Լրահոս
Օրվա լրահոսը

Թավջութակահարը

Նոյեմբեր 11,2004 00:00

Թավջութակահարը օգնության ձեռք է մեկնում «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 12-ին, ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) առաջին անգամ հանդես կգա ճանաչված թավջութակահար, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին: Համերգը ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդվարդ Իսաբեկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների վերջին ակորդն է: Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, ԽՍՀՄ, Եվրոպայի եւ Ամերիկայի աշխարհահռչակ նվագախմբերի ու հայտնի դիրիժորների հետ մենահամերգներով հանդես եկած թավջութակահարը համոզված է, որ մենք ունենք տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ: Երեւանում գտնվելու օրերին նա կանցկացնի պետկոնսերվատորիայի եւ Սպիվակովի անվան հիմնադրամի շնորհալի թավջութակահարների լսումներ, հետագայում նրանց ուսումը Միչիգանի պետական համալսարանում կազմակերպելու նպատակով: Մեր դիտարկմանը՝ «Կարծում եք Հայաստանում չկա՞ն բարձրակարգ երաժիշտ դառնալու նախապայմաններ», Ս. Բագրատունին տեղեկացրեց, որ ինքը ուսումը սկսել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից, այնուհետեւ շարունակել Երեւանի, Մոսկվայի, Լոնդոնի կոնսերվատորիաներում. «Մինչ օրս տպավորված են առաջին քայլերս Չայկովսկու անվան դպրոցում: Երեւանում կան հիանալի մասնագետներ»: Նա տեղեկացրեց, որ իր դասարանում սովորում է Երեւանի կոնսերվատորիան ավարտած, մեծ հեռանկար ունեցող թավջութակահարուհի Լուսինե Պետրոսյանը. «Բնական է, նա Հայաստանում է ստացել ե՛ւ սկզբնական, ե՛ւ բարձրագույն կրթություն: Այնուամենայնիվ, նրան անհրաժեշտ է շփում աշխարհի երաժշտական կյանքի հետ, ինչի հնարավորությունը տալիս են գերզարգացած երկրները»: Ս. Բագրատունին հայտնեց, որ, օրինակ, Միչիգանի համալսարանում 4 տարվա ընթացքում պետությունը յուրաքանչյուր սովորողի վրա ծախսում է 100 հազար դոլար, ապահովելով նաեւ բնակարանով. «Ուսումը անվճար է եւ, զարմանում եմ, թե ինչո՞ւ Հայաստանից շատերը ձգտում են ուսանել Եվրոպայում եւ ոչ Ամերիկայում»: Երաժշտից հետաքրքրվեցինք՝ «Անցել են տարիներ, ե՛ւ այստեղ, ե՛ւ արտերկրում ստացել եք բարձրակարգ ուսում, ինչի վկայությունն են մի քանի միջազգային մրցույթներում շահած ձեր մրցանակները: Հայրենիքից ձեր հեռանալու պատճառը ո՞րն էր»: «Պատճառները տարբեր էին: 1990-ից բնակվում եմ Ամերիկայում: Երեւի հարկ չկա հիշեցնելու Հայաստանի այդ տարիների վիճակը: Ինձ չէր բավարարում համերգային կյանքը: Տարօրինակ զգացողություն ունեի՝ չէի զգում, որ պետք եմ այստեղ: Հավատացեք, աշխարհը այդքան էլ մեծ չէ: Բավարարված կզգամ ինձ, երբ Ամերիկայից օգնեմ հայաստանցի երաժիշտներին: Հաճախ եմ գալիս, հանդիպում ընկերներիս ու այցելում հորս գերեզմանը»,- պատասխանեց երաժիշտը: Հիշեցնենք, որ Ս. Բագրատունու հայրը Հայաստանում, ԽՍՀՄ-ում եւ արտերկրում ճանաչված ռեժիսոր Վահագն Բագրատունին է: Երեւանյան համերգի ծրագիրը պատահական չէ ընտրված: Ս. Բագրատունու խոսքերով՝ «Դվորժակի թավջութակի եւ նվագախմբի կոնցերտը իր տեսակով առաջինն է թավջութակի համաշխարհային գրականության մեջ, որը մարմնավորում է չեխ ժողովրդի լավատեսությունը, ինչը ցանկանում եմ նաեւ իմ ազգին»: Թավջութակահարը հուսով է, որ հայազգի մեծահարուստները, լսելով այս ստեղծագործությունը, «կանցնեն գործի»՝ ֆինանսական օժանդակություն ցույց տալով տաղանդավոր երաժիշտներին, նվագախմբերին. «Սա է կարգն աշխարհի: Պետական հովանավորությանը պետք է գումարվեն անհատների ներդրումները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել