը, որ այդ գործի իրականացման պատասխանատվությունը մեր վրա վերցնենք: Էլ սպասելու, նահանջի տեղ չունենք: Մենք ինչով կարող էինք աջակցեցինք կամ չխանգարեցինք ընդդիմությանը: Բայց տեսանք, որ յավաշ-յավաշ են առաջ գնում: Պատգամավորական մանդատն ունեն, աշխատավարձը ստանում են, գործուղումներ են լինում: Թող սահմանամերձ գոտիներ գնան, հատկապես Վրաստանի մոտ, Շամշադինում ամբողջովին դատարկ գյուղեր կան: Այնտեղ արդեն պատերազմել էլ պետք չի, թուրքը երբ ցանկանա՝ կվերցնի: Մենք զինվորական մարդիկ ենք: 30-40 տարի անցել ենք ՊՆ, ՊԱԿ, ՆԳ՝ մեզ կրակել սովորեցնել պետք չի: Համեստաբար կողքի կանգնեցինք՝ կարծելով մեր գործընկեր քաղաքական գործիչներն ավելի ունակ են: Բայց տեսնում ենք, որ ոչինչ չեն անում: Կամ ցանկություն չկա, կամ կարող չեն՝ ես չեմ ուզում մեղադրել, դա իրենց խնդիրն է»: Եթե այս օրհասական պահին պատասխանատվությունն իրենց վրա չվերցնեն, մեր զրուցակցի համոզմամբ, ապա ինչպիսի գնդապետներ, գեներալներ էլ լինեն՝ շքանշաններով, չիներով, դիպլոմներով կամ գիտական մակարդակներով, միեւնույն է՝ գալիք սերունդների առջեւ իրենց ապրածը զրո է լինելու: «Հայրենիք» ճակատը իշխանություններին եւս մեկ հնարավորություն է տալիս՝ սթափվելու եւ հեռանալու: Այլապես պարոն Մարգարյանը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես է այսօրվա չինովնիկի երեխան փողոց դուրս գալու, երբ հորն ազատեն պաշտոնից՝ թալանի, սրիկայության, օրենքների ոտնահարման մեղադրանքով: Պայքարի սկիզբը կարող է դառնալ հայկական ԶՈՒ ստորաբաժանումը Իրաք ուղարկելու հարցը ԱԺ օրակարգում ընդգրկելը. «Թող փորձի ԱԺ-ն ընդունի: Թույլ չենք տալու: Բարձրացնելու ենք ժողովրդին եւ Արթուր Բաղդասարյանից պատասխան ենք պահանջելու: Ամոթ է, թող փակեն այդ «բալագանը», դա խորհրդարան չէ: 30 հարց մի քանի րոպեում քննարկում, քվեարկում են, դահլիճի հինգ պատգամավորներից ութսունն էլ «կողմ» է քվեարկում: Դաշնակցությունը խոսում է կոռուպցիայից թող ղեկավարները մի հատ իրենց շարքերում տեսնեն, թե ինչ է կատարվում: Եվ իրենք, եւ մյուսները՝ պատասխան են տալու: Մենք այդպիսի որոշում ենք կայացրել»: Այս ամենից զատ, «Հայրենիք» ճակատի ներկայացուցիչներին զայրացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում գրավյալ տարածքների հարցի ընդգրկումը՝ «Հենց այդ պահին ԱԳ նախարարն ու նախագահը պետք է հրաժարական տային: Տղամարդկությունը միայն գոռում-գոչյունով չի, տղամարդ պետք է լինել որոշումներով ու վճռականությամբ»,- ասում է Գ. Մարգարյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































