Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչում

Նոյեմբեր 24,2004 00:00

Ճանաչում եմ, բայց չեմ ճանաչում Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանում լսվեց երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հայցն ընդդեմ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ): Հիշեցնենք՝ Ա. Սաղաթելյանը դիմել է ՀՀ ԲՈՀ՝ իր ՌԴ ԲՈՀ-ի կողմից ստացած դոկտորական վկայականի համարժեքության ճանաչման եւ հաստատման խնդրանքով, ինչը մերժվել է: Եվ հիմա Ա. Սաղաթելյանը դիմել է դատարան՝ ԲՈՀ-ի՝ մերժման մասին որոշումն անվավեր ճանաչելու հայցով: Մերժման որոշումը ԲՈՀ-ը կայացրել է իր ստեղծած մասնագիտական խորհրդի ուսումնասիրությունների արդյունքում: Միջանկյալ նշենք, որ հայցվոր կողմի հարցին, թե ինչ նորմատիվ ակտի հիման վրա է խորհուրդը Ա. Սաղաթելյանի հարցը մտցրել նիստ, մնաց անպատասխան: ԲՈՀ-ի իրավաբան Կարինե Մուրադյանը, իբրեւ մերժման հիմնավորում, փաստարկեց այն, որ ատենախոսության մեջ բերված գծագրերը գրագողություն են երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բեզիրգանովի աշխատություններից, չկա որեւէ հղում: Միչդեռ, հայցվոր կողմը ատենախոսության մեջ մատնանշեց արված հղումները՝ միաժամանակ ընդունելով, որ հղումը պատշաճ ձեւով չի արված (այսինքն՝ ոչ թե տողատակում է նշված, այլ տեքստի մեջ): Դատարանում ԲՈՀ-ի ներկայացուցիչն ընդունեց իր սխալն այն մասին, որ Բեզիրգանովը չի մասնակցել ատենախոսության ուսումնասիրություններին: Մինչ այդ ԲՈՀ-ը պնդում էր, թե Բեզիրգանովը ներկա է եղել ուսումնասիրություններին եւ հայտնել է իր բացասական կարծիքը, ապա հակառակը վկայող փաստաթուղթ ներկայացրեց հայցվոր կողմը: ԲՈՀ-ը հասել է նրան, որ թե՛ Բեզիրգանովը, թե՛ հանրապետության երկրաբանահանքաբանական գիտությունների երրորդ եւ վերջին մասնագետը՝ դոկտոր Ս. Գրիգորյանը, ոչ դրական կարծիք են ներկայացրել ատենախոսության վերաբերյալ: Ընդ որում, նույն Գրիգորյանը 1999-ին նույն ատենախոսության վերաբերյալ ճիշտ հակառակ կարծիք է հայտնել (մենք ունենք կարծիքների բնագրերը): «Այս պահին Գրիգորյանի 180 աստիճանով շրջվելը խոսում է զուտ ամբիցիաների մասին»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը: Սակայն դատարանում վիճարկվող խնդրի հետ այդ ամբողջ պատմությունն անմիջական կապ չունի: ԲՈՀ-ն ասում է, որ ինքը ճանաչում է ՌԴ վկայագիրը, սակայն չի ճանաչում վկայականի համարժեքությունը: Հայցվոր կողմն այս առիթով նշեց. «Ըստ ԲՈՀ-ի տրամաբանության, ստացվում է այսպես՝ ես ճանաչում եմ ձեր դիպլոմը, բայց չեմ ճանաչում ձեր կրթությունը: Այդ դեպքում անիմաստ է դառնում ՌԴ-ի հետ կնքած մեր համաձայնագիրը: Ինչո՞ւ ենք համաձայնագիր կնքել, եթե պետք է տարբեր մոտեցումներ լինեն»: Խոսքը ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի մասին է, որի 11-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում եւ ՌԴ-ում տրվող գիտությունների թեկնածուի եւ գիտությունների դոկտորի դիպլոմների, դոցենտի եւ պրոֆեսորի ատեստատների կատարվում են ՀՀ օրենսդրությամբ եւ ՌԴ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգի հիման վրա»: ՌԴ-ի կարգի համաձայն, Հայաստանում պաշտպանած թեկնածուն մեխանիկորեն թեկնածու է դառնում նաեւ ՌԴ-ում: Սակայն, ի տարբերություն ՌԴ-ի, մեր ԲՈՀ-ը մինչեւ այժմ օրենքով սահմանված կարգ չունի, եւ գործընթացներն իրականացնելիս հիշյալ դիպլոմների, ատեստատների համապատասխանեցման փոխարեն աշխատանքների վերաորակավորման գործընթացներ է նախաձեռնում: Հենց դա էլ նշանակում է, որ ՌԴ-ում պաշտպանած ատենախոսությունը Հայաստանում նորից պետք է պաշտպանվի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել