Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՀՍԿԻՉՆԵՐԸ»

Նոյեմբեր 16,2004 00:00

Հայաստանյան
«պրարաբներին» կհաջողվի՞ նրանց խաբել Այն օրերին, երբ ողջ առաջադեմ մարդկությունը
«ուիքենդ» էր անում, մի խումբ եվրոպացի խորհրդարանականներ եկել էին Հայաստան՝ ստուգելու,
թե ինչ ջանասիրությամբ ենք մենք՝ հայերս, կատարում Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած
մեր պարտավորությունները: Նոյեմբերի 12-15-ը Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի
նախարարների կոմիտեի «Ագո»-ի խումբը հասցրեց հանդիպել մի շարք բարձրաստիճան անձանց
եւ զրուցել երկրի ընդդիմադիրների հետ: Խմբի այցելության մասին ԱԺ-ից եկած
պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ագո»-ի խմբի անդամ, դեսպան Ռոլանդ
Վեգեները ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է Հայաստանի
պարտավորությունների կատարումն ամբողջ ծավալով եւ երկրում քաղաքական համաձայնության
կայացումը, որը, ըստ դեսպանի, կնպաստի հակամարտությունների հաղթահարման համար բարենպաստ
մթնոլորտի ստեղծմանը: Դեսպանի կարծիքով, Հայաստանը մեծ աշխատանք է կատարել պարտավորությունների
կատարման ուղղությամբ: Արթուր Բաղդասարյանը իր հերթին նշել է, որ վերսկսելու է քաղաքական
կոնսուլտացիաները ընդդիմության հետ՝ գարնանային նստաշրջանում ընդդիմությանը ԱԺ դահլիճում
տեսնելու հեռանկարով: Ընդդիմությունն իր հերթին կրկնել է իր հայտնի տեսակետը, ըստ
որի՝ այս իշխանության հետ երկխոսության նախադրյալներ չկան, քանի որ իշխանությունները
որեւէ առաջընթաց չեն գրանցել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ
կեղծիքներ եւ ապօրինություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Շաբաթ օրը «Ագո»-ի խմբի անդամները հանդիպել են «Արդարություն» եւ «Ազգային
միաբանություն» խմբակցությունների անդամների հետ: «Արդարություն» խմբակցության նախագահ
Ստեփան Դեմիրճյանը մասնավորապես նշել է. «Մենք առաջ նայելով ենք պահանջում, որ մեղավորները
պատժվեն, հակառակ դեպքում մեր երկրում հնարավոր չի լինի անցկացնել արդար ընտրություններ:
«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունից ավելի կարեւոր է կեղծարարներին պատժելը: Անպատժելիությունը
նոր հանցանքներ է ծնում»: «Ազգային միաբանություն» խմբակցությունից հանդիպմանը
մասնակցում էին Գագիկ Կոստանդյանը եւ Կորյուն Առաքելյանը, որոնք, Արտաշես Գեղամյանի
փոխանցմամբ, բավականին հստակ հասկացրել են եվրոպական դիտորդներին, որ իշխանությունը
շարունակում է տեղեկատվական մեկուսացման քաղաքականությունը: Հասկանալի է, որ իբրեւ
ասվածի ցայտուն օրինակ՝ «ԱՄ» անդամները ներկայացրել են, որ իրենց կուսակցության նախագահ
Արտաշես Գեղամյանին ոչ միայն հեռուստաելույթի հնարավորություն չի տրվում, այլեւ նույնիսկ
վճարովի քաղաքական ելույթի միջոցով հնարավորություն չի տրվում եթեր հեռարձակել պարոն
Գեղամյանի եւ «ԱՄ» պատգամավորների հանդիպումները հասարակության հետ: «ԸՕ»-ի հետ կապված
«ԱՄ» ներկայացուցիչները հստակեցրել են, որ իրենք նախատեսված ժամկետներում առաջարկությունների
եւ դիտողությունների փաթեթ են ներկայացրել, սակայն. «Այդ ամենը, ինչպես եւ սպասվում
էր, հաշվի չի առնվել իշխող կոալիցիայի կողմից: Դրանով իսկ ակնհայտ է, որ կոալիցիան
շահագրգռված չէ, որ ընդդիմությունը մասնակցի ԱԺ նիստերին, եւ այն պնդումները, թե
պատրաստակամ են ընդառաջ քայլեր անել՝ հենց նույն «ԸՕ»-ի օրինակով հօդս ցնդեցին: Ուստի
խորհրդարան վերադառնալու մասին հարցը պետք է ուղղել կոալիցիային, ոչ թե ընդդիմությանը»,-
ասել են «ԱՄ» անդամները «Ագո»-ի խմբին: Կոալիցիայի ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ն,
ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, նաեւ՝ «Ժողպատգամավոր» խումբը, իրենց հերթին խմբին հավաստիացրել
են, որ կարեւորում են ընդդիմության վերադարձը խորհրդարան՝ գտնելով, որ ընդդիմության
հետ խորհրդարանն ավելի արդյունավետ կաշխատի: «Ագո»-ի խումբը հանդիպել է նաեւ
ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության հետ: Պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը
ներկայացրել է պարտավորությունների կատարման ընթացքը: Որոշ բաների հետ պատվիրակության
անդամ Շավարշ Քոչարյանը համաձայն չէր: Մասնավորապես, վարչական կալանքի հետ կապված
հարցում: Եթե հիշում եք, ԵԽԽՎ-ն պահանջել էր, որ վերջ դրվի վարչական կալանքին: Իսկ
մերոնք փորձաքննության են ուղարկել մի նախագիծ, որում վարչական կալանքը դարձյալ նախատեսված
է: Ընդամենը, որպես նորություն, նշվել է, որ պետք է երաշխավորված լինի դրա կիրառումը
միայն դատարանի որոշմամբ: Ստացվել է ԵԽԽՎ-ի պատասխանը՝ որ վարչական կալանքը պարտադիր
պետք է վերացվի: Շավարշ Քոչարյանի եզրակացությունը. «Սա այն դեպքն է, երբ փորձաքննությունը
օգտագործվում է որպես պարտավորությունը չկատարելու հիմնավորում: Կամ՝ հեռուստատեսություն
եւ ռադիո: Խոսք գնաց նրա մասին, որ հանձնաժողովի ձեւավորման խնդիրը նաեւ սահմանադրական
խնդիր է: Սակայն սահմանադրական բարեփոխումների փաթեթում նախատեսված չի, որպեսզի հանձնաժողովի
ձեւավորումը կատարվի խորհրդարանի միջոցով: Այսինքն՝ ռադիոյի եւ հեռուստատեսության
հանձնաժողովի ձեւավորումը կրկին թողնվում է նախագահին»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել