Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատվածները կդիմեն դատարան

Նոյեմբեր 12,2004 00:00

Կրճատվածները կդիմեն դատարան Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցում, ուր կրթություն են ստանում հենաշարժական համակարգի խախտումներ եւ մտավոր թերզարգացում ունեցող երեխաներ՝ տնօրենը ուսումնական տարվա սկզբին աշխատանքից ազատել է 8 ուսուցչի: Օպտիմալացված ուսուցիչները տնօրենի հիմնավորումներին (դասարանների չկոմպլեկտավորվելը) չհամաձայնելով, բողոքով դիմել են թե խմբագրություն, թե Ազգային ժողով, թե ԿԳ նախարարություն, եւ հիմա վիրավորված են նախարարության պատասխանից, որ մոտավորապես այսպիսին է՝ գնացեք, դիմեք դատարան: Հենց դա էլ ուսուցիչները պատրաստվում են անել: Ինչպես հաճախ է լինում հեռացված ուսուցիչների հետ, նրանք բողոքում են ոչ միայն իրենց հեռացումից, այլեւ տնօրենի այլ, իրենց կարծիքով՝ ապօրինություններից: Օրինակ, պնդում են, որ տնօրենը հոսանքի, ջրի եւ այլ ծախսերի համար պահումներ է անում աշխատավարձերից: (Տնօրենը «Առավոտի» հետ զրույցում հերքում է այս փաստը): Ըստ հեռացվածների, դպրոցում մնացած ուսուցիչների մեջ կան այնպիսիք, որ իրենցից ոչ պակաս թերբեռնված են, սակայն մնացել են դպրոցում: Իսկ ինչ վերաբերում է թոշակի տարիքի կրճատվածներին, ապա, ըստ այս ուսուցիչների, դպրոցում կա առավել մեծ տարիքի թոշակառու ուսուցիչ: Բողոքում նաեւ ասվում է, թե շատ ուսուցիչներ դասավանդում են՝ համապատասխան մասնագիտություն չունենալով, ինչպես նաեւ անձինք, ովքեր հաստիքացուցակի մեջ ընդգրկված են, սակայն դպրոց չեն գալիս: Բազմաթիվ այլ մեղադրանքների չենք անդրադառնում՝ տեղի սղության պատճառով: Տնօրենի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները մենք ներկայացրինք հենց իրեն՝ թիվ 17 դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանին: Եթե կարճ ասենք՝ տիկին Հարությունյանը, բնականաբար, ոչ մի մեղադրանք չընդունեց: Այսպես՝ դպրոցում, ըստ նրա, աշխատում են միայն համապատասխան մասնագետներ, իսկ եթե նրանք ոչ մասնագետներ են, ապա վերապատրաստված են՝ անհրաժեշտ ուղղությամբ: Տնօրենը անմարդկային է համարում, երբ շահարկվում են այս դպրոցն ավարտած եւ միջին մասնագիտական ուսուցում ստացած դաստիարակների անունները: Ե՛վ ուսումնական պրոցեսի խաթարման, ե՛ւ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին լուրերը, ըստ տնօրենի, տարածում են աշխատանքից ազատվածները միայն: Բողոքում հնչած տեսակետի մասին, թե դպրոցում, հաստիքացուցակի նմանությամբ, ուռճացված է ներկայացվում նաեւ ճաշացանկը, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Դրանք շաբլոն բառեր են, որոնք մեր դպրոցին հարիր չեն: Եթե դասացուցակում կա տվյալ առարկան, ուսուցիչը չի կարող դասամատյան չվերցնել եւ դաս չպարապել: Մի ժամանակ էլ շահարկվեց, որ դպրոցում սովորում են առողջ երեխաներ, սակայն մեր ամենաառողջ երեխաները գիշերամիզությամբ տառապող 2 երեխաներն են»: Մյուս դժգոհությունը, որ հարկ ենք համարում ներկայացնել, այն է, որ, ըստ ուսուցիչների, դպրոցին՝ միջազգային կառույցների կողմից տրամադրված համակարգիչները ծառայում են շրջապատի երեխաներին, որոնց համար համակարգիչների սենյակը վճարովի խաղերի ակումբի է վերածվել: «Վճարովի պարապմունքներ մեզ մոտ բացարձակ չկան»,- պարզաբանում է Ա. Հարությունյանը: Իսկ թե իրականում ինչ պայմաններում են սովորում հաշմանդամ երեխաները, կներկայացնենք առաջիկայում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել