Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՆԵԼ ԵՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 1989-Ի ԱՃԸ

Նոյեմբեր 16,2004 00:00

Հայաստանի
անկախության պատմության մեջ առաջին անգամ այս միտումն արձանագրվել է 2005-ի պետական
բյուջեում, որի քննարկումները սկսվեցին երեկ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստում: Կառավարության բյուջետային ուղերձում նշված է, թե 2005-ի
տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու «հատկապես սակավ ապահով խմբերի
կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը, գործազրկության շարունակական
նվազեցմանն ու դեռեւս առկա սոցիալական եւ տնտեսական այլ հիմնախնդիրների լուծմանը»:
Այս առաջնահերթությունները հիմք դարձան 2005-ի բյուջեն եւս անվանելու «սոցիալական»:
Թեեւ վարչապետը հանձնաժողովների համատեղ նիստում նշեց, թե այս առումով 2005-ի բյուջեի
նախագիծն առանձնապես չի տարբերվում 2004-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթից՝ «իր տրամաբանությամբ,
իր ռազմավարական մոտեցումներով»: 2005-ի պետբյուջեով առաջին անգամ կրթության
համար նախատեսված ծախսերը գերազանցելու են պաշտպանության ոլորտի հատկացումներին:
Կրթությանը նախատեսվում է հատկացնել 55,399 մլրդ դրամ, իսկ պաշտպանությանը՝ 49,962
մլրդ դրամ: Ուսուցիչների աշխատավարձը 2005-ին նախատեսվում է հասցնել 50,5 հազար դրամի:
Ավելացվելու է նաեւ բժիշկների աշխատավարձը՝ ներկայիս 33,5-ի փոխարեն 37,5 հազար դրամ:
Անդրանիկ Մարգարյանը խոստացավ, թե մեծանալու են նաեւ համայնքներին տրվող հատկացումները:
Իսկ ընդհանրապես՝ առաջնահերթ համարվեց, որ փոքրանա ուժային ոլորտների եւ մշակութային
հաստատությունների աշխատակիցների վարձատրության միջեւ առկա բեւեռացումը: Ֆինանսների
եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն իր ելույթում նշեց, թե մտադիր են 2005-ի
վերջին աղքատությունը նվազեցնել՝ հասցնելով 38%-ը չգերազանցող մակարդակի: «Առավոտը»
հետաքրքրվեց՝ սա համարում է ցա՞ծր ցուցանիշ: «Իհարկե՝ ո՛չ,- պատասխանեց պրն Խաչատրյանը:-
Ես 1%-ն էլ եմ շատ համարում: Բայց ինչպես ասում են՝ ցանկությունների եւ հնարավորությունների
խնդիր կա: Մենք 2007-ի համար էինք նախատեսել, թե պետք է հասնենք 43%-ի մակարդակին:
Բայց արդեն 2003-ին հասել ենք 42,9%-ի, իսկ ծայրաստիճան աղքատությունը կազմում է
7%, որին պետք է հասնեինք 2013 թվականին: Ես չեմ ասում՝ շատ է կամ քիչ. ես խոսում
եմ կատարված աշխատանքի մասին, որ ավելի արագ տեմպերով ենք ընթանում, քան մեր ընդունած
ծրագրերն են»: Վարդան Խաչատրյանը հայտարարեց, թե շուկայական տնտեսության անցնելուց
հետո առաջին անգամ հանրապետությունը 7%-ով կգերազանցի 1989-ին արձանագրված աճի ցուցանիշները.
«Ըստ ամենայնի, Հայաստանը կդառնա հետխորհրդային տարածքի առաջին երկիրը, որը կգերազանցի
1989-ին գրանցված ՀՆԱ-ն»: Հետաքրքրվեցինք՝ այսինքն հերքո՞ւմ է, թե դրանից հետո էլ
է աճ եղել, թեեւ մասնավորապես Հրանտ Բագրատյանի կառավարությունը պակաս թվեր չէր ներկայացնում
տնտեսական աճի վերաբերյալ: «1989-ից հետո խորհրդային Հայաստանում ՀՆԱ-ի աճ չի եղել՝
մինչ 1994-ը եղել է միայն իջեցում,- ի պատասխան ասաց նախարարը:- Ես չեմ խոսում Բագրատյանի
ժամանակի մասին՝ 1995-ից սկսել է աճ: Բայց 2005-ին նո՜ր կհասնենք եւ կգերազանցենք
1989-ի աճը»: Այս քննարկման ընթացքում բազմիցս շեշտվեց, թե 2000-ից, այսինքն՝
Անդրանիկ Մարգարյանի վարչապետ նշանակվելուց հետո, գրանցվում է պետական եկամուտների
շարունակական աճ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ըստ վարչապետի՝ շարքային քաղաքացին այս
ցուցանիշների ազդեցությունը զգո՞ւմ է իր կենսամակարդակի վրա: «Իմ կարծիքով՝ անմիջականորեն
է զգում,- պատասխանեց պրն Մարգարյանը:- Քանի որ դրա հետեւանքով է, որ, ասենք, ուսուցիչների
աշխատավարձը 8-9 հազարից դարձավ 50 հազար, թոշակները 3 հազարից դարձան 9 հազար, բարձրացան
նպաստները ու նաեւ այլ ոլորտների աշխատավարձերը: Մենք կարողացանք իրականացնել ծրագրեր՝
խմելու ջրին կամ ճանապարհներին վերաբերող: Իհարկե, տեմպերով ես էլ բավարարված չեմ,
բայց միանգամից հնարավոր չէր բոլորի աշխատավարձը բարձրացնել կրկնակի կամ եռակի անգամ:
Ամեն դեպքում՝ կան էական փոփոխություններ այն իրական եկամուտների միջեւ, որ ստանում
էին 1998-2000-ին եւ կստանան 2005-ին. տարբերությունն արդեն զգալի է: Եվ փորձում
ենք անգամ հաշվի առնել սղաճի տոկոսը, որ բարձրացումները ոչ միայն փոխհատուցեն սղաճը,
այլ նաեւ փորձենք գնալ մեկ քայլ առաջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ.
Գ. Ի դեպ, եթե սկզբում բյուջետային քննարկումները բազմամարդ էին՝ վարչապետի հեռանալուց
հետո մնացին ընդամենը 7 պատգամավոր, որոնց հետաքրքրում էր մեր երկրի հաջորդ տարվա
գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել