Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Նոյեմբեր 12,2004 00:00

Օրեր
առաջ կազմակերպած «ԱրմենՏել»-յան շոուից հետո, երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցության
նախագահ Տիգրան Ուրիխանյանը մեղայականով հանդես եկավ: Հրավիրած մամուլի
ասուլիսում նա հերքեց «այն հրապարակումները, որոնք խոսում են պատգամավոր Սադոյանին
թակարդը գցելու մասին»: Ի հատուցումն մեղայականի՝ պատգամավորին նոր մեղադրանք ներկայացրեց.
«Երբ երկրի ընդդիմությունը սպառված է, երբ դաշինքի գործելակերպը գնալով ավելի է քննադատվում
եւ արժանանում բացասական գնահատականների՝ կորցնելով էլեկտորատը, Սադոյանի պես փորձառու
գործիչը կարիք է ունենում կտրուկ քայլեր ձեռնարկելու: Գտնում է առիթ, ընդգծված առանձնանում
ու սկսում հերթական անգամ միավորներ վաստակելու փորձեր անել, սակայն՝ վտանգելով երկրի,
Արցախի եւ ամբողջ հայության շահերը»,- ոգեւորիչ հայրենասիրությամբ խոսեց երիտասարդը:
Ասվածին ապացույց, անգամ ի ցույց դնելով իր տեղեկացվածությունը, մեջբերեց Ադրբեջանի
կապի նախարարության ղեկավարներից մեկի՝ «Էխո» թերթին տված հարցազրույցից մի հատված:
Դրանում, մասնավորապես, ադրբեջանցի պաշտոնյան խոսում է այն մասին, որ պետք է բողոքի
նոտա հղել Էլեկտրակապի միջազգային միություն այն մասին, որ Հայաստանն իր շուկա է
թողել մի կազմակերպության, որը գրանցված է եւ գործում է «օկուպացված տարածքում»:
Խոսքը, բնականաբար, «Ղարաբաղ Տելեկոմի» մասին է: Ադրբեջանցի պաշտոնյան կարծում է,
որ այդ իսկ պատճառով աշխարհի երկրները պետք է խզեն Հայաստանի հետ հեռահաղորդակցային
կապը: Տ. Ուրիխանյանի համոզմամբ, «ապօրինի մրցույթի» մասին մեր հարեւանները տեղեկացել
են «ժողովրդի ընտրյալ Արշակ Սադոյանի» հարցազրույցներից: Լրագրողների՝ «Հանուն
ստրատեգիական շահի պետք է աչք փակե՞լ անօրինականությունների դեմ» հարցն այդպես էլ
անպատասխան մնաց: Մինչդեռ ՀԱԿ-ը շարունակում է նշված ժամկետում, ապացույցներ չներկայացնելու
դեպքում, Սադոյանին սպառնալ դատախազությամբ՝ պետությանը վնաս հասցնելու մեղադրանքով:
Իսկ Սադոյանը այդ ամենը որակում է պատվերով համերգ. «Ընդ որում, պատվեր կատարողն
էլ չգիտի, թե ինչի մասին է խոսում: «Ղ-Տելեկոմին» ես ոչինչ չեմ ասում: Իսկ գիշերային
մրցույթին ուղղված իմ քննադատությունը եւ առաջարկը՝ OTE-ից միջազգային ելքի կապուղին
վերցնելը, նույնիսկ նպաստում է «Ղ-Տելեկոմի» հետագա գործունեությանը»,- ասում է Սադոյանը:
Առաջադեմ երիտասարդը ուլտիմատում ներկայացրեց նաեւ արդարադատության նախարարին.
«Ի՞նչ են նշանակում Դ. Հարությունյանի հայտարարությունները, թե այս հարցի շուրջ բաներ
կան, որոնք դեռ չեն հրապարակվում: Ես պահանջում եմ, որ նա շուտափույթ տա մեր երկրի
հասարակությանը բոլոր բացատրությունները, որ անմիջապես ներկայացնի բոլոր մութ եւ
չհրապարակված կողմերը»: Թե ի՞նչ «մութ» կողմերի մասին է խոսքը՝ «Ես կարող եմ միայն
ենթադրել, չեմ կարող ասել… մտավախություն ունեմ, միգուցե կան հանգամանքներ, որոնք
կարող են վնասակար լինել ՀՀ-ի համար»,- ասաց Ուրիխանյանը: Վերոբերյալ պահանջին ի
պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանն «Առավոտին»
փոխանցեց. «Հաշվի առնելով վերջին զարգացումները (նկատի ունի ԱԺ-ում տեղի ունեցած
պարզաբանում-երկխոսությունները)՝ համարում եմ, որ «մութ» կողմերի մասին թեման սպառված
է: Իսկ ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին՝ ինչպես եւ ծրագրված է,
ԱրմենՏել-OTE-ՀՀ կառավարություն բանակցող թիմը հասարակությանը կներկայացնի փոփոխված
լիցենզիայի մանրամասները՝ միայն բանակցությունների արդյունքներն ամրագրող փաստաթղթի
երկկողմանի հաստատումից հետո»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել