Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ

Նոյեմբեր 25,2004 00:00

Վատ լուրը մեր սրտո՞վ է «Երկրի խուճապային եւ խոցելիության աստիճանը բարձր է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արտակարգ իրավիճակների վարչության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: ԱՎՊ ներկայացուցիչը դա բացատրում է նրանով, որ ժողովուրդը միշտ հակված է հավատալ վատ լուրին (թեկուզ հավատալու հիմքեր չունի), առաջնորդվում է «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով, եւ երբեք չի հավատա հակառակ կարծիքին, որ, ասենք, երկրաշարժի մասին ոչ ոք չի կարող նախապես կանխատեսումներ անել, որ աշխարհում դեռեւս ստեղծված չէ մի այնպիսի սարք, որ ճշգրիտ «գուշակի» երկրաշարժի մոտալուտ վտանգը: Ն. Գրիգորյանը կարծում է, որ պետք է ուշադրություն դարձնել ժողովրդի հոգեկան վիճակի կայունության բարձրացմանը, ինչի համար նախ պետք է նրան հավաստի եւ օպերատիվ տեղեկատվություն հասցնել. «ով իրազեկված է՝ նա պաշտպանված է»: Այնտեղ, որտեղ տեղեկատվությունը հապաղում է, Ն. Գրիգորյանի խոսքով, առաջանում է խուճապն ու ասեկոսեն, ինչն էլ ահաբեկչության մի ձեւ է: Ն. Գրիգորյանը նշեց, որ ԶԼՄ-ները հաճախ առանց ճշտելու, ինչ-ինչ շահերից ելնելով, լրատվություն են տարածում՝ չմտածելով հետեւանքների մասին եւ տուրք տալով միայն սկանդալին: Մի խոսքով, պետք է հասնել նրան, որ տեղեկատվությունը հիմնված լինի փոխադարձ վստահության վրա, ինչպես, ըստ պրն Գրիգորյանի, Նոյի եւ Աստծո պարագայում էր՝ Նոյը չլքեց տապանը՝ մինչեւ չստացավ Աստծո «դաբրոն»: Պրն Գրիգորյանը նաեւ կարծում է, որ այսօր մեր ժողովրդի զգոնությունը բթացած է: Ոչ ոք չի օգտվում պաշտպանական միջոցներից, ասենք՝ հակահրդեհային սարքերից (թեպետ շատ շենքերում դրանք չեն էլ գործում). «Մարդկանց թվում է, թե դա բոլորին կօգնի, բայց ոչ իրեն», կամ՝ «ինչ լինելու է, կլինի՝ դատապարտվածության զգացողություն է մարդկանց մեջ»: Ինչ վերաբերում է ահաբեկչական գործողություններին, որ վերջերս մոդայիկ է դարձել հատկապես դպրոցների շրջանում, ապա, Ն. Գրիգորյանի կարծիքով, լավագույն կանխարգելումը բացահայտումն է, ինչն էլ, ըստ նրա, իրավապահ մարմիններին հաջողվում է: Ն. Գրիգորյանը նշեց, որ լրատվությամբ վթարային շենքերի մասին թվեր հրապարակելը չի խրախուսվում, բայց, այնուամենայնիվ, հրապարակեց կոնկրետ թվեր: Այսօր մայրաքաղաքում 48 շենք ենթակա է քանդման, 25-ը 4-րդ կարգի վթարային են, 34-ը՝ 3-րդ կարգի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել